четверг, 17 января 2013 г.

Անցած Քարվաճառի հետքերով մի անլույս երեկոյան


Լույսերն անջատել են. ինչպես պարզվեց, լույս չկար ամբողջ Արցախում. հիմնական էլէկտրալար էր վնասվել: Նստել ենք վառարանի մոտ, թեյ ենք խմում` մոմի լույսով մի կերպ իրար դեմք տեսնելով: Եւ ինչպես միշտ, երբ լույսն անջատում են, հիշվում են մութ ու խավար տարիները: Ես այդ տարիներն աղոտ եմ հիշում, աղոտ մոմի լույսի պես:

Հնաբնակ քարվաճառցիները հիշում են նոր տեղափոխված տարիները. առաջին տարիներին Քարվաճառում միշտ էսպես էր: Ով մոմ ուներ, նա հարուստ էր, ով կարողանում էր լամպ վառել, նա հարուստ էր: Ժամանակներ են եղել, որ մարդիկ ռետինե խողովակներ են վառել` լույս ստանալու համար:

Աշխատանք չկար, եթե տնից մեկն աշխատում էր, ուրեմն արդեն ապահովված ընտանիք էր. եթե տանը հաց կար, կոնֆետ կար, ուրեմն այդ ընտանիքը հարուստ էր, հիշողությունների հետեւից գնում է 1999-ից Քարվաճառում ապրող երիտասարդներից մեկը… 

Պատմություններ է հիշում անցած-գնացած Քարվաճառից, պատմություններ, որ արդեն լեգենդի են նմանվում, ու հերոսներն էլ` չես հասկանում` իրական են, թե կիսահորինած…

Դուրս եմ նայում պատուհանից. մութ, քամի, ցուրտ… պատկերացնում եմ 90-ականների վերջի Քարվաճառն, ու մի անորոշ զգացողություն է պարուրում…

Լույսը միացնում են. հեռախոս, համակարգիչ, համացանց, ամեն ինչ միանում է, ուտելիք կա, տանը ցուրտ չի…

Քարվաճառն օրինաչափորեն զարգանում է: