суббота, 21 сентября 2013 г.

Անկախության իմ բաժինն ու պատասխանատվությունը

Անկախություն. հպարտություն ու պատասխանատվություն. թե´ պետական, թե´ անձնական: Անկախ ենք, ուրեմն մենք ենք մեր գլխի տերը:

Հենց իմ սերունդն է անկախության սերունդը: Ես դպրոցական տարիներից մեր տանը  եղած ռուսական անհամար գրքերի կողքին սկսեցի ավելացնել հայկական գրքեր, հայ հեղինակներին: Ես սկսեցի մեր տուն անկախություն բերել հայոց գրքերով, հայկական երգերով ու հայրենիքի հանդեպ պատասխանատվությամբ: 

Իմ սերունդը պատասխանատու է անկախության համար, քանի որ այն մեզ է վստահվել:
Ազատ Քարվաճառն ու անկախությունն ինձ համար իրար կապված են: Ինչպես մի խելացի մարդ մի օր զրույցի ժամանակ ասաց, Քարվաճառը հայոց պետականության ողնաշարն է:

Ես ընտրել եմ հայոց պետականության ողնաշարն իմ կարողացածի չափով ամրացնելու ու անկախության համար Քարվաճառում պատասխանատու լինելու տարբերակը:

Այս տարի հայրենիքիս ծնունդը ես նշեցի կիսավեր ու վաղվա օրվան հույսով նայող գողտրիկ Քարվաճառում:
Մեր մոտ հրավառություն չեղավ, համերգ չեղավ, տոնակատարություն չեղավ:

Անկախությունս ամուր ու ամրացած կլինի այն օրը, երբ վերականգնված, վերաբնակեցված ու Հայաստանիս լիիրավ ու լիարժեք մաս կազմած Քարվաճառն էլ լիաթոք կնշի Մայր Հայաստանի անկախության տարեդարձն ու իրեն մեկուսացած չի զգա…


Ծնունդդ շնորհավոր, միակ Հայաստանս: 

воскресенье, 1 сентября 2013 г.

Մի օր մշակութային Երեւանում կամ ի՞նչն է պակասում Քարվաճառում

Անցնող շաբաթվա աշխատանքային օրերից երեքն անցկացրի Երեւանում: Գործերն, իհարկե, շատ էին, ինչպես սովորաբար լինում է, երբ ծայրամասային տարածքում ապրող մարդը կարճ ժամանակով լինում է մայրաքաղաքում:

Քարվաճառում անցակցրած ժամանակ օրվա մեջ շատ հաճախ եմ մտածում. «Երեւանում լինեմ, կճարեմ/կգնեմ/կբերեմ այսինչ բանը»: Բայց որ ավելի հաճախ եմ մտածում` Երեւանում լինեմ` կգնամ թատրոն/թանգարան, ցուցահանդես… Քարվաճառում կարդում եմ, որ այսինչ թանգարանում բացվել է այնինչ ցուցադրությունը, ու բաց կլինի մինչեւ այսինչ օրը, այս ներկայացման պրեմիերան ամսվա սկզբին է, մյուսինը` վերջին… Ու այդպես շարունակ: 

Նշածս երեք աշխատանքային օրերից մեկը ես ու ամուսինս նվիրեցինք մշակութային Երեւանին: Երեւի թե շատերդ տեղյակ եք, որ Երեւանի քաղաքապետարանը օգոստոս ամսին Երեւանի փողոցներում տոմսեր էր բաժանում, որոնցով կարելի էր ամբողջ օգոստոս ամսվա ընթացքում այցելել մի քանի թանգարաններ: Դրանք են Երեւանի պատմության, Ժամանակակից արվեստի, Էրեբունի թանգարանները եւ Հայ-արտ ցուցասրահը: Կարծում եմ` ոչ մի թանգարան չմոռացա: Մեր տանն էլ կային այդպիսի տոմսեր, եւ մենք այցելեցինք Էրեբունի թանգարան եւ Ժամանակակից արվեստի թանգարան:

Էրեբունիում էլի էի եղել, բայց մեկ անգամ եւս անցյալին հաղորդակցվելը, հազարամյա հնության իրեր տեսնելն ու մեր ազգի անցած ուղու մասին մտածելը երբեք չի խանգարում:
Հազարամյակների պատմությունից հետո Ժամանակակից արվեստի թանգարանում հանդիպեցինք մերօրյա մտորումներ ու խոհեր, հաղորդակցվեցինք Գ. Խանջյանին ու Մինասին… Բացի հայ նկարիչների ու քանդակագործների աշխատանքները դիտելը թանգարանի մյուս սրահում դիտեցինք նաեւ արտասահմանյան ժամանակակից արվեստագետների տարբեր աշխատանքներ: Հենց թանգարանում եղած պահին Մշակույթի նախարարությունից նամակ եկավ, որ օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 1-ին հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում կանցկացվեն մշակութային միջոցառումներ… Դրանց ես արդեն չէի կարող մասնակցել J

Դեռեւս հուլիս ամսվա մեջ բլոգումս գրառում էի արել, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվում է Հարություն Կալենցի «Գույնը ձեւի մեջ» ցուցահանդեսը: Հիշում էի, որ ցուցադրությունը երկար է տեւելու: Գնացինք Գաֆէսճեան արվեստի կենտրոն, պարզվեց, որ իրոք դեռ կարող ենք դիտել: Դե այս արվեստի կենտրոնի ճաշակն ու մոտեցումը ինձ միշտ էլ շատ է դուր եկել: Այստեղ միշտ ամեն ինչ նրբաճաշակ է ու մի տեսակ բարեկիրթ: «Գույնը նկարչության գագաթն է», ողջունում են այցելուին Կալենցի խոսքերը: Գունավոր, պայծառ ու ներդաշնակ Կալենցը թարմ մտքեր է հաղորդում ու մի տեսակ վեր բարձրացնում առօրյայից, տանում է իրականի ու անիրականի սահմանին ու թողնում է, որ դու ինքդ մտածես ու որ ավելի կարեւոր է` զգաս…

Թանգարանային այցելությունների ընթացքում հասցրինք նաեւ երկու գրախանութ մտնել ու երկու գիրք գնել` Փափազյանիս ու Հենրիկ Մալյանի մասին:

Երեւանում ապրելուս տարիներին այս ամենն այնքան բնական էր, որ ես սրա մասին այսքան երկար չէի գրի: Իսկ Քարվաճառում ինձ օդի պես պակասում է մշակութային մթնոլորտը, այդ «վերը», «ուրիշը», այդ մի փոքրիկ տարածությունը, ուր օդի մեջ արվեստ կա, ուր դու ու շրջապատիդ մարդիկ ավելի բարի եք, ավելի երկնային, ավելի սիրուն, ավելի մտերիմ…

Վանաձորում էլ կան այդպիսի վայրեր /իմ համար, օրինակ, դա Տիկնիկայինի շենքն է, դրամատիկ թատրոնը, Զորյանի տուն-թանգարանն ու Սբ. Սարգիս եկեղեցին/, Գյումրիում էլ /չնայած Գյումրին ինձ համար տեղով մշակույթ է/….իսկ Քարվաճառում չկա… բայց պիտի լինի, որ երեխաները մի քիչ, թեկուզ մի կաթիլ «վեր» ու «այլ» ունենան իրենց մեջ, որ հետո ամբողջ կյանքում դրա հետեւից գնան, փնտրեն ու իրենց մեջ մի կաթիլ երազ ու հրաշք պահեն…

Հա, ու ասեմ, եթե մի էդպիսի գողտրիկ արվեստանոց ունենանք Քարվաճառում, էլ մեզ հասնել չի լինի….


Թամարա Գրիգորյան