понедельник, 18 ноября 2013 г.

«... բայց ահա կինոյի օդ, կինոյի մթնոլորտ չկա...»

Գուցե ես չկարողանամ բացատրել, հաստատ ընդունակ չեմ ապացուցելու, բայց ինձ թվում է, որ մեր այս հոյակապ մայրաքաղաքում այսօր բացակայում է կինոյի օդը, կինոյի մթնոլորտը… Ես հավատում եմ, որ հայկական կինոպրոկատը կատարում է իր պլանները (մեր մեջ ասած` բոլորովին էլ չի կատարում), կինոյի տոմսարկղերի մոտ ես հաճախ մեծ աշխուժություն եմ տեսնում (նույնիսկ խուլիգանության հասնող), այլ խոսքով ասած` հաճախումների հարցը կինոյում երեւի թե անհրաժեշտ մակարդակի է հասնում… բայց ահա կինոյի օդ, կինոյի մթնոլորտ չկա…

Ես կարոտ եմ այս օդին, կարոտ եմ, քանի որ իմ պատանեկության տարիներին այն քաղաքում, ուր ապրում էի, իսկ դա Թբիլիսին էր, այդ օդը, ազնիվ խոսք, կար, կար մի տաք, շատ տաք երեկո, ամառային կինոդահլիճներից լսվում էին հնչյունային կինոնկարի խորհրդավոր, սիրտ պատռող ճիչերը, Չապաեւի, Պեպոյի, Սուլիկոյի վարակիչ ինտոնացիաները… Փողոցներում անցուդարձ էին անում կինո շտապող կամ կինոյից անշտապ վերադարձող, կինոյի հերոսների շնչից շատ ու շատ դժվար անջատվող կինոհանդիսատեսները, գնում էին իրենց տներն ու պատշգամբները եւ փողոցի մի մայթից մյուսը, մի պատշգամբից մյուսը, ոգեւորված պատմում էին իրար, թե ինչպես Պեպոն փողերը շպրտեց Զիմզիմովի երեսին, թե ինչպես Պետկան կրակեց եւ ասաց. «Тише, Чапаев думать будет», թե ինչպես Նատա Վաչնաձեին համբուրելու համար մի վաճառական 100.000 ռուբլի նվիրաբերեց… Այդ օդը հիմա բացակայում է մեր քաղաքում, հավանաբար բացակայում է նաեւ այն քաղաքում, որի մասին խոսում եմ, գուցե այդ օդը բացակայում է նաեւ աշխարհի բոլոր քաղաքներում եւ… ափսոս…

Ափսոս, քանի որ մարդիկ անվերջանալի մի տոնակատարության մեջ էին ապրում, մի տոն, որ կոչվում էր կինո:

Չգիտեմ` ճարտարապետությու՞նն է պատճառը, որ մարդիկ անջատվեցին միմյանցից, թե՞ անիծյալ անգլիական կողպեքը (որն ավելի հաճույքով փակվում է, քան` բացվում), թե՞ տեխնիկայի մեծագույն նվաճումը` հեռուստացույցը, բայց մարդիկ փակվեցին իրենց տներում, հանդիսատեսը հիմա ծուլորեն է գնում կինո, վազքով է գնում կինոյից դեպի տուն, ծանոթի հետ կիսվելու րոպեներ չունի, եւ իհարկե, կինոմթնոլորտին փոխարինելու է եկել ուղղակի -3 կամ +30 ջերմաստիճանը քաղաքում…

Ես չգիտեմ` մեր պատմությու՞նն է պատճառը, թե՞ աշխարհագրությունը, բայց ազգայինի հարցը հայկական կինոյում շատ ավելի է կրքեր բորբոքում, քան թե հարեւան մյուս ազգությունների մոտ…

Մեր ստեղծագործողների մի մասը կուրծք է ծեծում եւ հերքում ազգային կինոյի հասկացությունն առհասարակ…

Ստեղծագործողների մյուս մասը նույնպես կուրծք է ծեծում եւ պնդում այդ հասկացության օրինականությունը:

Մինչդեռ, հավանաբար, կուրծք ծեծելու հարկ բոլորովին էլ չկա…
Ուղղակի ավելի լավ կլիներ, որ յուրաքանչյուր արվեստագետ փորձեր անկեղծորեն արտահայտվել:

Առանց ավելորդ ճիգերի ու ծամածռության` փորձեր ստեղծել, ստեղծագործել…


 Հենրիկ Մալյան, «Երկխոսություն երրորդի համար», Երեւան, 2010, էջ 88-90