воскресенье, 31 августа 2014 г.

Ծմակահողի ֆենոմենը

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում առաջին անգամ եղել եմ այս տարի, հուլիս ամսին, «Արցախ Barcamp» ծրագրի ժամանակ: Այս տարի Արցախ Barcamp-ն անցկացվեց հենց Ծմակահողում' հաշվի առնելով գյուղի մի շարք հատկանիշներ:
Բացի վերը նշված միջուցառումը, ավելի վաղ, 2013 թ. հուլիսի 14-21 Ծմակահողում անց է կացվել «Բարդ ֆիզիկական եւ կենսաբանական համակարգերի մոդելավորման տեխնոլոգիաները» թեմայով ամառային գիտական դպրոց-սեմինարը: Վերջինիս կազմակերպիչներն էին Երեւանի պետական համալսարանը, Արցախի պետական համալսարանը, ԼՂՀ Մշակույթի եւ երիտասարդության նախարարությունը, Armsoft ընկերությունը եւ Ծմակահողի համայնքապետարանի աշխատակազմը: Բացի գիտական թեմաների ներկայացումն ու քննարկումը, ծրագրի մասնակիցները նաեւ հնարավորություն են ունեցել այցելել Արցախի մի շարք տեսարժան վայրեր, լինել Շուշիում, Գանձասարում, Կաչաղակաբերդում, Դադիվանքում:
Ծմակահողում անցկացված այլ ծրագերի եւ փոքրիկ գյուղի զարգացման հնարավորությունների, Ծմակահողի ֆենոմենի մասին ամբոջական նյութը կարդացեք այստեղ

четверг, 28 августа 2014 г.

Աշոտ Մարգարյան. «Արցախը հնարավորությունների երկիր է»

«Մեր արտադրության մեջ հիմնական խնդիրը ապրանքի սպառումն ու նոր շուկաների ընդլայնումն է», պատասխանելով արտադրության կազմակերպման ընթացքում հանդիպող հիմնական խոչընդոտների մասին հարցին' ասում է «Woodpeckers» (Փայտփորիկներ) ծրագրի հիմնադիր Աշոտ Մարգարյանը: Վերջինս Լոնդոնի համալասարանական քոլեջի շրջանավարտ է և ներկայումս բնակվում է Արցախում:
Ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ փայտե խաղալիքների պատրաստմանը մասնակցում են նաեւ երեխաները' հանդիսանալով ծրագրի ստեղծագործական մասի հիմնական ուղղորդիչները:
Ըստ Աշոտի, Արցախում որեւէ ծրագիր կյանքի կոչելուց առաջ նախ պետք է շուկայական հետազոտություն իրականացնել, գնահատել պահանջարկի մակարդակը, ծանոթ լինել արտահանման պահանջներին, ինչպես նաեւ հասկանալ, թե ինչպես պետք է կազմակերպվի արտահանումը դեպի հայկական սփյուռք եւ ընդհանրապես արտերկիր:

«Woodpeckers» նախաձեռնության իրականացրած ծրագրերի մասին ամբողջական նյութը կարդացեք այստեղ

вторник, 26 августа 2014 г.

Նարինե Աղաբալյան. «Մեր կարող ուժը, մեր ստեղծագործողն ու արարողը մեր երիտասարդներն են»

«Արցախ երիտֆորում» ծրագիրն իրականացվում է 2011 թ.-ից: Ծրագրի նպատակն է համախմբել երիտասարդներին եւ խրախուսել նախաձեռնողականությունը հատկապես գյուղական համայնքների երիտասարդների շրջանում»: Օրերս Քարվաճառում տեղի ունեցած «Արցախ Երիտֆորում 2014» ծրագրի ընթացքում Times.am- ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Ըստ տիկին նախարարի, մեր ոգին ու մեր երիտասարդությունը մեր կարեւորագույն ռազմավարական ռեսուրսներն են, եւ այդ ոգին պիտի մշտարթուն լինի:
«Մեր կարող ուժը, մեր ստեղծագործողն ու արարողը մեր երիտասարդներն են»,  ընդգծեց Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարն ու հավելեց, որ ցավոք, նրանցից շատերն այսօր սպասողական վիճակում են: «Եթե անգամ կան ինչ-որ գաղափարներ, իրենք դժվարանում են կատարել առաջին քայլը, չգիտեն, թե ինչից է պետք սկսել: Եւ կարիք կա երիտասարդներին ուղղորդելու»: Երիտասարդներին ակտիվացնելու նրանց նախաձեռնողականությունը զարգացնելու նպատակով էլ Մշակույթի եւ երիտասարդության նախարարությունն սկսել է իրականացնել «Արցախ-երիտֆորում» ծրագիրը:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երիտասարդների մեծ մասն ընդհանրապես տեղյակ չի պետության կողմից իրականացվող ծրագրերի մասին, մենք որոշեցինք նաեւ այս ձեւաչափն օգտագործել` նրանց այդ մասին տեղեկացնելու համար: Եւ մենք ամեն անգամ հրավիրում ենք տարբեր ոլորտներից մասնագետների, նրանք ներկայացնում են կոնկրետ իրենց ոլորտը եւ պատասխանում են հենց երիտասարդներին հետաքրքրող հարցերին», նշեց նախարարն ու ընդգծեց, որ ծրագիրն արդյունավետ է: «Տարիների փորձը ցույց է տվել, որ արդյունավետ մոդել է, եւ արդեն մեր ծրագրի արդյունքում ի հայտ ենք բերել մի շարք երիտասարդների, ովքեր իրենց համայնքներում զարգացման ծրագրեր են իրականացնում»: 

Արցախի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության իրականացրած այլ ծրագրերի, Արցախի գյուղական համայնքներում մշակութային կյանքի զարգացման, մշակութային Արցախն աշխարհին ներկայացնելու մասին ամբողջական նյութը կարդացեք այստեղ

пятница, 15 августа 2014 г.

«Պատրիա»-ն օժանդակում է Շահումյանի շրջանի երեխաներին

ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում գործող «Պատրիա» բարեգործական հիմնադրամը օգոստոսի 12-14-ը օգնություն է տրամադրել Շահումյանի շրջանի մինչեւ 14 տարեկան այն երեխաներին, ովքեր միակողմանիորեն կամ երկկողմանիորեն զրկված են ծնողական խնամքից: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց հիմնադրամի տնօրեն, Քարվաճառ քաղաքի բնակչուհի Ռոզա Սերոբյանը, օգնությունը տրամադրվում է հագուստի կամ սնունդի տեսքով, ըստ նպատակահարմարության: 

«Այս անգամ օգնութոյւն ենք տրամադրել 28 միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին շրջանի Քարվաճառ, Նոր Գետաշեն, Նոր Մանաշիդ, Չարեքտար, Նոր Կարաչինար, Քնարավան, Նոր Խարխափուտ եւ Զուար համայնքներից: Շրջանի մյուս համայնքերում նշված խմբին պատկանող երեխաներ չկան», պարզաբանեց Ռոզա Սերոբյանը: Բարեգործական հիմնադրամի տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ դպրոցահասակ երեխաներին անպայման տրամադրվում է հագուստ գալիք ուսումնական տարուն պատրաստ լինելու համար, իսկ ավելի փոքր տարիքի երեխաների ընտանիքներին օժանդակությունը հասնում է սնունդի տեսքով:

Չարեքտար համայնքում ապրող մի ընտանիքի համար, որտեղ կան միակողմանի ծնողազուրկ չորս երեխաներ, կազմակերպությունը գնել է մի հորթ: Ռոզա Սերոբյանը հույս հայտնեց, որ հորթն ընտանիքի համար հետագայում եկամտի աղբյուր կդառնա:
Տեղեկացնենք, որ «Պատրիա» բարեգործական հիմնադրամը սկսել է գործել 2014 թվականի մարտի հինգից Քարվաճառ քաղաքում:

Կազմակերպության անվանումը լատիներենից թարգմանաբար նշանակում է հայրենիք:
Կազմակերպության հիմադիր եւ տնօրեն Ռոզա Սերոբյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր կազմակերպության նպատակները:

«Բարեգործական կազմակերպությունը հիմնելիս նպատակ ենք ունեցել նպաստել ԼՂՀ Շահումյանի շրջանի բնակչության կենսապայմանների համակողմանի բարելավմանը` տարբեր ուղղվածության բարեգործական ծրագրեր ու նախաձեռնություններ իրականացնելու միջոցով», ասել էր նա:

Կազմակերպությունն իր առջեւ խնդիր է դրել նաեւ շրջանի բնակիչների հետ մշտական փոխադարձ կապ պահպանելու միջոցով տեղեկանալ նրանց ընտանեկան եւ համայնքային հրատապ խնդիրներին եւ հնարավորինս աջակցել դրանց լուծմանը: Բնակիչներին օգնելու գործընթացին կարող են ներգրավվել նաեւ շահագրգիռ այլ անհատ անձինք ու կազմակերպություններ:

Բարեգործական ծրագրերն իրականացվում են բարերարի հովանավորությամբ, ում անունն առայժմ Ռոզան նշել չցանկացավ: Նշված օժանդակությունն առաջին ծրագիրն է, որ իրականացվում է կազմակերպության կողմից:

«Պատրիա»-ն առաջիկայում կիրականացնի հիմնականում սոցիալական ծրագրեր` նպատակ ունենալով թեթեւացնել շրջանի բնակիչների հոգսերն ու նպաստել տարածքի զարգացմանը:                                                 

Թամարա Գրիգորյան