среда, 21 ноября 2012 г.

«Վերինշենի տարածքը, դիրքը նման են Բանանցին». այցելություն Վերինշենի վարպետ Մարտիրոս Չալումյանին


Վարպետ Մարտիրոսի տունը Քարվաճառի շրջանի Նոր Վերինշեն գյուղում բոլորին է հայտնի: Տունն առանձնանում է մաքուր, բարեկարգ բակով ու յուրահատուկ ոճային ձեւավորմամբ: Դեռ տուն չմտած' պարզ է, որ վարպետի տուն ես եկել:
«Երբ որ եկա այս տարածք, Վերինշեն գյուղն առհասարակ գոյություն չուներ: 98 թիվն էր, Աբովյան քաղաքում էի ապրում, տուն չկար, արդեն երեք երեխա ունեի, պիտի առանձնանայի: Մի տան մեջ երկու ախպեր, էրեխեքով արդեն շատ էինք: Համ էլ ես գյուղը շատ եմ սիրում, գյուղի գործը, քաղաքում չէի կարում մնամ», պատմում է Մարտիրոս Չալումյանն ու իր ձեռքով աճեցրած մուսկատ խաղող է հյուրասիրում. էլ ի՞նչ բանանցեցի, որ խաղող չաճեցնի:
Վարպետ Մարտիրոսը ծնվել է Հյուսիսային Արցախի Բանանց գյուղում: Գյուղի հայաթափումից ու գրավումից հետո ինքն էլ իր համագյուղացիների նման բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում:
Սակայն քաղաքում չի կարողացել երկար ապրել: «Էս հողը որ ազատագրվել է, պիտի բնակեցվի, հասկանու՞մ ես: Թե չէ էլ ինչի՞ էր ազատագրվում»: 98-ին եկել է, շրջել ամբողջ Քարվաճառի շրջանն, ու ապագա Նոր Վերինշեն գյուղի դիրքն իրեն ամենից շատ է դուր եկել:
«Երբ եկա Քարվաճառ, մոտավորապես քսան տուն կար, ինձ ասեցին' որ տունն ուզում ես ընտրիր, ընտանիքդ վերցրու, արի: Չնայած քաղաքի ձեւ չուներ, բայց դե ամեն դեպքում քաղաք էր Քարվաճառը: Ասեցի' չէ, ես գյուղում եմ ուզում, ասեցին' դե որտեղ ուզում ես, սարքիր քո տունը: Էս ամբողջ տարածքը նայել էի, ինձ ամենաշատ էս գյուղի նստվածքը դուր եկավ: Անասուն պահելու համար հեշտ ա, արոտավայրեր կան: Երբ որ ես սկսեցի տուն սարքել, դրանից մի-երկու ամիս հետո նոր շինարարներ եկան, սկսեցին տներ սարքել»: Ապագա գյուղի տարածքում 1998-ին ոչինչ չի եղել: «Ջահելությունը միայն կինոներից է պատկերացնում, թե պատերազմից հետո ոնց ա լինում: Մի նորմալ տուն չկար, լրիվ ավերակներ էին: Ջուրը գետից էինք վերցնում, Թարթառը մաքուր գետ ա: Լույս չկար, ես մի շիշ էի վերցնում, կանգնում էի փողոցում, երբ մեքենա էր անցնում, մի քիչ վառելիք էի վերցնում: Մի քանի ամիս էդպես եմ լամպ վառել»: Իսկ այ ուտելիքի հարցում վարպետ Մարտիրոսը շատ նեղություն չի կրել: «Սկզբի ժամանակ որս էի անում, տանը մսի պակաս չկար», պատմում է նա ու ասում, որ որսորդության հանդեպ սերն իրեն անցել է մորական պապից: «Մորական պապս լավ դարբին է եղել ու լավ որսորդ: Դե եթե որսորդ է եղել, պարզ է, որ ուտող-խմող մարդ ա եղել. դա մի պապիցս եմ ժառանգել»: Իսկ քարի, փայտի, երկաթի հետ հրաշքներ գործելն անցել է հիմնականում հայրական կողմից: 
«Հորական կողմի գեների մեջ եղել է նկարչությունը: Նախնիներս արվեստի ու արհեստի հետ մոտիկ են եղել»: Իսկ իր հայրենի գյուղում առհասարակ վարպետներ շատ են եղել. Բանանցը գյուղ է եղել, բայց այնքան շատ վարպետներ են եղել, որ կոչվել է Արհեստավորաց քաղաք:
Հայրենի քաղաքի հուշերը Մարտիրոսին տանում են հեռու. «Տներն ամբողջովին պարսպապատ էին: Մի տուն մտնելու համար երբեմն պետք էր երկու կիլոմետր պտտվել», կարոտով հիշում է վարպետն ու ցույց է տալիս հայրենի Բանանցի լուսանկարները: «Վերինշենի տարածքը, դիրքը, անտառները, լեռները նման են Բանանցին, դրա համար որոշեցի էստեղ մնալ, կարոտություն շատ չեմ քաշում, բայց դե ծննդավայրն ուրիշ է…»
Մարտիրոսը Չալումյանը շատ է կարեւորում է տարածքի հայացումը: «Դե, եթե համեմատենք 98-ի հետ, հիմի էստեղ դրախտ ա: Բայց հինգ-վեց տարի ա' շրջանում տուն չի կառուցվում, միայն բազմազավակների համար ծրագիր կա: Ցանկացողներ շատ կան, որ գան, ուղղակի տներ չկան: Մարդիկ էլ կան, որ երեխաները մեծացել են, ամուսնացել են, պիտի առանձնանան, տուն չկա: Իմ տղու համար կարողացանք դասավորել, որ առանձին ապրի, չնայած ես չէի ուզում, որ առանձնանա: Իմ աչքը տեսել է, որ իմ հայրական գյուղում' Բանանցում, ամբողջ գերդաստանը մի բակում էր ապրում, մի ընտանիքը մի թաղամաս էր զբաղեցնում, բայց հիմիկվա ջահելներն ուրիշ կերպ են մտածում»: Հայրենի գյուղի սովորույթներն ինքն այստեղ էլ է շարունակում: Բանանցում ինքը թվագրում էր խաչքարերը, հայկական գերեզմանները, մասնակցում պեղումների, հնագիտական մեծ նշանակություն ունեցող իրերն ուղարկում էր Երեւանի պատմության թանգարան: Բնակություն հաստատելով Նոր Վերինշենում' կրկին ուշադիր է տարածքի նկատմամբ: Տարածքից գտել ու իր բակում պահում է խաչքարերի ու տապանաքարերի պատառիկներ, որոնք թուրքերն օգտագործել են որպես շինանյութ' տներ, բակեր, աստիճաններ կառուցելու համար: Խաչքարի երկու կտոր գտնելով տարբեր վայրերից' բերում ու իրար կողքի է դնում, պահում իր բակում: 
Բակի բարեկարգությանը հետեւում է նաեւ փոքրիկ Մարտինը, ով մի փայտի կտոր ձեռքին վազում է կովերի հետեւից ու քշում դրանց, որ բակի վարդերը չուտեն: Երկու տարեկան թոռնիկն արդեն կանգնում է պապիկի կողքին ու դիտում նրա աշխատանքը, ձեռքն էլ հենց մատիտ է ընկնում, սկսում է նկարել: Պապիկը նրա մեջ տեսնում է իրեն շարունակողին ու հանգիստ է…
Տա Աստված, վարպետ Մարտիրոս, որ տեսնեք Ձեր հայրենի Բանանցի ազատագրումն, ու Ձեր աչքերի կարոտն առ հայրենի եզերք գտնի իր հանգրվանը…









Թամարա Գրիգորյան
Աղբյուրը` http://times.am/?l=am&p=15119