Քարվաճառի շրջանի բնակիչների հետ շփվելու ու ծանոթանալու համար լավագույն վայրերից է Քարվաճառ-Ստեփանակերտ ավտոբուսը, որն սպասարկում է ամբողջ շրջանին: Ճանապարհը երկար է, ձգվում է մոտավորապես չորս-հինգ ժամ, մարդիկ բոլորն իրար ծանոթ են, ու ծոր է գալիս խոսակցությունն ամեն ինչի մասին: Խոսում են ամեն ինչից` աֆրիկացիներից սկսած մինչեւ աշխարհի ամենաբարձր ջրվեժը, Ռամիլ Սաֆարովից մինչեւ Ռուսաստանի վարած քաղաքականություն, իսկ ավտոբուսի վարորդն էլ համոզված է, որ դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջն է ու կարծես թե ուրախ է` ինքն էլ Քարվաճառ-Ստեփանակերտ ավտոբուսը չի վարի: Ու հենց սա էլ լավագույն ժամանակն է` քարվաճառցիների մասին մտածելու ու նրանց բնավորությունը վերլուծելու համար:
Քարվաճառցիք տարբեր են, ինչպես աշխարհի բոլոր մարդիկ, բայց նաեւ նման են իրար մի բանով. այս մարդիկ ուժեղ են ու դիմացկուն: Մի շաբաթ առաջ, օրինակ, ավտոբուսում մի կին էր, ով մոտավորապես տասը օրից պիտի ծննդաբերեր: Տարօրինակ էր տեսնել, որ նա երթեւեկում էր այդ ավտոբուսով, այդ ուշ ժամին ու այն էլ միայնակ: Բայց ինքն առանձնապես չէր անհանգստանում, շատ հանգիստ էր: Թեեւ Քարվաճառում «միայնակ ճանապարհ գնալ» հասկացություն չկա. եթե անգամ ծանոթ չես, շատ արագ բոլորի հետ կծանոթանաս, պայուսակ իջեցնելիս անպայման քեզ կօգնեն, եթե Ստեփանակերտում ես, շատ հնարավոր է, որ անծանոթ մեկի համար որեւէ բան ուղարկեն հետդ, ու դու անպայման պիտի տանես: Քանի որ տարածքը պետության կողմից ամբողջ սրտով անտեսված է, այստեղ ամեն մարդ ինքն է պետությունը, ու թերեւս այս տարածքում այդ բառերը կեղծ-պաթետիկ չեն: Յուրաքանչյուրն իր գործունեությամբ նպաստում է տարածքին, իրար միջոցով ինչ-որ բաներ ուղարկել, տեղ հասնել, փոխանցելը սովորական ու բնական երեւույթներ են Քարվաճառի կենցաղում: Բոլորն այստեղ իրար կապված են: Եթե Երեւանում դու կարող ես չճանաչել անգամ դիմացիդ հարեւանին, ապա այստեղ դու պիտի ճանաչես կողքի գյուղերի բնակիչներին եւս:
Չկարծեք, թե այստեղ բոլորը հրեշտակներ են ապրում ու ամեն ինչ հաշտ է ու խաղաղ: Չէ, այստեղ էլ սովորական մարդիկ են` իրենց թերություններով, բայց նրանք կամա թե ակամա, գիտակցաբար, թե անգիտակից շատ կարեւոր մի գործ են անում` ազատագրված գոտի են պահում… Ու միգուցե հենց դա է ամբողջ շրջանին մի անտեսանելի շղարշով միացնում իրար ու մի տեսակ կապում բոլորին: Կամ էլ` ուղղակի ես եմ այդպես տեսնում, ես դեռ նորեկ եմ..
Քարվաճառցիներից ոմանց մտքերը լսելով` կարելի է ենթադրել, որ իրենց համար Քարվաճառն աշխարհի ծայրն ու իրենք գոհ չեն իրենց բնակության վայրից: Քարվաճառում բնակիչներից շատերին թվում է, որ կյանքն այնտեղ է, գեղատեսիլ այս սարերից անդին…
Քարվաճառցիներից ոմանց մտքերը լսելով` կարելի է ենթադրել, որ իրենց համար Քարվաճառն աշխարհի ծայրն ու իրենք գոհ չեն իրենց բնակության վայրից: Քարվաճառում բնակիչներից շատերին թվում է, որ կյանքն այնտեղ է, գեղատեսիլ այս սարերից անդին…
Իմ համար Քարվաճառը հայոց արժանապատիվ պետության ծննդավայրն է, մաքուր ու նոր հասարակության բնօրրանը…Ես այստեղ եմ` իմ հավատն ամուր գրկած… Մի՞գուցե ես դեռ նորեկ եմ… Իսկ մի՞գուցե շատ հնաբնակ քարվաճառցիներ ուղղակի դեռ չեն տեսել Քարվաճառն իմ դիտակետից…
Թամարա Գրիգորյան
Աղբյուրը` http://times.am/?l=am&p=16283
Ձեր գրառումը դեղ գտավ www.blognews.am կայքում: Շնորհակալություն:
ОтветитьУдалить