четверг, 16 мая 2013 г.

Քարվաճառի դպրոցի աշակերտներն այցելեցին Բյուրական


Մայիսի 11-12 Արցախի Քարվաճառ քաղաքի Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցի իններորդ դասարանի աշակերտներն այցելեցին Բյուրական քաղաք: Այցելության նպատակը Բյուրականի աստղադիտարանն ու Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը տեսնելն էր



Այցելությունը նախաձեռնել էր դպրոցի ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցչուհի Ռոզա Սերոբյանը: «Ես դիմեցի «Ղարաբաղ Տելեկոմ» կազմակերպությանը, եւ վերջինս ֆինանսավորեց մեր այցելությունը: Շատ շնորհակալ ենք «Ղարաբաղ Տելեկոմին»` աշակերտներին նման հնարավորթյուն ընձեռելու համար: Նրանց ոգեւորությանը չափ չկար: Ավելի շատ աշակերտներ էին ցանկանում մասնակցել այցելությանը, սակայն հնարավոր չեղավ, եւ միայն սահմանափակ թվով աշակերտներ գնացին Բյուրական», մեր հետ զրույցում նշեց Ռոզա Սերոբյանը եւ հավելեց, որ աշակերտները դեռ տպավորված են իրենց այցելությունից: 

Բյուրականում աշակերտները եղել են աստղադիտարանում, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում, եւ ստացած գիտելինքները նրանց մեծապես կօգնեն ուսումնական պրոցեսում:


Նշենք, որ հատկապես Արցախի հեռավոր շրջաններից աշակերտների այցելությունները Հայաստանի տարբեր շրջաններ չափազանց կարեւոր  են: Դրանք հնարավորություն են տալիս երեխաներին առավել լավ պատկերացնել ու ճանաչել հայրենիքի սահմանները: 

суббота, 4 мая 2013 г.

Հավատալով հրաշքին


Երբ վեց ամիս առաջ տեղափոխվեցի Քարվաճառ, հստակ գիտակցում էի, որ այստեղ որեւէ հասարակական գործունեություն պետք է ծավալել:

Թատրոնն իմ թուլությունն է, բեմն իմ այլ աշխարհն է, ներկայացումն իմ ուրիշ իրականությունն է:
Թատերական փոքրիկ խմբակ հիմնելն այստեղ երազանքից էլ ավել մի բան էր:
Առաջին ամիսներին դպրոցականներին խնդրեցի հարցաթերթիկ լրացնել, որից պարզ դարձավ, որ երեխաների գերակշիռ մեծամասնությունը ցանկանում է մասնակցել թատերական ներկայացումներին:
Պարապունքներն սկսվեցին…

Առաջին օրերին դրանք իրար հաջորդող հուսահատության օրեր էին, ժամեր, երբ կարծում էի` ամեն ինչ ապարդյուն է ու անօգուտ: Երեխաները չէին հասկանում, թե ի՞նչ է թատրոնը, ի՞նչ է ներկայացումը, խանգարում էին փորձերը:

Մի քանի տղաներ անգամ դուրս եկան խմբակից Քարվաճառի ազատագրման ապրիլերեքյան միջոցառումից առաջ: Խումբը, սակայն, ի զորու եղավ հավաքվել, ի մի բերել ուժերն ու միջոցառումը հասցնել մինչեւ բեմ: Էրեխեքս լարված էին, ես` առավել եւս: Ամենադժվար քննությունից առաջ սիրտս այդպես չէր զրնգում կրծքումս, ինչպես այն պահին, երբ էրեխեքս բեմից պատմում էին Քարվաճառի ազատագրման մասին, երգեր էին երգում:

Այս միջոցառումից հետո վերսկսեցինք Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցադրվելիք ներկայացման փորձերը. «Ոտքի´, դատարանն է գալիս»:
Ախր էրեխեքս էնքա՜ն փոքր, դատարանն էնքա՜ն լուրջ ու մեծ… Էրեխեքս բեմ դուրս եկան լարված, ձգված, սառած:

Էրեխեքս հանդիսատեսի համար գուցե ոչ այնքան համոզիչ, իսկ ինձ համար այնքա՜ն սիրելի ու անգին…
Խաղացին, պատմեցին, ներկայացրին…

Ներկայացումն, իհարկե, առաջին փորձն էր, շատ սխալներով ու բացթողումներով, բայց կայացավ: Ու սա ոչ միայն մի ներկայացում էր, այլեւ փորձ, գիտելիք, պատասխանատվության ու պարտաճանաչության ձեռքբերման ժամանակահատված, երբ խմբից հեռացած երեխաները վերադարձան, երբ բոլորը ժամանակին ու ոգեւորությամբ են գալիս փորձի, երբ մենք արդեն լավ ընկերներ ենք ու գիտենք, թե ինչ ենք ուզում մեր համատեղ աշխատանքով:

Առջեւում ավելի լավ ներկայացումներն են, ավելի մեծ ձեռքբերումները:

Ես հավատում եմ հրաշքներին…