Մայիսի 11-12 Արցախի Քարվաճառ քաղաքի Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոցի իններորդ դասարանի աշակերտներն այցելեցին Բյուրական քաղաք: Այցելության նպատակը Բյուրականի աստղադիտարանն ու Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը տեսնելն էր:
Այցելությունը նախաձեռնել էր դպրոցի ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցչուհի Ռոզա Սերոբյանը: «Ես դիմեցի «Ղարաբաղ Տելեկոմ» կազմակերպությանը, եւ վերջինս ֆինանսավորեց մեր այցելությունը: Շատ շնորհակալ ենք «Ղարաբաղ Տելեկոմին»` աշակերտներին նման հնարավորթյուն ընձեռելու համար: Նրանց ոգեւորությանը չափ չկար: Ավելի շատ աշակերտներ էին ցանկանում մասնակցել այցելությանը, սակայն հնարավոր չեղավ, եւ միայն սահմանափակ թվով աշակերտներ գնացին Բյուրական», մեր հետ զրույցում նշեց Ռոզա Սերոբյանը եւ հավելեց, որ աշակերտները դեռ տպավորված են իրենց այցելությունից:
Բյուրականում աշակերտները եղել են աստղադիտարանում, Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում, եւ ստացած գիտելինքները նրանց մեծապես կօգնեն ուսումնական պրոցեսում:
Նշենք, որ հատկապես Արցախի հեռավոր շրջաններից աշակերտների այցելությունները Հայաստանի տարբեր շրջաններ չափազանց կարեւոր են: Դրանք հնարավորություն են տալիս երեխաներին առավել լավ պատկերացնել ու ճանաչել հայրենիքի սահմանները:
Комментариев нет:
Отправить комментарий