Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն էր:
Մեծություններ կան, որ որեւէ մակդիր էլ չես կարողանում տալ` բնութագրելու համար,
մեծություններ կան, ում անձամբ չես տեսել, ում հետ չես խոսել, բայց իրենց արձակած
լույսից հոգիդ մեծանում է, սիրտդ բացվում է, միտքդ լայնանում է: Իմ պաշտելի
թատրոնի վարպետներից այդ մեծություններն են Պետրոս Ադամյանը, Սիրանույշը, Վահրամ Փափազյանն
ու Մհեր Մկրտչյանը…
Առաջին երեքի մասին միայն կարդացել
եմ, ու կարդացածս հնարավորություն է տվել կարծիք կազմել նրանց մասին ու սիրել, իսկ
Ֆրունզիկին բացի կարդալը տեսել եմ նաեւ էկրանից…
Այսօր ամբողջ օրը հիշում էի իմ ու
ընկերուհիներիս այցելությունը Վարպետի թանգարան` Գյումրվա Վարպետաց փողոցում...
Մենք ուսանողներ էինք, երիտասարդ, սենտիմենտալ ու արվեստի սիրահար, Գյուրմրին մերն
էր, մենք Գյումրիինը…Երեքով գնացինք վարպետաց քաղաքի Վարպետաց փողոց, Վարպետի
թանգարան: Չեմ ասում տուն-թանգարան, քանի որ դա Մհեր Մկրտչյանի տունը չի, այլ այն
գինետունը, որտեղ նա շատ հաճախ է այցելել: Որոշել էին թանգարանն այդտեղ կառուցել, որ Վարպետաց փողոցում լինի, Շիրազին ու Իսահակյանին մոտ, համ էլ ինքն այդտեղ իրականում շատ հաճախ էր եղել, իրեն հարազատ վայր էր: Այդ մասին մեզ պատմեց թանգարանի
աշխատակցուհին, սրտացավ ու բանիմաց երիտասարդ մի աղջիկ, ում խոսքից Ֆրունզիկի հանդեպ
սեր էր կաթում…
Հուզիչ իրեր, հուզիչ պատմություններ
Վարպետի ընտանեկան ողբերգական կյանքից…
Աշխատակցուհու քույրիկը, պարզվեց, հոգեբույժ
էր, ու ինքը պրակտիկայի էր եղել այն հոգեբուժարանում, որտեղ Մհեր Մկրտչյանի որդին
էր եղել…տղան նկարել էր աշխատակցուհու քույրիկին, ու այդ նկարը պահում էին որպես
մասունք… Թանգարանի աշխատակցուհին գյումրվա համով բարբառով ու այնքան անկեղծ ու
զգալով էր պատմում վարպետի մասին, որ մենք երեքս, սենտիմենտալ ու արվեստի սիրահար,
արցունքոտված դուրս եկանք թանգարանից, ու երկար ժամանակ լուռ քայլում էինք
Գյումրիով, որտեղ նկարահանվել է «Մեր մանկության տանգո»-ն, որտեղ ամեն ինչ արվեստ
է, քարերն ու ավերակները` պատմություն….
Մեր աչքը լույս, որ քեզ ունենք,
անսահման սիրելի Մհեր Մկրտչյան…
Комментариев нет:
Отправить комментарий