ԼՂՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ
քաղաքում գործող «Պատրիա» բարեգործական հիմնադրամը օգոստոսի 12-14-ը օգնություն է տրամադրել Շահումյանի շրջանի մինչեւ 14 տարեկան այն երեխաներին, ովքեր միակողմանիորեն կամ
երկկողմանիորեն զրկված են ծնողական խնամքից: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց հիմնադրամի
տնօրեն, Քարվաճառ քաղաքի բնակչուհի Ռոզա Սերոբյանը, օգնությունը տրամադրվում է
հագուստի կամ սնունդի տեսքով, ըստ նպատակահարմարության:
«Այս անգամ օգնութոյւն ենք
տրամադրել 28 միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին շրջանի Քարվաճառ,
Նոր Գետաշեն, Նոր Մանաշիդ, Չարեքտար, Նոր Կարաչինար, Քնարավան, Նոր Խարխափուտ եւ
Զուար համայնքներից: Շրջանի մյուս համայնքերում նշված խմբին պատկանող երեխաներ չկան»,
պարզաբանեց Ռոզա Սերոբյանը: Բարեգործական հիմնադրամի տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ
դպրոցահասակ երեխաներին անպայման տրամադրվում է հագուստ գալիք ուսումնական տարուն
պատրաստ լինելու համար, իսկ ավելի փոքր տարիքի երեխաների ընտանիքներին
օժանդակությունը հասնում է սնունդի տեսքով:
Չարեքտար համայնքում ապրող մի
ընտանիքի համար, որտեղ կան միակողմանի ծնողազուրկ չորս երեխաներ,
կազմակերպությունը գնել է մի հորթ: Ռոզա Սերոբյանը հույս հայտնեց, որ հորթն ընտանիքի
համար հետագայում եկամտի աղբյուր կդառնա:
Տեղեկացնենք, որ «Պատրիա»
բարեգործական հիմնադրամը սկսել է գործել 2014 թվականի մարտի հինգից Քարվաճառ
քաղաքում:
Կազմակերպության անվանումը
լատիներենից թարգմանաբար նշանակում է հայրենիք:
Կազմակերպության հիմադիր եւ
տնօրեն Ռոզա Սերոբյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր կազմակերպության
նպատակները:
«Բարեգործական
կազմակերպությունը հիմնելիս նպատակ ենք ունեցել նպաստել ԼՂՀ Շահումյանի շրջանի
բնակչության կենսապայմանների համակողմանի բարելավմանը` տարբեր ուղղվածության
բարեգործական ծրագրեր ու նախաձեռնություններ իրականացնելու միջոցով», ասել էր նա:
Կազմակերպությունն իր առջեւ
խնդիր է դրել նաեւ շրջանի բնակիչների հետ մշտական փոխադարձ կապ պահպանելու միջոցով
տեղեկանալ նրանց ընտանեկան եւ համայնքային հրատապ խնդիրներին եւ հնարավորինս
աջակցել դրանց լուծմանը: Բնակիչներին օգնելու գործընթացին կարող են ներգրավվել
նաեւ շահագրգիռ այլ անհատ անձինք ու կազմակերպություններ:
Բարեգործական ծրագրերն
իրականացվում են բարերարի հովանավորությամբ, ում անունն առայժմ Ռոզան նշել
չցանկացավ: Նշված օժանդակությունն առաջին ծրագիրն է, որ իրականացվում է
կազմակերպության կողմից:
«Պատրիա»-ն առաջիկայում
կիրականացնի հիմնականում սոցիալական ծրագրեր` նպատակ ունենալով թեթեւացնել շրջանի
բնակիչների հոգսերն ու նպաստել տարածքի զարգացմանը:
Թամարա Գրիգորյան