пятница, 3 октября 2014 г.

Հայրենիք ունենք ազատագրելու

Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Մանվել Կոստանդյանի էջում մի նկար տեսա, որտեղ ադրբեջանական գերության մեջ գտնվող հայկական Փիփ (Զագլիկ) գյուղում ադրբեջանցի պատանիները նկարվել էին ավերված գերեզմանի վրա. հայկական գերեզմանի:
Ամեն անգամ նման տեղեկատվություն տեսնելիս զայրույթ եմ ապրում ու ցավ` անզորությունից: Մենք գիտենք, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող եկեղեցիները, խաչքարերն ու գերեզմաններն ամեն օր, ամեն ժամ վտանգված են. բարբարոսը մնում է բարբարոս, ու ժամանակն անզոր է նրա դեմ:

Ու հաճախ ավերված խաչքարի ու գերեզմանի մասին կարդալիս ցավն ընկալվում է իբրեւ ցավալի իրողություն… սակայն երբեմն լինում է այնպես, որ ցավեցնող լուսանկարը դեռ երկար է խմորվում մեջս ու երկար խոհերի տեղիք տալիս:


Մինչեւ Քարվաճառ տեղափոխվելս Հյուսիսային Արցախի հայկական բնակավայրերից փախստականների երբեւէ չէի հանդիպել, ու թեեւ ընդհանուր գծերով պատկերացնում էի գաղթի սարսափները, սակայն մանրամասներ չգիտեի: Քարվաճառում շատ են մարդիկ, ովքեր Մռավի մի կողմում հայրենիք կորցնելով` գտել են այն Մռավի մյուս կողմում: Այդ մարդիկ փախստականներ են, մարդիկ, ովքեր Հյուսիսային Արցախում թողել են իրենց տունը, ունեցվածքը, ստեղծածը, իրենց գերեզմանները… որոնց վրա այսօր ադրբեջանցի դեռահասները լուսանկարվում են ու նկարները տարածում համացանցում…

Այսօր արդեն Հյուսիսային Արցախի որեւէ բնակավայրի անուն լսելիս աչքիս առաջ է գալիս մի պատմություն, մի ընտանիք, մի կյանք: Փիփ գյուղի անունը լսելիս անտարբեր չեմ կարող անցնել. այս գյուղի հետ ինձ կապել է տիկին Անթառամի ու իր ընտանիքի պատմությունը, ընտանիք, որն այսօր, փառք Աստծո, ապրում է ազատագրված Քարվաճառում:

Տիկին Անթառամի հետ հայրենի գյուղի ու գաղթի մասին զրուցել եմ թերեւս մի տարի առաջ, բայց նրա պատմության փոխանցած ցավն ու կարոտը միշտ կմնան մեջս:     
1988-ին, այսինքն, գաղթի տարին, տիկին Անթառամն աշխատելիս է եղել մանկապարտեզում:

«Բոլոր երեխաները ծնողների հետ հավաքվում էին մանկապարտեզում, մի ավտոբուս միշտ պատրաստ կանգնած էր մանկապարտեզի դիմաց, որ պետք եղած ժամանակ երեխաներին հանեինք գյուղից: Մյուս կողմից էլ վախենում էինք բոլորս մի տեղ հավաքվելուց, քանի որ հնարավոր էր' բոլորիս միանգամից կոտորեին: Ես իմ չորս երեխաներին քնեցնում էի մի մահճակալի վրա, եղան, կացին, փայտ հավաքում էի ու դնում էի դռան դեմը: Մեծ տղաս տասը տարեկան էր, փոքրս' չորս...»: Իր ձայնը դողում էր, իմ աչքերը` լցվում արտասուքով: Ամեն անգամ այսպիսի հարցազրույց անելիս ինձ մեղադրել եմ անսրտության համար, բայց մյուս կողմից կարծում եմ, որ այս պատմությունները պետք է գրվեն' նոր այսպիսի սարսափները կանխելու համար
Տիկին Անթառամն ու իր ընտանիքը Փիփում թողել են իրենց հիշողությունը, իրենց անցյալը, անցյալ, որն ավերվում է ադրբեջանցու ձեռքով…

Ու ի՞նչ է ապրումներ է ունենում այն հայը, ում նախնիների գերեզմանը Զագլիկում է, եւ ով այն պաշտպանելու հնարավորություն չունի. թերեւս այն զգացումները, որ պապիկս է ունեցել, երբ իմացել է, որ Թիֆլիսում հայկական գերեզմանաքարերից մայթերի անկյունաքարեր են սարքել, եւ իր մոր գերեզմանաքարն էլ եղել է դրանց շարքում…

Ադրբեջանցիները, թուրքերը, վրացիները հայկական գերեվարված եկեղեցիները, խաչքարերն ու գերեզմանները միշտ են պղծում, ու դրա դեմ առնելու միակ տարբերակը դրանք գերությունից ազատելն է: Ու ամեն տեղեկատվություն ավերված ու պղծված հայ խաչքարի ու գերեզմանի մասին մի նոր ու չընդհատվող ազդակ է առ այն, որ մենք դեռ հայրենիք ունենք ազատելու: Իսկ աչքերում կարոտ ու հույս պահած, հայրենիք կորցրած հայ տատիկներն ու պապիկները մեզ պատգամում են ունեցած հայրենիքն ամուր պահել, որ, Աստված մի արասցե, վաղը մի նոր սերունդ հայրենիք ու հիշողություն չկորցնի…


Հ.Գ. Տիկին Անթառամի թոռնիկները պատանիներ են ու ապրում են Քարվաճառում. Քարվաճառում ադրբեջանական գերեզմանոց կա. ես երբեք չեմ ցանկանա, որ նրանք նույն կերպ վարվեն ադրբեջանցիների գերեզմանների հետ, ես կցանկանամ, որ նրանք ուժեղ մեծանան` հոգով ու մարմնով, այնքան ուժեղ, որ մի օր իրենց պապերի գերեզմանները մաքրեն ու վերականգնեն իրենց հայրենիք Զագլիկում: