Показаны сообщения с ярлыком ազատագրված հայրենիք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ազատագրված հայրենիք. Показать все сообщения

пятница, 21 октября 2016 г.

Սիրելով ու զարգացնելով հայրենի գյուղը. զրույց ապագա լրագրողի հետ

Արաքս Միրզոյանն Արցախի պետական համալսարանի ուսանողուհի է, ապագա լրագրող: «Լրագրություն եմ սովորում. ուզում եմ հայրենիքիս համար պիտանի մարդ դառնալ, դրա համար էլ ընտրեցի այն մասնագիտությունը, որը կարող եմ լիովին ծառայեցնել ազգիս շահերին», մեզ հետ զրույցում նշեց Արաքսը:

Նա դեռ երկու տարեկան չկար, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց ապրելու Արցախի Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր համայնքում: Նա այստեղ է դպրոց գնացել: Դպրոցական տարիներից մեծ հետաքրքրություն է ցուցաբերել բոլոր առարկաների հանդեպ: «Դպրոցում գրեթե բոլոր մրցույթներին մասնակցում էի, ուզում էի ամեն ինչ հասցնել, անգամ նոտաները սովորեցի ու սկսեցի նախ շվի նվագել, հետո` կիթառ»:
Բացի դպրոցում լավ սովորելն ու դպրոցական մրցույթներին մասնակցելը, Արաքսը նաև շատ ակտիվ է մշակութային կյանքում: Արդեն մի քանի տարի` մեծ մասնակցություն ունի Նոր Բրաջուր համայքնի մշակույթի ակումբի աշխատանքներին. իրենից տարիքով ավելի փոքր երեխաների հետ պարապում է, ազգագրական պարեր սովորեցնում. միասին մի քանի հանրապետական մրցույթներում մրցանակային տեղեր են զբաղեցրել:

вторник, 15 декабря 2015 г.

Սիրել աշխարհն ու դրա ուրույն համը դառնալ…

Դառնալ նպատակ, որ քեզ համար մարդիկ հետ գան քո քաղաքը. մի՞թե սա չէ բարձ-րագույն գնահատականը բանաստեղծի, նկարչի, քանդակագործի… արվեստագետի… մտածող ու զգացող մարդու… Եվ դառնալ այդ նպատակը ոչ թե անհայտ մի վայրում, որտեղ ձգող ու կանչող ոչինչ ուրիշ չկա, այլ այնպիսի մի վայրում, ինչպիսին է Էջմիածինը:
Մայր Տաճարում ու Սբ. Գայանեում մոմ վառելուց, ներդաշնակ խաղաղություն ապրելուց զատ այսօր Էջմիածնում ցանկանում եմ նաև այցելել Մաչանենց արվեստի տունը:
30 տարի գործող «Հայ միության խաչ» կազմակերպությունը կարողացել է արվեստի մի աշխարհ ստեղծել, որտեղ ցանկանում ես անընդհատ վերադառնալ, քանզի կարծում ես, թե քեզնից մի մասնիկ թողել ես այնտեղ, կամ էլ հակառակը՝ քեզ ես գտել այնտեղ:
Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը, կազմակերպության ղեկավարը, իր նվիրյալ թիմի հետ տարիների ընթացքում ոչնչից հիմնել է պատկերասրահ, կավա-գործության, նկարչության, գորգա-գործության խմբակներ, թատերախումբ, գինետուն… Հիմնել է զգացմունքի ու սիրո մի տոն, որը ցանկանում ես հաճախ վերապրել այս սառչող ու մեքենայացվող օրերում:
Մաչանենց արվեստանոցում դու անընդհատ հանդիպում ես քեզ. լուսավոր, ապրող, համբուրվող, ծակ կոշիկներով, ուղեղդ մտքերից ճայթած, ներդաշնակություն գտած… հազար ու մի տեսակ քեզ: Ու հենց այդ պատճառով էլ քեզ ապահով ես զգում այտեղ ու ցանկանում ես արթնացնել մեջիդ ամենալավը, ամենանվիրականը. չէ՞ որ դիմացինդ այնքան սեր է տալիս աշխարհին, դու ինչպե՞ս չպատասխանես նույն կերպ:
Մաչանենց արվեստը մարդկային է ու մոտ. այն չի վախեցնում, այն կտրված չի աշխարհից ու անտեղի կոկիկ չէ. այն չի ասում՝ ես բարձր եմ ու անհասկանալի, ոչ, այն ինձ ասում է՝ ես դուրս եմ եկել նաև հենց քեզանից…
Հ.Գ. Ազատագրված Քարվաճառում, որը նոր է վերաբնակեցվում, նոր է ձևավորվում քարվաճառցին, ով էլ պիտի իր քաղաքին, իր դիմագիծն ու ոճը տա, կարիք ունի հենց նման մոտեցման: Եվ Մաչանենց տուն այցելելը մի խումբ քարվաճառցիների համար իսկապես հիանալի հնարավորություն էր՝ տեսնելու, սովորելու, կիրառելու:
Մեծագույն շնորհակալություն հայտնելով «Արարատ» հիմնադրամին, որի շնորհիվ մենք կարողացանք այցելել Մաչանենց արվեստի տուն, նաև հույս եմ հայտնում, որ մի օր մարդիկ Քարվաճառ գալու նույնպիսի հիմնավոր ու ուրույն նպատակ ու ցանկություն կունենան:

Թամարա Գրիգորյան

воскресенье, 20 сентября 2015 г.

Իմ արտագաղթած դասընկերը․ անկախության մեր գինը

Իմ դասընկեր Հայկը փոքրամարմին էր ու շիկահեր, կամ էլ ընդհանրապես այդպիսին չէր, բայց ես նրան հենց այդպես եմ հիշում։ Հայկի հետ կապված շատ հիշողություններ չկան․ միակ հիշարժան բանն այն է, որ մի քանի տարի շարունակ Հայկն ամեն սեպտեմբերի մեկին գալիս֊ասում էր՝ «Ես էս տարի դասագրքեր չեմ վերցնում, մի քանի օր եմ դասի գալու, հետո մենք գնալու ենք Ռուսաստան»։ Ու մի քանի տարի շարունակ մենք տեսնում էինք, թե ինչպես է Հայկն ամբողջ տարին գալիս դպրոց․ սեպտեմբերի կեսին նրա մայրիկը, նիհար ու շիկահեր մի կին, գալիս էր ու ինքն էր դասագրքերը վերցնում։ Ու ամեն տարի մենք ծիծաղում էինք Հայկի վրա՝ հը, բա չե՞ք գնում Ռուսաստան։ Ծիծաղում էինք ու այդ ժամանակ ոչ մեկս չէր գիտակցում, որ Հայկի՝ Ռուսաստան գնալը նաեւ մեր ցավն էր, նաեւ մեր՝ Հայաստանում մնացողներիս կորուստը։ Հայկն էլ տխրում էր, նեղվում, որ էլի ստիպված է մնալ, ու երեւի թե ատում Հայաստանն էլ, Վանաձորն էլ, մեր դպրոցն էլ։ Մի տարի էլ, արդեն սովորականի նման, տարվա սկզբին Հայկը նույնն բան ասաց, ու մենք, բնականաբար, էլի ծիծաղեցինք։ Ու չնայած էլ ոչ մի կերպ չէինք հավատում, բայց այդ տարի Հայկենք՝ ինքը, մայրիկն ու եղբայրը, իրոք գնացին Ռուսաստան, իրենց հայրիկի մոտ։
Ու Հայկի ընտանիքի նման քանի՜֊քանի՜ ընտանիքներ այդ տարիներին գնացին արտերկիր՝ անկախացած Հայաստանն առանց իրենց թողնելով։
Էլ չգիտեմ, թե Հայկն ինչ եղավ, չգիտեմ՝ հիշու՞մ է մեր՝ իր վանաձորյան դասընկերների մասին։ Միգուցե Հայկի հայրիկի գործերն արտերկրում չեն հաջողվել, ու նրանք ընտանիքով հետ են եկել, ու Հայկն ու իր եղբայրն իմ եղբոր պես ծառայել են հայոց բանակում։ Հնարավոր է նաեւ, որ Հայկն արդեն կիսառուս երեխաներ ունի, չգիտեմ։
Հայկն այն տարիներին գնաց նոր, անծանոթ ու հեռու մի տեղ, իսկ մենք մնացինք մեր քաղաքում, մնացինք անտառից քարշ տված մի քանի ծառի ճյուղի, դպրոց բերած կտրատած փայտի, անընդհատ ծուխ անող ու համարյա չտաքացող վառարանի, մոմի լույսի ու տալոնով հացի հետ։ Մնացինք մարտի 8֊ին մայրիկին նվիրած մեր ձեռքով քաղած ձնծաղիկի համար, այն ուսուցիչների համար, որ տեսնելով, թե ոնց ենք մրսում, մեզ հավաքում էին վառարանի շուրջն ու էդպես էին դաս անում․․․
Մնացինք, որ այսօր ունենանք 24 տարեկան անկախ Հայաստան, հայոց միջնաբերդ Քարվաճառ, Արցախի կյանքի ճանապարհ Քաշաթաղ, մնացինք, որ ունենանք ազատագրված հողում ծնված մանուկներ, Դադիվանքում մկրտվող երեխաներ, մնացինք, որ Շուշիի Ամենափրկիչում մոմ վառող լինի, որ սարերը մեր չմնան անտեր։ Մնացինք, որ Վարդանի ու Մոնթեի, Պետոյի ու Թաթուլի, Գագոյի ու Կարոտի ձեռք բերած անկախությունը չմնա անտեր։ Ու անտեր չի՛։
Ի՞նչ իմանաս՝ միգուցե Հայկի ու բազմաթիվ հայկերի երեխաներ մի օր կգան՝ տեր կանգնելու իրենց անկախությանը․․․

суббота, 13 декабря 2014 г.

Կարեւորի մասին. Մոնթեի մասին

Քարվաճառի դպրոցականների հետ այսօր Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմ դիտեցինք: Ֆիլմի դիտումն տեղի ունեցավ մի դասընթացի շրջանակներում, որի միջոցով դպրոցականներին ծանոթացնում ենք Քարվաճառի պատմությանը, նշանակությանը, արցախյան գոյամարտին, Քարվաճառը վերաբնակեցնելու ու ամրացնելու անհրաժեշտությանը..

Դավիթն սկսել է երեխաներին ներկայացնել արցախյան ազատամարտի հերոսների մասին պատմող շարքը, եւ այդ շարքն սկսվեց Մոնթեի մասին ֆիլմի դիտումով: Երեխաները տեսան ու հասկացան, որ Մոնթեն կարող էր Օքսֆորդի համալսարանում սովորել, հայտնի գիտնական դառնալ...բայց նա, ծնունդով ԱՄՆ-ից լինելով, արյամբ հայ էր, ու եկավ իր հայրենիքի կանչով, եկավ գիտակցված, եկավ` իմանալով, թե ինչու է գալիս...

Քարվաճառցի դպրոցականները տեսան, թե ինչպես է ազատագրվել Քարվաճառը եւ թե որքան կարեւոր է այն` Մայր Հայաստանն ու Արցախը իրար կապելու համար:

Ֆիլմը դիտողների մեջ կային դպրոցականներ, ում ծնողները հայրենիք են կորցրել Հյուսիսային Արցախում, եւ ովքեր այսօր Մոնթեի ու մյուս հերոս տղերքի շնորհիվ խաղաղ երկնքի տակ են Քարվաճառում...

Ֆիլմի դիտումից հետո երեխաներին հարցրի. «Պետք է, չէ՞, ապրել, Մոնթեի ազատագրած Քարվաճառում»: «Հա~~~», իսկապես համոզված պատասխանեցին Քարվաճառի մերօրյա տերերը:

пятница, 3 октября 2014 г.

Հայրենիք ունենք ազատագրելու

Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Մանվել Կոստանդյանի էջում մի նկար տեսա, որտեղ ադրբեջանական գերության մեջ գտնվող հայկական Փիփ (Զագլիկ) գյուղում ադրբեջանցի պատանիները նկարվել էին ավերված գերեզմանի վրա. հայկական գերեզմանի:
Ամեն անգամ նման տեղեկատվություն տեսնելիս զայրույթ եմ ապրում ու ցավ` անզորությունից: Մենք գիտենք, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող եկեղեցիները, խաչքարերն ու գերեզմաններն ամեն օր, ամեն ժամ վտանգված են. բարբարոսը մնում է բարբարոս, ու ժամանակն անզոր է նրա դեմ:

Ու հաճախ ավերված խաչքարի ու գերեզմանի մասին կարդալիս ցավն ընկալվում է իբրեւ ցավալի իրողություն… սակայն երբեմն լինում է այնպես, որ ցավեցնող լուսանկարը դեռ երկար է խմորվում մեջս ու երկար խոհերի տեղիք տալիս:


Մինչեւ Քարվաճառ տեղափոխվելս Հյուսիսային Արցախի հայկական բնակավայրերից փախստականների երբեւէ չէի հանդիպել, ու թեեւ ընդհանուր գծերով պատկերացնում էի գաղթի սարսափները, սակայն մանրամասներ չգիտեի: Քարվաճառում շատ են մարդիկ, ովքեր Մռավի մի կողմում հայրենիք կորցնելով` գտել են այն Մռավի մյուս կողմում: Այդ մարդիկ փախստականներ են, մարդիկ, ովքեր Հյուսիսային Արցախում թողել են իրենց տունը, ունեցվածքը, ստեղծածը, իրենց գերեզմանները… որոնց վրա այսօր ադրբեջանցի դեռահասները լուսանկարվում են ու նկարները տարածում համացանցում…

Այսօր արդեն Հյուսիսային Արցախի որեւէ բնակավայրի անուն լսելիս աչքիս առաջ է գալիս մի պատմություն, մի ընտանիք, մի կյանք: Փիփ գյուղի անունը լսելիս անտարբեր չեմ կարող անցնել. այս գյուղի հետ ինձ կապել է տիկին Անթառամի ու իր ընտանիքի պատմությունը, ընտանիք, որն այսօր, փառք Աստծո, ապրում է ազատագրված Քարվաճառում:

Տիկին Անթառամի հետ հայրենի գյուղի ու գաղթի մասին զրուցել եմ թերեւս մի տարի առաջ, բայց նրա պատմության փոխանցած ցավն ու կարոտը միշտ կմնան մեջս:     
1988-ին, այսինքն, գաղթի տարին, տիկին Անթառամն աշխատելիս է եղել մանկապարտեզում:

«Բոլոր երեխաները ծնողների հետ հավաքվում էին մանկապարտեզում, մի ավտոբուս միշտ պատրաստ կանգնած էր մանկապարտեզի դիմաց, որ պետք եղած ժամանակ երեխաներին հանեինք գյուղից: Մյուս կողմից էլ վախենում էինք բոլորս մի տեղ հավաքվելուց, քանի որ հնարավոր էր' բոլորիս միանգամից կոտորեին: Ես իմ չորս երեխաներին քնեցնում էի մի մահճակալի վրա, եղան, կացին, փայտ հավաքում էի ու դնում էի դռան դեմը: Մեծ տղաս տասը տարեկան էր, փոքրս' չորս...»: Իր ձայնը դողում էր, իմ աչքերը` լցվում արտասուքով: Ամեն անգամ այսպիսի հարցազրույց անելիս ինձ մեղադրել եմ անսրտության համար, բայց մյուս կողմից կարծում եմ, որ այս պատմությունները պետք է գրվեն' նոր այսպիսի սարսափները կանխելու համար…
Տիկին Անթառամն ու իր ընտանիքը Փիփում թողել են իրենց հիշողությունը, իրենց անցյալը, անցյալ, որն ավերվում է ադրբեջանցու ձեռքով…

Ու ի՞նչ է ապրումներ է ունենում այն հայը, ում նախնիների գերեզմանը Զագլիկում է, եւ ով այն պաշտպանելու հնարավորություն չունի. թերեւս այն զգացումները, որ պապիկս է ունեցել, երբ իմացել է, որ Թիֆլիսում հայկական գերեզմանաքարերից մայթերի անկյունաքարեր են սարքել, եւ իր մոր գերեզմանաքարն էլ եղել է դրանց շարքում…

Ադրբեջանցիները, թուրքերը, վրացիները հայկական գերեվարված եկեղեցիները, խաչքարերն ու գերեզմանները միշտ են պղծում, ու դրա դեմ առնելու միակ տարբերակը դրանք գերությունից ազատելն է: Ու ամեն տեղեկատվություն ավերված ու պղծված հայ խաչքարի ու գերեզմանի մասին մի նոր ու չընդհատվող ազդակ է առ այն, որ մենք դեռ հայրենիք ունենք ազատելու: Իսկ աչքերում կարոտ ու հույս պահած, հայրենիք կորցրած հայ տատիկներն ու պապիկները մեզ պատգամում են ունեցած հայրենիքն ամուր պահել, որ, Աստված մի արասցե, վաղը մի նոր սերունդ հայրենիք ու հիշողություն չկորցնի…


Հ.Գ. Տիկին Անթառամի թոռնիկները պատանիներ են ու ապրում են Քարվաճառում. Քարվաճառում ադրբեջանական գերեզմանոց կա. ես երբեք չեմ ցանկանա, որ նրանք նույն կերպ վարվեն ադրբեջանցիների գերեզմանների հետ, ես կցանկանամ, որ նրանք ուժեղ մեծանան` հոգով ու մարմնով, այնքան ուժեղ, որ մի օր իրենց պապերի գերեզմանները մաքրեն ու վերականգնեն իրենց հայրենիք Զագլիկում:

воскресенье, 21 сентября 2014 г.

Անկախության սերունդ. մենք

Մենք անկախության սերունդն ենք: Անկախության կերտումը, անկախության անցած ճանապարհը մեր մանկությունն է...

Մենք անկախության սերունդն ենք. մի սերունդ, ում մուլտֆիլմը հաճախ ընդհատվում էր` էլէկտրականության անջատվելու հետ, բայց որը մուլտֆիլմ էր դիտում: Մի սերունդ, որ խաղում էր բակում: Սերունդ, որ հաճախ մրսում էր ու ձմեռվա երկար գիշերներին ջերմանում էր տատիկի պատմած հեքիաթից: Մի սերունդ, որ տեսել է մոմի լույս ու տալոնով հաց:

Մենք անկախության սերունդն ենք. մի բացառիկ սերունդ, որ ունի Ազատագրված հայրենիք, մի սերունդ, ով հայրերի կյանքով է վճարել ազատության համար ու մի անգին պարտք ունի` պահպանել ազատ հայրենիքը: Մենք այն սերունդն ենք, որ հնարավորություն ունի ապրելու Ազատագրված Քարվաճառում ու Բերձորում (էլ ե՞րբ էր էսպիսի բան եղել):

Մենք անկախության սերունդն ենք... ցուրտ ու ամենաջերմ մանկությամբ, գիտակցված ներկայով, լուսավոր ապագայով:

Շնորհավոր տոնդ, իմ անգին Հայաստան:

среда, 10 сентября 2014 г.

Իմ իռացիոնալ սեր. Քարվաճառ

Վերջերս մի երազ տեսա. երազիս ամուսինս` Դավիթը, ասում էր, թե մենք պետք է տեղավոխվենք Քարվաճառից ու ապրելու ենք Արցախի մի այլ բնակավայրում, կարծեմ` Վանք գյուղում: Քարվաճառից տեղափոխվելու միտքն ինձ համար մահվան պես մի բան էր: Հենց հիմա էլ պարզ հիշում եմ այն մաշեցնող ցավը, որ զգում էի երազումս, սիրտս կտր-կտոր էր լինում, մեջս դատարկություն էր, ու ես հստակ մի բան էի զգում. ես չեմ կարող ապրել Քարվաճառից դուրս:

Երազներ կան, որ հիշվում են շատ երկար, այս երազը ես, կարծում եմ, կհիշեմ մինչեւ կյանքիս վերջ: Սա միայն երազ չէր, այլ շատ ավելին:


Ես սիրում եմ Քարվաճառը, ես կապված եմ Քարվաճառին, ես ձուլվել եմ այս հողին: Ու դա ոչ թե տեղի է ունեցել այն համարյա երկու տարիների ընթացքում, որ ես այստեղ ապրել եմ, այլ հենց այն առաջին օրը, երբ ես հասել եմ Քարվաճառ: Քարվաճառ բերող տրանսպորտն այնքան էլ հարմարավետ չէ (մեղմ ասած), ու հիշում եմ, երբ առաջին անգամ էինք այստեղ գալիս (դեռ որպես հյուր), մեքենան լիքն էր, տեղ չկար, շոգ էր, փոշի: 

Մարդիկ սրտնեղած էին, իսկ ես թերեւս կողքիններիս համար հիմար ժպիտով նայում էի ճանապարհին ու հրճվանք ապրում, որ Քարվաճառ եմ գնում… Ու մինչեւ հիմա էլ հիմնականում այդ ժպիտն է դեմքիս հայտնվում հատկապես Քարվաճառի շրջանի գյուղերն անցնելիս, որտեղ հատկապես գարնանն ու ամռանը բնությունը շռայլորեն, անխնա սիրուն է, որտեղ գետը, կանաչը, երկինքն ու ոսկեզօծ արեւն անդիմադրելի գայթակղիչ մի համադրություն են կազմում, հոգիդ վեր հանող մի տեսարան:

Ու երբ առաջին անգամ ոտք դրեցինք Քարվաճառ ու տեսանք բարձր ու կանաչ սարերը, ես ու Դավիթն իրար նայեցինք, ու երկուսիս հայացքներում գրվեց. մենք այստեղ ենք ապրելու:

Ու այդպես էլ եկավ, մենք այստեղ ենք ապրում, ու ամեն առավոտ ես արթնանում եմ ու տեսնում այն նույն սարերը, որոնք առաջին հանդիպման ժամանակ մեզ շատ հստակ ասացին` դուք այստեղ եք ապրելու: Տեսնում եմ այդ սարերն ու աշխարհի ամենաբարձր երկինքն ու հասկանում եմ` ես երջանիկ եմ, քանի որ չեմ ուզում ուրիշ որեւէ տեղ արթնանալ:

Քարվաճառը մարդկանց կապում է. ով մի անգամ եղել է, էլի է գալու, էլի է ցանկանալու գալ: Ինչու՞ է այդպես. հայ զինվորի ազատագրող արյու՞նն է սրբացրել այս հողը, հարյուրավոր ոչնչացված խաչքարերի ու բազմաթիվ եկեղեցիների ու՞ժն ենք զգում հողից, թե այս աստվածային հանգստությունն է այդքան գրավում… թե այնքան է կարոտել իր հայ զավակներին, որ Մայր հողն էլ չի ուզում ոչ մեկիս բաց թողնել: Չգիտեմ… Միայն գիտեմ, որ Քարվաճառում ապրելու զգացողությունն ինձ ուժ է տալիս, գիտեմ, որ սիրտս ավելի ջերմ արյունով է մատակարարվում, երբ քայլում եմ թեկուզ դեռեւս մեծամասամբ ավերակ Քարվաճառով, ու մի անհասկանալի հուզմունք եմ ապրում, երբ հաճախ եմ հիշում, որ ընդամենը 22 տարի առաջ հայրենիքիս այս հատվածն էլ էր գերության մեջ: Իսկ միգուցե Քարվաճառն ինձ կապել է հպարտության զգացումով. չէ՞ որ ազատագրված հայրենիքում ապրողը հպարտ է..իսկ որքան ավելի հպարտ կլինեի, եթե կանաչ Քարվաճառս արդեն լիովին վերականգնված լիներ ու մաքրված ավերակներից…

Քարվաճառում այնքան շատ գործ կա, որ ինքնաարտահայտվելու պակաս հաստատ չի զգացվում: Քարվաճառը նաեւ գործելու, արարելու վայելք է տալիս…


Իմ կանաչ դրախտավայր, շնորհակալ եմ, որ գտել եմ քեզ, իմ հայրենի եզերք, իմ անբացատրելի ու խորհրդավոր հայրենիք, վերածննդի ու վերաիմաստավորման եզակի հնարավորություն… 

вторник, 29 октября 2013 г.

Մեկ տարի Քարվաճառում. փորձ ու փորձառություն

Մեր ընտանիքի` Քարվաճառ տեղափոխվելու պատմությունն արդեն մեկ տարի է` սոցիալական ցանցերում որոշակի հետաքրքրություն է ձեւավորել ու քննարկման առաջկա դարձել: Դա պայմանավորված է ոչ թե այն նրանով, որ այդքան ուշադրության արժանի է մեր անձը, այլ նրանով, որ Քարվաճառ ամեն օր նոր մարդիկ չեն տեղափոխվում ապրելու: 


Արցախի Քարվաճառ քաղաքում,  որն ազատագրվել է հայ զինվորների արյան գնով, այժմ նոր բնակելի տներ չեն կառուցվում: Հենց դրանով է պայմանավորված նոր բնակիչների` այստեղ չտեղափոխվելը: Մեր նորաստեղծ ընտանիքն այստեղ տեղափոխվեց մեկ տարի առաջ, եւ այժմ ես այս տողերը գրում եմ մեր կողմից կառուցված մեր սեփական տնից. մեկ տարվա մեջ մենք կարողացանք տուն կառուցել ազատագրված Քարվաճառում, եւ հենց այդ փորձով եմ ցանկանում այժմ կիսվել այն մարդկանց հետ, ովքեր մտածում են երբեւէ ազատագրված հայրենիք եւ մասնավորապես Քարվաճառ տեղափոխվելու մասին:

Երբ սրանից մեկ տարի առաջ ես ու ամուսինս մեր հարսանիքից երկու օր հետո տեղափոխվեցինք Քարվաճառ, շատ հարցեր ապագայի հետ կապված դեռ անորոշ էին, բայց որոշակի էր մի բան. մենք Քարվաճառ էինք տեղափոխվել տարածքի բնակիչներին, մասնավորապես երեխաներին, մեր կարողությունների չափով օգտակար լինելու, նրանց ինչ-որ գիտելիքներ փոխանցելու համար: Ամուսինս արդեն սեպտեմբեր ամսից Քարվաճառի դպրոցում աշխատում էր որպես պատմության ուսուցիչ (եւ աշխատում է մինեւ այժմ), ես Քարվաճառում եւս շարունակում էի լրագրողական գործունեւությունս: Բնակվում էինք Ալեքսանդր Քանանյանի տանը (Քարվաճառով հետաքրքրվողները, վստահ եմ, ծանոթ է այս անունը)` սեփական տուն ունենալու առանց որեւէ հիմնավոր հույսի: Մեր աշխատավարձը բավարար չէր տան շինարարություն սկսելու համար անգամ, սակայն մենք հավատում էինք, որ գումար կհավաքենք, ու մի քանի ամսից կկարողանանք մեր ընտրած ավերակի վերականգնումը սկսել:

Այդ ժամանակ արդեն սկսեցինք մեր հողի սեփականաշնորհման գործընթացը, որը տարբեր պատճառներով անտանելիորեն երկար ձգվեց` մինչեւ հաջորդ տարվա հունիս ամիս: Այս ընթացքում ռուսաստանաբնակ մի մարդ, ում մասին միայն Open Armenia ֆորումում գրանցված իր նիկը գիտենք, մեզ փոխանցեց 2.5 մլն դրամ` մեր տան շինարարությունն սկսելու համար: Դա արդեն հույս էր. տան կառուցումն իրական էր դառնում: Այնուհետ մեր տան շինարարության համար մեզ գումար փոխանցեց ազատամարտիկ Ալեք Ենիգոմշյանը. գումարը ռուսաստանաբնակ հայ ընտանիքի կողմից փոխանցվել էր «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամին ու ծառայեց Մոնթեի ազատագրած Քարվաճառում մի ավերակ տուն դարձնելու գործին… Բնականաբար, ներդրել ենք նաեւ մեր սեփական գումարը, իմ ու ամուսնուս ընտանիքները, որ չնայած սկզբից դեմ էին մեր` Քարվաճառ տեղափոխվելուն, տան շինարարությունն սկսելուց հետո մեծապես օգնեցին մեզ…

Հուլիս ամսին վերջապես սկսեցինք տան շինարարությունը: Սպասման, նյարդերի քայքայման, հուսալքման պահերի ու հույսի երկու ամիս, եւ մեր տան պատերը կանգնած են ու տանիքը ծածկված: Հոկտեմբեր ամսին արդեն մեր տանն ենք. ներսի հարդարման աշխատանքները դեռ արված չեն, առաջիկա մի տարում դժվար կարողանանք անել, բայց հավատացեք, դա արդեն այնքան էլ կարեւոր չի: 

Տան կառուցումն, իհարկե, չափազանց կարեւոր պայման է Քարվաճառում ապրելու ու հաստատվելու համար: Սակայն կա եւս մեկ կարեւոր (միգուցե եւ կենցաղային բոլոր հարցերից կարեւոր) պայման. դա միջավայրն է: Քարվաճառը, չնայած որ բնակեցված է կարճ ժամանակահատված, արդեն ինչ-որ չափով ունի ձեւավորված միջավայր: Այստեղ տեղափոխվելիս պետք է հստակ իմանալ, որ Քարվաճառում ապրում են մարդիկ, ովքեր իրենց տունն են կորցրել Հյուսիսային Արցախում ադրբեջանցիների ագրեսիայի պատճառով, եւ այս մարդիկ չափազանց ծանր ապրումներ ու կորուստներ են ունեցել մինչեւ այստեղ հաստատվելը, Քարվաճառում ապրում են մարդիկ, ում կյանքը չի հաջողվել նախորդ բնակավայրում, եւ նրանք որոշել են ամեն ինչ նորից սկսել այստեղ: Ապրում են նաեւ մարդիկ, ում համար կարեւոր ու սկզբունքային է հենց Ազատագրված Քարվաճառը զարգացնելու գաղափարը: Քարվաճառը մի կողմից սովորական մի փոքրիկ գյուղ է` իր ամենօրյա հոգսերով ու խնդիրներով, մյուս կողմից էլ` լրիվ ուրիշ տրամաբանությամբ ապրող մի փոքրիկ կղզի: Առաջին օրերին շատ բան էր տարօրինակ, շատ բան էր անհասկանալի, շատ բան էր այլ… Քարվաճառում շատ թույլ է ժամանակի կարեւորության զգացողությունը, այսօրվա համար պայմանավորված գործը կարող է մի քանի շաբաթ տեւել… Ժամանակն այստեղ շատ է, երբեմն թվում է` թե կանգ է առել: Տարածքը կտրված է, թվում է, թե Հայաստանի մյուս շրջաններում կատարվող իրադարձություններն այստեղ չեն հասնում: Չգիտեմ, միգուցե դա հատուկ է բոլոր հեռավոր գյուղական շրջաններին: Չնայած Քարվաճառն այնքան էլ հեռավոր չէ, օրինակ, Վարդենիս քաղաքից հեռու է ընդամենը 80 կմ, սակայն այդ 80 կմ-ն անցնում ենք 2-3 ժամում, քանի որ ճանապարհը լավը չէ:

Քարվաճառում նորեկներին լավ են ընդունում (գոնե մեզ բոլորն են լավ ընդունել): Տուն չկա, տան շինանյութ չկա, բայց մարդիկ ցանկանում են, որ նոր բնակիչներ գան. ամեն մի նորեկ նոր շունչ ու նոր իմաստ է բերում իր հետ:

Քարվաճառում բնակվելուս երկրորդ թե երրորդ ամսում սկսեցի մտածել տեղի դպրոցականների հետ թատերական խմբակ կազմակերպելու մասին: Չնայած ինքս մասնագետ չեմ, ոչ դերասան, ոչ էլ բեմադրիչ, բայց մինչեւ Քարվաճառ գալս դիտել եմ տասնյակ ներկայացումներ, կարդացել ու կարդում եմ համապատասխան գրականություն, զրուցել եմ ոլորտի ներկայացուցիչների հետ: Մի խոսքով, պարապունքներն սկսեցինք. սպասում, ոգեւորություն, հուսալքություն, ուժ, անելանություն, մեծ ոգեւորություն… ու այդպես մինչեւ այսօր, ամեն օր մի նոր բացահայտում, նոր միտք, նոր ոգեւորություն Քարվաճառի էրեխեքի համար:

Հենց այս խմբակն ու դրա հետ կապված նպատակներն ու մտքերն են շատ հաճախ ինձ օգնել մնալ Քարվաճառում, ավելին, թույլ չեն տվել հեռանալ Քարվաճառից:    


Քարվաճառում այժմ տասնմեկ երեխա են հետաքրքրված թատրոնով, ներկայացմամբ, հենց այսքան երեխա է հաճախում իմ խմբակ: Նրանք չարաճճի են ու հետաքրքիր, ինչպես բոլոր երեխաները, նրանք էլ են ուզում շատ բան սովորել ու տեսնել: Մի քանի երեխա ցանկություն են հայտնել կիթառ նվագել սովորել. «Ընկեր Թամարա, եթե կիթառ պարապող լիներ, ամեն օր փորձի կգայինք», խոստանում են նրանք: Երեխաները ցանկանում են նաեւ նկարչություն պարապել, դաշնամուր, անգլերեն, համակարգչային հմտություններ…

Քարվաճառում այսօր բնակչության թիվը շատ փոքր է, թերեւս սա էլ է պատճառ, որ այստեղ շատ ծրագրեր չեն իրականացվում: Սակայն շատ լինեն մարդիկ, թե քիչ, յուրաքանչյուր երեխա իրավունք ունի լավ կրթություն ստանալու, զարգանալու, տեսնելու ու սովորելու…

Չեմ էլ հիշում, թե որտեղից սկսեցի եւ ուր հասա, բայց նյութս սկսելիս մի հստակ միտք ունեի փոխանցելու. Քարվաճառին նոր բնակիչներ են անհրաժեշտ, գրագետ, կրթված մասնագետներ, արվեստագետներ են անհրաժեշտ: Գիտեմ, այստեղ տուն չկա, բայց եթե ինչ-որ մեկն իրոք ցանկանում է տեղափոխվել Քարվաճառ, մի բան կմտածենք, մի ճար կգտնվի, եթե ցանկությունը մեծ լինի: Ու եթե գրառումս շատ խառն ստացվեց ու ձեր մոտ հարցեր առաջացան, գրեք, անպայման կփորձեմ պատասխանել:


Ու երբեք մի մոռացեք. հայոց հողն ապրում է իր զավակի շնչով: