Դառնալ
նպատակ, որ քեզ համար մարդիկ հետ գան քո քաղաքը. մի՞թե սա չէ բարձ-րագույն
գնահատականը բանաստեղծի, նկարչի, քանդակագործի… արվեստագետի… մտածող ու զգացող
մարդու… Եվ դառնալ այդ նպատակը ոչ թե անհայտ մի վայրում, որտեղ ձգող ու կանչող
ոչինչ ուրիշ չկա, այլ այնպիսի մի վայրում, ինչպիսին է Էջմիածինը:
Մայր
Տաճարում ու Սբ. Գայանեում մոմ վառելուց, ներդաշնակ խաղաղություն ապրելուց զատ
այսօր Էջմիածնում ցանկանում եմ նաև այցելել Մաչանենց արվեստի տունը:
30
տարի գործող «Հայ միության խաչ» կազմակերպությունը կարողացել է արվեստի մի աշխարհ
ստեղծել, որտեղ ցանկանում ես անընդհատ վերադառնալ, քանզի կարծում ես, թե քեզնից մի
մասնիկ թողել ես այնտեղ, կամ էլ հակառակը՝ քեզ ես գտել այնտեղ:
Գրիգոր
Մաչանենց Բաբախանյանը, կազմակերպության ղեկավարը, իր նվիրյալ թիմի հետ տարիների
ընթացքում ոչնչից հիմնել է պատկերասրահ, կավա-գործության, նկարչության,
գորգա-գործության խմբակներ, թատերախումբ, գինետուն… Հիմնել է զգացմունքի ու սիրո մի
տոն, որը ցանկանում ես հաճախ վերապրել այս սառչող ու մեքենայացվող օրերում:
Մաչանենց
արվեստանոցում դու անընդհատ հանդիպում ես քեզ. լուսավոր, ապրող, համբուրվող, ծակ
կոշիկներով, ուղեղդ մտքերից ճայթած, ներդաշնակություն գտած… հազար ու մի տեսակ
քեզ: Ու հենց այդ պատճառով էլ քեզ ապահով ես զգում այտեղ ու ցանկանում ես
արթնացնել մեջիդ ամենալավը, ամենանվիրականը. չէ՞ որ դիմացինդ այնքան սեր է տալիս
աշխարհին, դու ինչպե՞ս չպատասխանես նույն կերպ:
Մաչանենց
արվեստը մարդկային է ու մոտ. այն չի վախեցնում, այն կտրված չի աշխարհից ու անտեղի
կոկիկ չէ. այն չի ասում՝ ես բարձր եմ ու անհասկանալի, ոչ, այն ինձ ասում է՝ ես
դուրս եմ եկել նաև հենց քեզանից…
Հ.Գ.
Ազատագրված Քարվաճառում, որը նոր է վերաբնակեցվում, նոր է ձևավորվում
քարվաճառցին, ով էլ պիտի իր քաղաքին, իր դիմագիծն ու ոճը տա, կարիք ունի հենց նման
մոտեցման: Եվ Մաչանենց տուն այցելելը մի խումբ քարվաճառցիների համար իսկապես
հիանալի հնարավորություն էր՝ տեսնելու, սովորելու, կիրառելու:
Մեծագույն
շնորհակալություն հայտնելով «Արարատ» հիմնադրամին, որի շնորհիվ մենք կարողացանք
այցելել Մաչանենց արվեստի տուն, նաև հույս եմ հայտնում, որ մի օր մարդիկ Քարվաճառ
գալու նույնպիսի հիմնավոր ու ուրույն նպատակ ու ցանկություն կունենան:
Թամարա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий