Показаны сообщения с ярлыком ՀՀ անկախություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՀՀ անկախություն. Показать все сообщения

воскресенье, 20 сентября 2015 г.

Իմ արտագաղթած դասընկերը․ անկախության մեր գինը

Իմ դասընկեր Հայկը փոքրամարմին էր ու շիկահեր, կամ էլ ընդհանրապես այդպիսին չէր, բայց ես նրան հենց այդպես եմ հիշում։ Հայկի հետ կապված շատ հիշողություններ չկան․ միակ հիշարժան բանն այն է, որ մի քանի տարի շարունակ Հայկն ամեն սեպտեմբերի մեկին գալիս֊ասում էր՝ «Ես էս տարի դասագրքեր չեմ վերցնում, մի քանի օր եմ դասի գալու, հետո մենք գնալու ենք Ռուսաստան»։ Ու մի քանի տարի շարունակ մենք տեսնում էինք, թե ինչպես է Հայկն ամբողջ տարին գալիս դպրոց․ սեպտեմբերի կեսին նրա մայրիկը, նիհար ու շիկահեր մի կին, գալիս էր ու ինքն էր դասագրքերը վերցնում։ Ու ամեն տարի մենք ծիծաղում էինք Հայկի վրա՝ հը, բա չե՞ք գնում Ռուսաստան։ Ծիծաղում էինք ու այդ ժամանակ ոչ մեկս չէր գիտակցում, որ Հայկի՝ Ռուսաստան գնալը նաեւ մեր ցավն էր, նաեւ մեր՝ Հայաստանում մնացողներիս կորուստը։ Հայկն էլ տխրում էր, նեղվում, որ էլի ստիպված է մնալ, ու երեւի թե ատում Հայաստանն էլ, Վանաձորն էլ, մեր դպրոցն էլ։ Մի տարի էլ, արդեն սովորականի նման, տարվա սկզբին Հայկը նույնն բան ասաց, ու մենք, բնականաբար, էլի ծիծաղեցինք։ Ու չնայած էլ ոչ մի կերպ չէինք հավատում, բայց այդ տարի Հայկենք՝ ինքը, մայրիկն ու եղբայրը, իրոք գնացին Ռուսաստան, իրենց հայրիկի մոտ։
Ու Հայկի ընտանիքի նման քանի՜֊քանի՜ ընտանիքներ այդ տարիներին գնացին արտերկիր՝ անկախացած Հայաստանն առանց իրենց թողնելով։
Էլ չգիտեմ, թե Հայկն ինչ եղավ, չգիտեմ՝ հիշու՞մ է մեր՝ իր վանաձորյան դասընկերների մասին։ Միգուցե Հայկի հայրիկի գործերն արտերկրում չեն հաջողվել, ու նրանք ընտանիքով հետ են եկել, ու Հայկն ու իր եղբայրն իմ եղբոր պես ծառայել են հայոց բանակում։ Հնարավոր է նաեւ, որ Հայկն արդեն կիսառուս երեխաներ ունի, չգիտեմ։
Հայկն այն տարիներին գնաց նոր, անծանոթ ու հեռու մի տեղ, իսկ մենք մնացինք մեր քաղաքում, մնացինք անտառից քարշ տված մի քանի ծառի ճյուղի, դպրոց բերած կտրատած փայտի, անընդհատ ծուխ անող ու համարյա չտաքացող վառարանի, մոմի լույսի ու տալոնով հացի հետ։ Մնացինք մարտի 8֊ին մայրիկին նվիրած մեր ձեռքով քաղած ձնծաղիկի համար, այն ուսուցիչների համար, որ տեսնելով, թե ոնց ենք մրսում, մեզ հավաքում էին վառարանի շուրջն ու էդպես էին դաս անում․․․
Մնացինք, որ այսօր ունենանք 24 տարեկան անկախ Հայաստան, հայոց միջնաբերդ Քարվաճառ, Արցախի կյանքի ճանապարհ Քաշաթաղ, մնացինք, որ ունենանք ազատագրված հողում ծնված մանուկներ, Դադիվանքում մկրտվող երեխաներ, մնացինք, որ Շուշիի Ամենափրկիչում մոմ վառող լինի, որ սարերը մեր չմնան անտեր։ Մնացինք, որ Վարդանի ու Մոնթեի, Պետոյի ու Թաթուլի, Գագոյի ու Կարոտի ձեռք բերած անկախությունը չմնա անտեր։ Ու անտեր չի՛։
Ի՞նչ իմանաս՝ միգուցե Հայկի ու բազմաթիվ հայկերի երեխաներ մի օր կգան՝ տեր կանգնելու իրենց անկախությանը․․․

воскресенье, 21 сентября 2014 г.

Անկախության սերունդ. մենք

Մենք անկախության սերունդն ենք: Անկախության կերտումը, անկախության անցած ճանապարհը մեր մանկությունն է...

Մենք անկախության սերունդն ենք. մի սերունդ, ում մուլտֆիլմը հաճախ ընդհատվում էր` էլէկտրականության անջատվելու հետ, բայց որը մուլտֆիլմ էր դիտում: Մի սերունդ, որ խաղում էր բակում: Սերունդ, որ հաճախ մրսում էր ու ձմեռվա երկար գիշերներին ջերմանում էր տատիկի պատմած հեքիաթից: Մի սերունդ, որ տեսել է մոմի լույս ու տալոնով հաց:

Մենք անկախության սերունդն ենք. մի բացառիկ սերունդ, որ ունի Ազատագրված հայրենիք, մի սերունդ, ով հայրերի կյանքով է վճարել ազատության համար ու մի անգին պարտք ունի` պահպանել ազատ հայրենիքը: Մենք այն սերունդն ենք, որ հնարավորություն ունի ապրելու Ազատագրված Քարվաճառում ու Բերձորում (էլ ե՞րբ էր էսպիսի բան եղել):

Մենք անկախության սերունդն ենք... ցուրտ ու ամենաջերմ մանկությամբ, գիտակցված ներկայով, լուսավոր ապագայով:

Շնորհավոր տոնդ, իմ անգին Հայաստան:

суббота, 21 сентября 2013 г.

Անկախության իմ բաժինն ու պատասխանատվությունը

Անկախություն. հպարտություն ու պատասխանատվություն. թե´ պետական, թե´ անձնական: Անկախ ենք, ուրեմն մենք ենք մեր գլխի տերը:

Հենց իմ սերունդն է անկախության սերունդը: Ես դպրոցական տարիներից մեր տանը  եղած ռուսական անհամար գրքերի կողքին սկսեցի ավելացնել հայկական գրքեր, հայ հեղինակներին: Ես սկսեցի մեր տուն անկախություն բերել հայոց գրքերով, հայկական երգերով ու հայրենիքի հանդեպ պատասխանատվությամբ: 

Իմ սերունդը պատասխանատու է անկախության համար, քանի որ այն մեզ է վստահվել:
Ազատ Քարվաճառն ու անկախությունն ինձ համար իրար կապված են: Ինչպես մի խելացի մարդ մի օր զրույցի ժամանակ ասաց, Քարվաճառը հայոց պետականության ողնաշարն է:

Ես ընտրել եմ հայոց պետականության ողնաշարն իմ կարողացածի չափով ամրացնելու ու անկախության համար Քարվաճառում պատասխանատու լինելու տարբերակը:

Այս տարի հայրենիքիս ծնունդը ես նշեցի կիսավեր ու վաղվա օրվան հույսով նայող գողտրիկ Քարվաճառում:
Մեր մոտ հրավառություն չեղավ, համերգ չեղավ, տոնակատարություն չեղավ:

Անկախությունս ամուր ու ամրացած կլինի այն օրը, երբ վերականգնված, վերաբնակեցված ու Հայաստանիս լիիրավ ու լիարժեք մաս կազմած Քարվաճառն էլ լիաթոք կնշի Մայր Հայաստանի անկախության տարեդարձն ու իրեն մեկուսացած չի զգա…


Ծնունդդ շնորհավոր, միակ Հայաստանս: 

пятница, 21 сентября 2012 г.

Անկախության համը. մոմի հետքերն ու իմ սերնդի քաղցր մանկությունը


Հայաստանի անկախության մասին գրելն ինձ համար հեշտ չի: Գրել այդ մասին, նշանակում է գրել իմ մասին, իմ մանկության մասին, իմ ամենաիմի մասին, մի բան, որի մասին շատ-շատ եմ մտածել, հիշել, վերլուծել, բայց երբեք չեմ գրել:
21 տարի առաջ այս օրը ես երեք տարեկան էի ու կախված էի միայն մայրիկիցս: Անկախություն էր երկրում, թե կախում, ոչ հասկանում էի, ոչ էլ ինձ հետաքրքրում էր:
Գիշերը, երբ լույս չէինք ունենում, տատիկիս հետ տնով մեկ շրջում էինք մոմը ձեռքներիս: Ու հետո հաջորդ առավոտյան ես, մի փոքրիկ աղջնակ, իմ նման փոքրիկ մի դանակ ձեռքիս, քերում էի մոմի հետքերը, որ կաթել էին մեր գիշերային շրջագայության հետեւանքով: Գիշերները տատիկիս մոտ էի պառկում, քանի որ մեր բնակարանում շատ ցուրտ էր, ու նա էլ առիթն օգտագործելով, ինձ ռուսերեն բառեր էր սովորեցնում: Տատիկս թերեւս դեռ լավ չէր ընկալում, որ մենք անկախացել ենք, ու մեզ արդեն հայոց լեզու էր պետք սովորել: 
Խորհրդային իներցիայով նա ինձ ու եղբորս ռուսերեն էր սովորեցնում, իսկ մեծ տարիքում էլ անընդհատ կոչ էր անում ռուսալեզու գրականություն շատ կարդալ:

Անկախության ճանապարհն ինձ համար սկսվում է մեր տան հատակին թափված մոմից ու իմ հատուկենտ ռուսերեն բառերից, սառն անկողնուց ու տատիկիս ջերմ սիրուց…
Անկախության հռչակման հաջորդ տարիներն ավելի լավ եմ հիշում. երբ խաղում էինք բակում, մթության մեջ, ու մեկ էլ հանկարծ պատուհաններից երեւում էր լույսը….ուռաաաաա, լույսերը տվեցին, գոռում էինք մենք ու վազում ամենքս մեր տուն: Այ թե ուրախություն էր, այ թե ոգեւորություն էր: Հիմա չեմ էլ հիշում, թե մենք՝ երեխաներս, ինչ էինք անում այդպես կարեւոր լույսի հետ կապված, բայց երեւի թե միայն այն միտքը, որ լույս կար, մեզ ուրախացնում էր:
Տանն էլեկտրականություն լիներ, թե չէ, մարդկանց հոգիներում լույս կար հաստատ: Հիշում եմ, թե որքան հարեւաններ էին մեր տուն գալիս այդ օրերին: Ու գալիս էին առանց զանգելու, առանց զգուշացնելու, ուղղակի, վեր էին կենում ու գալիս… ու մերոնք էլ չէին մտածում, թե ինչ հյուրասիրեն. կարտոֆիլը դնում էին վառարանի մեջ, թթու էլ ոնց էլ չլիներ, կճարվեր, ու վերջ. հաճելի երեկոն ապահովված էր, անգամ եթե կեսից լույսն անջատեին:
Հորեղբորս գործարանն այդ տարիներին Ռուսաստանի հետ էր համագործակցում, ու ինքը մի քանի անգամ այնտեղից վարելով մեքենա է բերել: Կապ չկար, հեռախոս չկար, ու մինչեւ հորեղբայրս տուն էր հասնում, մերոնք անհանգստությունից կես մարդ էին դառնում: Իսկ մենք՝ երեխաներս, այդ օրը երջանիկ էինք. Հորեղբայրդ ամենից շատ քաղցրավենիք էր բերում մեզ համար, որը մեզ բավականացնում էր մինչեւ նրա հաջորդ գնալը: Բայց քաղրավենիքը դեռ մի կողմ…իմ մանկության ամենատաքուկ ժամերն էին, երբ հորեղբայրս մեր մեծ ընտանիքը հավաքում էր մեր փոքրիկ խոհանոցում, եւ ընթրիքի համեղ սեղանի շուրջ մինչեւ ուշ գիշեր ձգվում էին նրա պատմություններն իր ճամփորդության մասին: Մենք՝ ես, եղբայրս ու հորեղբորս աղջիկը, լսում էինք մեզ համար հեքիաթային այդ դեպքերն ու ամենքս մեր երեւակայության մեջ դրանց մի ընթացք տալիս…
Քաղցր, անուշիկ ու անցած մանկությունս…որ համընկավ Հայաստանիս անկախության, դրա համար պայքարի ու դրա ծանր հետեւանքների հետ… մանկությունս, որ հիշելիս կոկորդս խեղդվում է, աչքերս ջերմանում են արտասուքից, ու մի թախծոտ լույս է իջնում վրաս… Մեր բակի ընկերուհիներս, որոնցից 90 %-ի ընտանիքները լքեցին անկախ Հայաստանը, մարդիկ, ովքեր ապրել էին 21 տարի առաջ այս օրը տեղի ունեցած ազգային վերելքն ու զգացել անբացատրելի մի բան՝ անկախություն…
Ու թերեւս այդ մեծ հույսերն էլ պատճառ դարձան այն մեծ հիասթափության ու դատարկությանը, այն մեծ ազգային անկումին, որ ունեցանք, որ ունենք ու որի մասին չեմ ուզում խոսել այսօր ու այստեղ, անկախության ու մանկությանս իմ հարազատ փոքրիկ սենյակից…