Հեղինակ` Helaine Blumenthal
2010 թվականից սկսած` 36.000 ուսանողներ ԱՄՆ-ում և Կանադայում խմբագրում են Վիքիպեդիան որպես դասապրոցեսի մաս: Վիքիպեդիայում կատարած նրանց ներդրումը հեշտ է գնահատել. նրանք ավելացրել են ավելի քան 30 միլիոն բառ (Բրիտանիկա հանրագիտարանի վերջին տպագիր հրատարակության երկու երրորդ մասի չափով) ակադեմիական առարկաների վերաբերյալ, որոնք կա՛մ իսպառ բացակայում էին, կա՛մ զարգացման մեծ կարիք ունեին: Իսկ ի՞նչ է տալիս Վիքիպեդիայում խմբագրելը հենց իրենց` ուսանողներին: Մինչև վերջերս այս հարցին ավելի դժվար էր պատասխանել:
Վիքիպեդիայում կատարած ներդրումների ազդեցությունն ուսանողների վրա հասկանալու համար Վիքի Կրթական Հիմնադրամն ուսումնասիրություն է անց կացրել 2016 թվականի աշնանային ուսումնական կիսամյակի ընթացքում: Մանրամասնորեն ուսումնասիրելով տեղեկությունների և՛ որակական, և՛ քանակական կողմերը, ուսումնասիրությունը պարզել է, որ Վիքիպեդիայում ներդրում կատարելն օգնում է ուսանողներին զարգացնել թվային գրագիտությունն ու քննադատական ուսումնասիորւթյան հմտությունները, նպաստել նրանց` հանրության համար գրելու կարողության զարգացմանը, ընդլայնել համագործակցելու հմտությունները: Ուսանողները նաև ձեռք են բերում արժեքավոր գնահատական իրենց կողմից ամեն օր օգտագործվող տեղեկատվության աղբյուրի` Վիքիմեդիայի վերաբերյալ:
Թվային գրագիտություն և քննադատական ուսումնասիրություն
Մի ժամանակաշրջանում, երբ կեղծ լուրերը գերիշխող են, և այդ միտումն աճում է, ուսանողների համար կարևոր է սովորել` ինչպես տարանջատել վստահելի աղբյուրները ոչ վստահելիներից: Ուսումնասիրությունը պարզել է, որ հարցմանը մասնակցածների 96%-ը կարծում է, որ Վիքիպեդիայում արված ներդրումը շատ ավելի արժեքավոր է ուսանողներին թվային գրագիտություն սովորեցնելու համար, քան ավանդական ներդրումները, և 85 %-ը կարծում է, որ Վիքիպեդիայում ներդրումները շատ ավելի արժեքավոր են առցանց վստահելի աղբյուրները տարբերել սովորելու համար: Ուսումնասիրությանը մասնակցող ֆոկուս խմբերից մեկի ուսանողներից մեկը Վիքիպեդիայում ներդրումներ կատարելու մասին ասել է. «Այն բարձրացնում է լավ տեղեկատվության իմացությունը, հասկանալի է դառնում վատ տեղեկատվությունը... դու ավելի շատ հարցեր ես ունենում և քո կարդացած տեղեկատվության հավաստիության վերաբերյալ առավել վստահ ես»: