Արցախի հյուսիս-արևմուտքում գտնվող Շահումյանի
(առավել հայտնի պատմական անունով` Քարվաճառի) շրջանը հարուստ ու յուրահատուկ
գեղեցիկ բնություն ունի: Ամռան երկու ամիսները, հուլիսն ու օգոստոսը, Քարվաճառի
շրջան այցելելու լավագույն ժամանակն են: Առանձնացնենք Քարվաճառ այցելելու մի քանի
պատճառ: Մյուսները կարող եք ավելացնել ինքներդ` շրջան այցելելուց հետո:
- Տեսնել Քարվաճառի շատ գեղեցիկ ճանապարհները` լեռներով, կանաչապատ սարերով, մաքուր գետերով ու բարձր ու կապույտ երկնքով:
- Տեսնել Արցախի հիմնական ջրային զարկերակը, անհավանական գեղեցիկ Թարթառ գետը:
- Տեսնել Դուտխուի կիրճը` թունելից բացվող բնական պատուհանից:
- Տեսնել Դադիվանք վանական համալիրը, որի կառուցումն սկսվել է 4-րդ դարից: Դադիի գերեզմանը, որ թվագրվում է առաջին դարով, համարվում է տարածաշրջանում առաջին քրիստոնեական վկայությունը:
- Տեսնել Զուար գյուղը` իր հայտնի բուժիչ տաք հանքային ջրերով, լողանալ այնտեղ:
- Տեսնել Նոր Վերինշեն համայնքի մոտ գտնվող միջնադարյան եկեղեցին, որ պահպանվել է ադրբեջանական գերության տարիներին և այժմ գտնվում է բարվոք վիճակում:
- Տեսնել պատմական Հանդաբերդն ու հանդիպակաց սարի վրա գտնվող եկեղեցու ավերակները:
- Այցելել միջնադարյան իշխանանիստ Ծար համայնքը, որտեղ ամպերն ու մարգագետինները միահյուսվում են իրար... մոմ վառել ադրբեջանական գերությունից փրկված ու մեզ հասած երկու միջնադարյան եկեղեցիներում:
- Ծար գնալու ճանապարհին կանգառ անել բնական տաք հանքային բուժիչ ջրերի մոտ: