Արցախի հյուսիս-արևմուտքում գտնվող Շահումյանի
(առավել հայտնի պատմական անունով` Քարվաճառի) շրջանը հարուստ ու յուրահատուկ
գեղեցիկ բնություն ունի: Ամռան երկու ամիսները, հուլիսն ու օգոստոսը, Քարվաճառի
շրջան այցելելու լավագույն ժամանակն են: Առանձնացնենք Քարվաճառ այցելելու մի քանի
պատճառ: Մյուսները կարող եք ավելացնել ինքներդ` շրջան այցելելուց հետո:
- Տեսնել Քարվաճառի շատ գեղեցիկ ճանապարհները` լեռներով, կանաչապատ սարերով, մաքուր գետերով ու բարձր ու կապույտ երկնքով:
- Տեսնել Արցախի հիմնական ջրային զարկերակը, անհավանական գեղեցիկ Թարթառ գետը:
- Տեսնել Դուտխուի կիրճը` թունելից բացվող բնական պատուհանից:
- Տեսնել Դադիվանք վանական համալիրը, որի կառուցումն սկսվել է 4-րդ դարից: Դադիի գերեզմանը, որ թվագրվում է առաջին դարով, համարվում է տարածաշրջանում առաջին քրիստոնեական վկայությունը:
- Տեսնել Զուար գյուղը` իր հայտնի բուժիչ տաք հանքային ջրերով, լողանալ այնտեղ:
- Տեսնել Նոր Վերինշեն համայնքի մոտ գտնվող միջնադարյան եկեղեցին, որ պահպանվել է ադրբեջանական գերության տարիներին և այժմ գտնվում է բարվոք վիճակում:
- Տեսնել պատմական Հանդաբերդն ու հանդիպակաց սարի վրա գտնվող եկեղեցու ավերակները:
- Այցելել միջնադարյան իշխանանիստ Ծար համայնքը, որտեղ ամպերն ու մարգագետինները միահյուսվում են իրար... մոմ վառել ադրբեջանական գերությունից փրկված ու մեզ հասած երկու միջնադարյան եկեղեցիներում:
- Ծար գնալու ճանապարհին կանգառ անել բնական տաք հանքային բուժիչ ջրերի մոտ:
- Նույն ճանապարհին լուսանկարվել միջնադարյան կամուրջի մոտ:
- Քայլարշավ կազմակերպել հեքիաթային անտառների ոլորաններով:
- Թարթառի կիրճում տեսնել քարերի խելահեղ սիմֆոնիան:
- Օգոստոսի վերջին ներկա լինել մեղրաքամի գործընթացին, ճաշակել էկոլոգիապես մաքուր մեղր:
- Նույն ժամանակաընթացքում մասնակցել շրջանում իրականացվող բերքահավաքին, համտեսել արևահամ խնձոր, տանձ, սալոր, անտառային հատապտուղներ:
- Քարվաճառ քաղաքում այցելել եզակի գեղեցկությամբ հայտնի Սատանի կամուրջը:
- Իրականում տեսնել Քարվաճառից լուսանկարի տեսքով համացանցում ամենաշատ տարածված տեսարանը` Դաշտակը:
- Քնել վրանում` աշխարհի ամենաաստղաշատ երկնքի տակ:
- Քարվաճառի վիքիակումբի հաճելի միջավայրում քարվաճառցի խելացի երեխաների հետ սովորել խմբագրել Հայերեն Վիքիպեդիայում, զրուցել փոքրիկ քարվաճառցիների հետ ու նրանց հետ թեյ խմել:
- Անբացատրելի հպարտության ապրել` քայլելով ազատագրված հայրենիքում:
Քարվաճառում ձեզ ընդունելու պատրաստ, Քարվաճառի
բնակչուհի Թամարա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий