четверг, 25 января 2018 г.

Քարվաճառը

«Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ դպրոց»: Վիլյամ Սարոյանն ո՞ւր, Քարվաճառն ո՞ւր: Քարվաճառի դպրոցը կարող էր լինել Մոնթեի անվան, Պետոյի, Հեթանոս Գագոյի: Բայց չէ, Վիլյամ Սարոյանի անվան է. հայկական իրականության հետ այնքան էլ կապ չունեցող ամերիկացի (լավ, ամերիկահայ ;) ) մի հիանալի գրողի անունով Ֆրեզնոյից: Ու դեռ քանի՞ տարի պիտի անցներ դպրոցի հիմնումից, որ երեխաներն այստեղ սկսեին անգլերեն սովորել...

Ու այս մի փոքր դրվագն այնքան լավ է բնութագրում քարվաճառյան իրականությունը, հաճախ աշխարհի մեջ չտեղավորվող ու կողքից ծիծաղելի թվացող այս քարվաճառյան իրականությունը:

Քարվաճառում միաժամանակ ամեն ինչ կա ու ոչինչ չկա... Քարվաճառում չկան ասֆալտապատ փողոցներ, աղբահանություն ու կոյուղի, բայց ինչ-որ մեկը նպատակ ունի այստեղ արթ-սրճարան կառուցել, մի ուրիշն էլ անպայման որոշել է, որ Քարվաճառում ամեն տարի պիտի նշվի Գիրք նվիրելու օրը, որ երեխաները սովորեն իրար գիրք նվիրել ու կարդալ:

Քարվաճառում դպրոցականները կարող էին մի բարդ ու ամբիցիոզ ներկայացում վերցնել, բեմադրել քիչ չի, դեռ մի հատ էլ վերցնել այն ու ցուցադրել տարբեր բնակավայրերում: Ձորագյուղում Քարվաճառի անունը չէին էլ լսել, հիմա երկար են հիշելու:

Քարվաճառում կարող է` շատ բան չկա, բայց կա գլխավորը` ամեն ինչ ունենալու հնարավորության զգացումը: Քարվաճառում ոչինչ անհնար չէ, յուրաքանչյուր գաղափար այստեղ իրականալի է (թվում...):

Քարվաճառի 8-9 տարեկան երեխաներն սկսում են համակարգչով խաղեր ստեղծել ու վիքի նախագծերում խմբագրել ու հեռուն գնացող մեծ երազանքներ ունենալ...

Քարվաճառի լեռներն այն աշխարհի յուրօրինակ կենտրոն են դարձնում, որտեղ և սկսվում է ամեն ինչ, որտեղ և վերադառնում է ամեն ինչ...

Քարվաճառ եկողն այն չի մոռանում ու անպայման հետ է վերադառնում:

Ով ասես կարող է ապրել Բասելոնայում, Միլանում, Երևանում կամ Նյու Յորքում, սակայն քչերը կարող են Քարվաճառում ապրել ;)

Մոգական վայր է Քարվաճառը...