Показаны сообщения с ярлыком Հայոց բանակ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայոց բանակ. Показать все сообщения

понедельник, 26 марта 2012 г.

Ո՞վ է մեղավորը


Երկու օր առաջ Երեւանից գնում էի Վանաձոր, հայրենի քաղաքս: Գնում էի երթուղային տաքսիով: Նույն փոխադրամիջոցի մեջ էին նաեւ երկու պատանի: Ինչպես շատ արագ իմացա իրենց հեռախոսազրույցներից, նրանք եկել էին Երեւան բուժստուգման ու հիմա հետ էին վերադառնում:
Նստեցին երկուսով վերջին նստարանին ու ինչ-որ տհաճ երաժշտություն են միացրել ու լսում են բարձր: Էսպես կոչված блатной երգեր են լսում: Հա, իրենց գործն է, ինչ ուզում են, թող լսեն, բայց ականջակալով գոնե: Խնդրեցի, որ անջատեն բարձր երաժշտությունը, քանի որ երթուղայինում միացրած ռադիոյի հետ մի անտանելի աղմուկ էր տրանսպորտում: Էս երկուսն ինձ առաջարկեցին նույն բանը խնդրել վարորդին, քանի որ իրենք չեն պատրաստվում անջատել երաժշտություն կոչվածը: Ես, բնական է, չշարունակեցի տհաճ խոսակցությունը: Դիմացս հայրիկիս տարիքի մի մարդ էր նստած: Նա շրջվեց, նախազգուշական հայացքով նայեց տղաներին: Այդ հայացքը, բնական է, նրանց ոչինչ չասաց: Այս մարդու զգուշացումից հետո մի կերպ անջատեցին երաժշտությունը: Բայց դրանով մեր հերոսները չավարտեցին իրենց ելույթը: Մինչեւ ճանապարհի վերջը ցույց տվին իրենց անդաստիարակությունն ու տգիտությունը: Բարձր հռհռում էին, ամբողջ ճանապարհին հեռախոսով անիմաստ ու բարձր խոսում էին, հնարավոր ու անհնար բոլոր ընկերներին զանգեցին ու իրենց տարիքի համար ակտուալ բառապաշարով խոսեցին նրանց հետ, պատմեցին իրենց քաջագործություններից, որ արել էին Երեւանում, մայրիկին ճանապարհից խաբեցին` ասելով, որ դեռ «Հանրապետական հիվանդանոցում են, էգուց են գալու Կիրովական»: Մի խոսքով, մինչեւ երթուղայինից իջնելը բոլոր ուղեւորներին անհանգստություն էին պատճառում:
Ու իրենք վաղը-մյուս օրը գնալու են բանակ: Հիմա ո՞վ է մեղավոր, որ իրենք անդաստիարակ ու անկիրթ են, հանրության մեջ իրենց պահել, մարդկանց հետ շփման ձեւ չգիտեն: Ես պատկերացրի, որ եթե երթուղայինում հետս ընկերս կամ եղբայրս լինեին, հաստատ այս պատանիների հետ կոնֆլիկտ էր լինելու. տղաները միմյանց այսօրինակ պահվածքը տանել չեն կարողանում ու ավելի կտրուկ են արձագանքում: Ու իրենք շուտով գնալու են բանակ ու հանդիպելու են իրենց նման, իրենցից մի քիչ էլ անկիրթ, իրենցից մի քիչ ավելի կիրթ, բայց տաքարյուն երիտասարդներին:

Այս պատանիների դաստիարակության ու անդաստիարակության մեջ դեռեւս մեծ դեր են ունեցել նրանց ընտանիքն ու դպրոցը: Սակայն այս երկու կարեւորագույն կառույցները կամ առանձնապես ջանքեր չեն թափել` արդյունքի հասնելու համար, կամ էլ ուղղակի չեն հաջողվել իրենց առաքելության մեջ: Հիմա նրանք բանակ են գնում, ու պատասխանատվությունն անցնում է ՊՆ-ին: ՊՆ-ն եւս պետք է ջանքեր թափի, բայց նրա ձախողումը, Աստված մի արասցե, կարող է եւ ճակատագրական լինել:

пятница, 27 января 2012 г.

Հայոց իմ բանակը



Ես ծնվել եմ 1988 թվականին: Մանկությանս վաղ հիշողություններում մի վախ է արմատացած: Վախենում էի, որ պապայիս կտանեին կռիվ: Երեխա էի, ոչինչ չէի հասկանում, միայն գիտեի` կռիվ, իսկ դրանից կարող էի հասկանալ` արյուն, կրակոց, մահ….Պապայիս աշխարհում ամենաշատն եմ սիրում (այս առաջին հորիզոնակում մի քանի հոգի են J ), իսկ չորս-հինգ տարեկան բորբոքված երեւակայությամբ երեխայի համար հոր մահը պատկերացնելը թերեւս վատթարագույնն է: Այն ժամանակ ես չգիտեի, որ ուրիշների հայրիկները գնում են կռվի դաշտ, որ նրանք արյունոտվում են ու մեռնում, որ այդ մարդիկ են պաշտպանում մեր հողը, որ թշնամին մեր տան դուռը չհասնի: Այդ ժամանակ ես չգիտեի, որ Արցախն են պաշտպանում այդ արյունոտ դաշտում, այդ ժամանակ ես չգիտեի, որ Վանաձորից բացի ուրիշ քաղաք էլ կա աշխարհում….Այդ ժամանակ ես միայն գիտեի, որ չեմ ուզում, որ իմ պապային տանեն կռիվ: Հաճախ գնում, առանց պատճառի փարվում էի նրան, պատկերացնում էի, որ պապաս էլ իմ կողքին չի, ու լալիս էի… Երբ փողոցով իրար հետ քայլում էինք, ամուր բռնում էի պապայիս ձեռքը. հաստատ որոշել էի նրա հետ գնալ կռիվ: Հա, մտածում էի, կասեմ` ես էլ եմ գալիս, ու կգնամ…. Պապայիս բանակ չտարան, կռիվն ավարտվեց: Կռիվը հարաբերականորեն ավարտվեց այն հայրիկների արյան գնով, ովքեր այսօր հանգչում են Եռաբլուրում, իսկ ես տարվա մեջ մի քանի անգամ այցելում եմ նրանց:
Իմ պապան չգնաց կռիվ, եւ այն ժամանակ ես շնորհակալ էի Աստծուն… Իսկ հիմա ես այնպես կցանկանայի, որ նա գնացած լիներ կռիվ…Այդ հաղթանակն ավելի իմը կլիներ, արցախյան հողն էլ ավելի իմը:

Վաղը Անկախ Հայաստանի Բանակի 20-ամյակն է: 20-ամյա այս բանակին շնորհակալ եմ Արցախյան հաղթանակի, այսօրվա իմ հանգիստ կյանքի ու անվտանգության համար: Այս բանակում իմ մասնիկն ունեմ. եղբայրս ծառայել է Հայաստանի Երրորդ Հանրապետության բանակում, ծառայել է արժանապատվորեն, ծառայել է այնպես, որ ես հպարտ եմ նրա ծառայությամբ:

Խաղաղ ծառայություն մեր զինվորներին, անամպ երկինք նրանց…

Շնորհավորում եմ բոլորիս տոնը, շնորհավորում եմ բոլորիս բանակի տոնը: