четверг, 16 февраля 2012 г.

Մի կիսատաք երջանկություն…


Կանգառում էին: Սառույց էր, սառցակալած էր, սառցակալած էին: Ոտքերի տակ ջուր էր, կոշիկների մեջ` նույնպես: Կոշիկներն անորակ էին, ջուրը ներս էին ծծում:

Սեղմվել էր Նրա ուսին. դողում էր ու երջանիկ էր: Չէր ցանկանում, որ ավտոբուսը գար: Լավ էր այդպես մրսելը, այդպես երջանիկ մրսելը: Ու չէր գալիս զգայուն ավտոբուսը, հասկանում էր երեւի, որ լքված այդ կանգառից ոչ ոք անհամբեր չէր հեռանալ…

Բարձրացան ավտոբուս. Նա, ինչպես միշտ, իրական հոգատարությամբ օգնեց տեղավորվել ու հետո քնքշությամբ բռնեց ձեռքը: Սեղմվել էր կիսատաք ավտոբուսի մեջ նրան ու դողում էր կիսատաքի մեջ երջանիկ: Նա անհանգստանում է. տարօրինակ ես: Մի անհանգստացիր, տարօրինակ չեմ, կիսատաք երջանիկ եմ….

Ոլոր-մոլոր, դանդաղաշարժ, կիսատաք ավտոբուսը ձգվում էր ու թույլ տալիս երջանիկ լինել….կիսասառը…..

Մինչեւ շքամուտք սառած է, սառցակալած է, ինքն էլ սառցակալած է…
Հրաժեշտի կրակ համբույր ու սառը դուռ….ու սրանց արանքում մի կիսատաք երջանկություն….


среда, 15 февраля 2012 г.

Նվիրում ենք գիրք, ստանում ենք տոմս


Մի քանի տարի առաջ փետրվարի 19-ն, այսինքն հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, հռչակվեց գրքի տոն, կամ ավելի ճիշտ` գիրք նվիրելու օր: Այդ ժամանակ դեռ ուսանող էի, ու այդ օրը մեր ֆակուլտետում մեզ մի քանի գրքեր նվիրեցին: Ո~նց էի ուրախացել J Ամենասիրածս նվերը գիրքն է: Անհամբեր եմ դառնում, թե երբ եմ կարդալու նոր գիրքս, իսկապես ինձ երջանիկ եմ զգում: Փետրվարի 19-ին գիրք նվիրելը կարծես թե ավանդական է դառնում: Այս տարի էլ ՀՀ մայրաքաղաք Երեւանը հռչակվել է գրքի մայրաքաղաք: Գրքի հանդեպ ուշադրությունն ու խոսակցությունները կարծես թե սկսում են ավելանալ: Ասում են, թե հիմա մարդիկ չեն կարդում, չգիտեմ, ես կարդում եմ: Գրքեր էլ գնում եմ, Նոյյան տապանի ու գետնանցումների վաճառողները կարող են հաստատել J


Վերջերս սկսել եմ նաեւ գրքեր նվիրել: Մի քանի անգամ գրքեր եմ ուղարկել Արցախի գրադարաններին, վերջին անգամը` Քարվաճառի համար եմ բավականին շատ գրքեր հավաքել: 


Փետրվարի 16-18 եւս հնարավորություն կա Հայաստանի սահմանամերձ գյուղերի գրադարանների համար գրքեր ուղարկել:  ՀՀ մշակույթի նախարարությունը Ֆլեշմոբ Դիվիզիայի հետ համագործակցությամբ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ իրականացնում է «Մուտքը՝ գրքով» միջոցառումների շարքը: Սա նշանակում է, որ այս անգամ դուք ոչ թե ուղղակի գրքեր եք նվիրում, այլեւ ստանում եք ներկայացման, համերգի կամ էլ թանգարանի տոմս: Միանգամից երկու լավ բան է լինում. սահմանամերձ գյուղերը գիրք են ստանում, մենք` հաղորդակցվում ենք արվեստին: Ես վաղն ընկերոջս հետ այս սկզբունքով գնալու եմ Մնջախաղի պետական թատրոն` «Չարի ծաղիկներ» ներկայացումը դիտելու, իսկ փետրվարի 18-ին «Համազգային» թատրոնում դիտելու ենք «Լույսը կբացվի» ներկայացումը: Հոյակապ է, որ աշխարհում կան թատրոն, գրքեր, երաժշտություն, կինո…J

Իսկ «Մուտքը գրքով» միջոցառումների ցանկին ծանոթացեք այստեղ

понедельник, 6 февраля 2012 г.

Մի օր Քարվաճառն էլ թատրոն կունենա


Մի քանի օր առաջ քայլում եմ փողոցում ու մտածում եմ իմ սիրելի թեմայի` Քարվաճառի մասին: Գիտե՞ք` ինչ պատկերացրի: Այ այսպիսի հայտարարություն. «Քարվաճառի մանկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երեւանի տիկնիկային թատրոնում»: Պատկերացնու՞մ եք, Քարվաճառում կարող է թատրոն լինել, եթե Երեւանից շատ խնդրեն, հյուրախաղերի էլ կգանք J



Ու դա անհնար բան չի: Քարվաճառի մշակույթի տունը միջին չափի դահլիճ ունի, համոզված եմ` Քարվաճառում թատերական ջիղ ունեցող բալիկներ կլինեն: Ես թատերական կրթություն չունեմ, բայց թատրոնի պատմություն, տեսություն ուսումնասիրում եմ, եթե մի ռեժիսոր էլ համաձայներ գալ Քարվաճառ, թեկուզ ոչ մշտական, այլ ժամանակավոր բնակության, մենք մի թատերախումբ կստեղծեինք:

Մնում է Քարվաճառում ապրել-աշխատելու հարցը լուծել. ցանկությունն անկեղծ է ու շատ մեծ: 
Բեմադրիչ էլ կգտնվի, համոզված եմ: Ու Քարվաճառը թատրոն կունենա….

Տեսի՞լք է, անհնա՞ր է: Տեսիլք չի, նպատակ է: