понедельник, 29 октября 2012 г.

Վարդենիս-քարվաճառյան ոդիսական. խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում


Հայոց ազատագրված Քարվաճառը ՀՀ-ին կապող միակ հասարակական տրանսպորտը «ՈւԱԶ» կոչվող ավտոմեքենան է, որը յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին Վարդենիսից ուղեւորվում է Քարվաճառ:

Վարորդը, Մաքսիմը, աշխատում է անհատ ձեռներեցի կարգավիճակով: Այսինքն, Քարվաճառը ՀՀ-ին կապող միակ փոխադրամիջոցը ոչ թե պետության կողմից վերահսկվող ոլորտ է, այլ մասնավոր բիզնես: Իսկ սա չի՞ նշանակում արդյոք, որ վարորդ Մաքսիմը մի օր պարզապես կարող է որոշել զբաղվել այլ աշխատանքով, եւ Քարվաճառում բնակվող հայ մարդը, ով ավտոմեքենա չունի, այլեւս չի կարողանա հասնել, ասենք, Երեւան: Իհարկե, կա նաեւ Քարվաճառ-Ստեփանակերտ-Երեւան գիծը, որը, սակայն, պակաս հարմարավետ չի:

Ինչեւէ, Մաքսիմն այժմ սպասարկում է գիծը իր ոչ այնքան հարմարավետ «ՈւԱԶ»ով: Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը գրունտային է, եւ մինչեւ տեղ հասնելը մարդիկ ու իրերն ամբողջությամբ ծածկվում է փոշով: Մեքենան հատկապես ծանրաբեռնված է լինում հինգշաբթի օրերին, քանի որ այդ օրերին Վարդենիսում բացօթյա տոնավաճառ կա, որտեղից մեծ առեւտուր են անում քարվաճառցիները: Սակայն դա չի նշանակում, որ երկուշաբթի եւ շաբաթ օրերին միշտ կարելի է հանգիստ երթեւեկել: Շատ հաճախ նախօրոք պահած տեղն էլ չի փրկի, քանի որ մարդիկ կարող են ուղղակի պայուսակդ մի կողմ դնել եւ տեղավորվել: Գերծանրաբեռնվածությանը մեծապես նպաստում են նաեւ տեղափոխվող ահռելի քանակությամբ իրերը:

Հաճախ գերծանրաբեռնվածության պատճառով վարորդն ստիպված է լինում տեղափոխել թույլատրելիից ավելի թվով մարդկանց: Եւ այստեղ կարծես թե մի չգրված սուրբ օրենք կա. ոչ մի մարդու չթողնել Վարդենիսում, որքան էլ որ երթուղայինում տեղ չլինի: Վարորդը միշտ հավաստիացնում է դուրսը մնացած ուղեւորներին, որ մինչեւ բոլորին չտեղավորի, ինքը Վարդենիսից չի շարժվի: Երբեմն անհրաժեշտության դեպքում կանչվում է երկրորդ «ՈւԱԶ»-ը:

Իհարկե, նախ եւ առաջ ուրախալի է տեսնել այդքան մարդկանց, ովքեր գնում են Քարվաճառ, ովքեր այնտեղ ապրում են կամ էլ պարզապես գնում են ծանոթանալու չքնաղ տարածքին: Սակայն որքան ուրախալի է այդ փաստը, նույնքան հրատապ է երթեւեկության խնդիրը հնարավորինս արագ կարգավորելը:  

Կապը Մայր Հայաստանի հետ Ազատագրված տարածքի վերաբնակեցման առաջնային խնդիրներից մեկն է: Տարածք տեղափոխվելու մտադրություն ունեցող մարդը, առաջին անգամ ճզմված, խցկված ու փոշոտված Քարվաճառ հասնելուց հետո թերեւս լուրջ կասկածներ կունենա իր մտադրության մասին: Իսկ Ազատագրված հողի բնակեցումը կարեւորագույն առաջնային խնդիր է, որով պետք է մտահոգված լինեն թե´ առաջին հերթին պետությունը, թե´ անհատները: 

Քարվաճառի տրանսպորտային խնդիրը լուծելն անհնար չի: Քարվաճառին ու շրջակա գյուղերին սպասարկող միակ վարորդ Մաքսիմին եւս մեկ առավել հարմարավետ մեքենա օգնության ուղարկելու դեպքում քարվաճառցիները կկարողանան արժանապատիվ կերպով երթեւեկել եւ կզգան, որ պետությունն իրենց մասին եւս մտածում է, չնայած որ իրենք ապրում են Երեւանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա:  

Աղբյուրը` http://times.am/?l=am&p=14242

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить