среда, 3 октября 2012 г.

Իմ թատրոնը. իմ երկխոսությունը


Փոքր տարիքում մայրիկս ինձ, եղբորս ու հորեղբորս աղջկան հաճախ տանում էր Վանաձորի տիկնիկային թատրոն: Դա ինձ համար իսկական տոն էր: Լուռ ու ուշադիր դիտում էի ներկայացումները, գիտեի հերոսներին: Մտքիս մեջ կերտում էի այն կերպարներին, ովքեր կարդում էին կենդանիների խոսքերը: Հիշում եմ, որ ամեն տիկնիկի հետեւում պատկերացնում էի որոշակի կերպար ու այնքան էի համոզված իմ պատկերացրածի հավաստիության մեջ, որ տուն վերադառնալուն պես տատիկիս պատմում էի, թե իբր ներկայացումից հետո դեր կարդացողները բեմ բարձրացան, ու ասենք, աղվեսի դեր ասողը շիկահեր նիհար աղջիկ էր
Տիկնիկային թատրոնի տարիքից հետո առաջին անգամ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոն այցելեցի մոտավորապես 12-13 տարեկանում: Հորեղբայրս երկու տոմս էր բերել իմ ու եղբորս համար, ու այդ օրը դիտեցինք «Բալենու այգին»: Այդ ժամանակ ո՛չ դերասան էի ճանաչում, ո՛չ գիտեի՝ բեմադրությունն ինչ է, ոչ էլ թատրոնում կարողանում էի ինքնուրույն տոմսի վրա գրված տեղը գտնել: Բաց այդ ամենը ժամանակի հարց էին. այդ օրը կարեւոր մի բան հասկացա. ես թատրոնը սիրեցի: Ինչու՞ սիրեցի. այդ հարցի պատասխանը ես դեռ չունեի, բայց թատերական մթնոլորտն ինձ դուր եկավ: Դպրոցական տարիներիս դիտեցի Վանաձորի դրամատիկական թատրոնի ոչ այնքան հաճախ թարմացվող խաղացանկի ներկայացումների մեծ մասը:
Իսկ թատրոնի հանդեպ սերը պիտի բացահայտվեր ու բացատրվեր արդեն Երեւանում: Առաջին շրջանում անհայտ մի ուղղորդմամբ մի քանի ներկայացում դիտեցի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, սակայն հենց սկզբից էլ մեծ բեմն ու մեծ դահլիճը, չափազանց շատ աթոռներն ինձ անհյուրընկալ ու անհրապույր թվացին: Դե իսկ Դրամատիկ թատրոնի, Համազգային թատրոնի, Տիկնիկայինի, ու հատկապես Դերասանի տան փոքր ու հյուրըկալ, ջերմ դահլիճներն մոռացնել տվեցին ակադեմիականի մեեեծ դահլիճը :) Չէ, Սունդուկյանի անվան թատրոնի դեմ բան չունեմ, մի քանի լավ ներկայացումներ էլ դիտել եմ այնտեղ, բայց դե փոքրիկ բեմերն այլ մտերմություն են ենթադրում…
Թատրոնով գրավվելս, հափշտակվելս միանգամից եղավ: Թատրոնում ես ուրիշ իրականություն տեսա. բեմադրիչի իրականությունը: Բեմադրիչ-արարիչը բեմի վրա մի իրականություն է ստեղծում, ու դու ինքնակամ գալիս ես, որ հանդիպես այդ իրականությանը: Ուրիշ հարց է, թե հանդիպու՞մ ես արդյոք, բայց ամեն դեպքում դու անում ես այդ քայլը, դու գնում ես հանդիպման:
Ի սկզբանե ներկայացման գնալիս փորձում էի դատարկված մտնել թատրոն, որ տեսածս իրականությունը մեջս տեղավորվելու տեղ ունենա, ու եթե անգամ վարագույրն իջնելուց հետո այն շատ կարճ ժամանակում պիտի ինձ լքի, մի շտրիխ թողնի մեջս, նոր լքի: Շատ հաճախ, ցավոք, ներկայացումն այդպես էլ ներսիս չի հասել, այդպես էլ չի ցանկացել երկխոսել կամ էլ նրա խոսքն ինձ չի ուղղված եղել: Իհարկե, եղել են նաեւ ներկայացումներ, որ հենց ինձ հետ են խոսել, ինձ սեր են տվել, ստիպել են արտասվել, ստիպել են գործել կամ լռել…

Ու հենց այդ ներկայացումներն էլ ինձ կապել են թատրոն ասված երեւույթին, հաճախ երեկոներին ուղղորդել են հենց թատրոնի շենք:
Չափազանց տարվելով թատրոնով՝ մի պահ ցանկացա թատերագիտությունը մասնագիտությունս դարձնել: Դա նշանակելու էր թատրոնին ներսից նայել, թատրոնի մեջ մտնել ու տեսնել նաեւ այն, ինչը կարող էր այնքան էլ չտեղավորվել իմ պատկերացրած երկխոսության մեջ: Ու ես հետ քաշվեցի, մնացի հանդիսատես, մնացի երկխոսության մեջ իմ տեղում, երկխոսություն, որը դեռ երկար կշարունակվի ու կծավալվի

Комментариев нет:

Отправить комментарий