среда, 27 марта 2013 г.

Թատրոնի միջազգային օրն ու իմ հնգամսյա անթատրոն կյանքը Քարվաճառում


Այսօր, մարտի 27-ը, աշխարհում նշվում է որպես թատրոնի միջազգային օրը: Այսօր ուղիղ հինգ ամիս է, որ ես Քարվաճառ քաղաքի բնակիչ եմ: Առաջին հայացքից երկու իրար հետ կապ չունեցող միտք:

Քարվաճառում թատրոն չկա, Քարվաճառում անգամ թատրոնի ստվեր չկա: Սա մի նոր ձեւավորվող քաղաք է, նոր ձեւավորվող համայնք ու հասարակություն, ու մի կարգին թատրոնն այստեղ այնքա՜ն անելիք ունի: Թատրոնը միայն շենք չի, թատրոնը միայն ներկայացում չի, թատրոնը միայն թատերախումբ չի, թատրոնը մթնոլորտ է ու կենսակերպ, առաջնորդող ու լուսավորող: Թատրոնը զարգացնում է, ցույց է տալիս, ստիպում է զգալ, մտածել, փնտրել, «ես»-իդ կողքից, տակից, վրայից նայել: Թատրոնն այլ իրականություն է, որտեղ կարելի է փախչել, երբ քո իրականությունը հոգնեցրել է, թատրոնը բեմադրիչի ստեղծած աշխարհն է, թատրոնը հնարավորություն է…

Իսկ Քարվաճառում թատրոն չկա: Ու ոչ մի մեղավոր չեմ փնտրում, ու ոչ մեկին չեմ մեղադրում, որ Քարվաճառում թատրոն չկա: Քարվաճառում շատ բան չկա, ինչու՞ պիտի թատրոն լիներ:

Ինքս այստեղ տեղափոխվելով` նպատակ ունեի տեղի դպրոցականների հետ մի փոքրիկ թատերախումբ կազմել: Երկար ժամանակ պետք չեկավ հասկանալու համար, որ դա չափազանց բարդ գործ է, գրեթե անհնարին ձգտող: Ու էլի ոչ մեկը մեղավոր չի. տեղի երեխաները թատրոն ասվածի մասին շատ աղոտ պատկերացում ունեն, ներկայացում ամբողջ կյանքի ընթացքում թերեւս մի քանի հատ են դիտել: 

Քարվաճառցի մի քանի բալիկների հետ հերթական փորձն անելով` այսօր նշեցի թատրոնի միջազգային օրը անթատրոն Քարվաճառում, ու ամբողջ օրն անցավ աղոտ մի հույսով, որ Քարվաճառն էլ մի օր թատրոն կունենա, թեկուզ ոչ շատ մեծ, մի փոքրիկ, կոկիկ, բայց կարեւորը` թատրոն, իր անհրաժեշտ, այս քաղաքին այնքա՜ն անհրաժեշտ մթնոլորտով:

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить