Թատրոնը պահի արվեստ է: Դերասանն իր ողջ վարպետությունը, իր ասելիքը, իր նյարդն ու հույզը հանդիսատեսին փոխանցելու մի հնարավորություն ունի միայն` այստեղ եւ հիմա: Դերասանի կերտած դերերը, բեմում նրա ապրած կյանքը ձեւավորում են այն կարծիքը նրա մասին, որը մնում է սերունդների հիշողության մեջ: Այստեղ մեծագույն դերը վստահված է թատերաքննադատներին, ովքեր էլ հենց դառնում են կապը ներկայացման ու ժամանակի միջեւ:
Լեոնիդ Ենգիբարյանի մասին մեզ դատելու ու պատկերացում կազմելու հնարավորություն են տալիս ոչ միայն նրա մասնակցությամբ ֆիլմերը («Ճանապարհ դեպի կրկես», «Ծանոթացեք` Լեոնիդ Ենգիբարյան», «2 Լեոնիդ 2») , կրկեսային համարներից եղած քիչ թե շատ նկարահանումները, այլ նաև նրա թողած գրական ժառանգությունը: Հենց վերջինն էլ լավագույնս ամբողջացնում է Ենգիբարյանի կերպարը` սերունդներին տալով թախծոտ ծաղրածուի էությունը:
Դժվար է գրել այս ծաղրածուի մասին, ով մի աշուն էր կրում իր սրտում: Դժվար է, քանի որ շատ է խոսվել, շատ է ասվել: Դժվար է, բայց եւ անհրաժեշտ. զգացմունքների պակասորդի ու զգայականի երաշտի այս ժամանակներում էլ ո±ւմ խոսքն է պետք, եթե ոչ նրա, էլ ո±վ կարող էր ասել` ծովը մամռակալեց ու գետերը ցամաքեցին. տես, թե ինչ արեցիր, երբ դադարեցիր սիրել ինձ։
Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին, Մոսկվայում: Հայրը` Գեւորգը, ազգությամբ հայ էր, մասնագիտությամբ` խոհարար: Մայրը` Անտոնինան, լեհուհի էր: Իր ծագման մասին նա գրել է. «Թուրքերի կազմակերպած կոտորածների ժամանակ Ենգիբարյանների մեծ ընտանիքից միայն իմ Գևորգ հայրն է կենդանի մնացել։ Հայաստանում երկու որդի ունենալուց հետո եկել է Մոսկվա և ամուսնացել իմ մոր՝ լեհուհի Անտոնինայի հետ։ Ուրեմն ես Գևորգի կրտսեր որդին եմ, Անտոնինայի՝ միակը։ Ավագ եղբայրներս՝ Միքայելն ու Հրաչյան (Ղափլանյան), շատ լուրջ մարդիկ են։ Հրաչյան, օրինակ, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ է, Երևանի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը և, նույնիսկ, Հայկական թատերական ընկերության նախագահը»:
Ենգիբարյանի որոշումը` նվիրվել բեմին, միանգամից չի կայացվել: Ավարտելով դպրոցը` նա ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ: Այնուհետ, կտրուկ փոխելով մասնագիտությունը, նույն տարում ընդունվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Այս ոլորտում նա հաջողության է հասել` դառնալով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ:
1955-ին 20-ամյա Լեոնիդն ընդունվում է Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում հենց նույն տարին բացված կլոունադայի բաժին: 1959-ին տեղափոխվում է Երեւան է: 1956-ից սկսել է նկարահանվել ֆիլմերում:
Առաջին հայացքից ոչ արտահայտիչ արտաքինով, առանձնապես ոչ գեղեցկադեմ այս երիտասարդը կարողանում էր գրավել մարդկանց սրտերն ու ստիպել նրանց լիաթոք ծիծաղել: Ո՞րն էր գաղտնիքը. ա՞յն, որ նա շնորհալի ու տաղանդավոր էր, ա՞յն, որ կարողանում էր բեմի վրա անել այնպիսի բաներ, որ չեն կարող ուրիշները: Իսկ մի՞թե միայն լիաթոք ծիծաղեցնելու համար նրան այսքան երկար կհիշեին: Ո°չ: Պատասխանը շատ ավելի պարզ է, և տվել է հենց ինքը` Ենգիբարյանը, իր վերջին հարցազրույցի ընթացքում. «Բանն այն է, որ երբ ստեղծում էի իմ ծաղրածուական կերպարը, ինձ հաջողվեց նրան օժտել մարդկային հատկություններով՝ ի տարբերություն մեր տեսած ծաղրածուական դիմակներից շատերի։ Շատերի ասելով ի նկատի չունեմ ծաղրածուական լավագույն դիմակները, ինչպիսին էին, ասենք, Գրոկինը կամ Չապլինինը։ Սրանք մարդկային բնավորություն ունեցող դիմակներ էին։ Իսկ ծաղրածուների կաղապարային դիմակներում բացակայում է մարդկային բնավորությունը, հետևաբար` նաև թախիծը։
Նման դիմակներում կա միայն հերթապահ ծիծաղ, լավատեսություն՝ ամեն դեպքում։ Այս պարագայում հետևաբար, չկա մարդը։ Իմ հերոսը մարդն է։ Այդ պատճառով ծիծաղում է, տառապում, թախծում և իրեն պատասխանատու զգում շուրջը կատարվող ամեն ինչի համար»:
Ենգիբարյանն իր գործն էր համարում ծիծաղեցնել դահլիճում ներկա բոլոր մարդկանց, եւ եթե նրանցից թեկուզ մեկը չէր ծիծաղում, ինքն իր աշխատանքը թերի էր համարում ու կեղեքում ինքն իրեն. «Եթե դուք չեք ծիծաղել ինձ նայելիս, ապա ես կվերադառնամ կրկես, որ ծիծաղեցնեմ ձեզ։ Պետք է ծիծաղել։ Ծաղրածուն պիտի ծիծաղեցնի։ Ծիծաղը պարտադիր է»:
Լավագույնս իմանալով, թե ինչ պետք է անի ծաղրածուն եւ որն է նրա գործը` Ենգիբարյանը 1964 թվականին Պրահայում ծաղրածուների միջազգային մրցույթում արժանանում է առաջին մրցանակի` Է. Բասի անվան գավաթին։
1971-ին Ենգիբարյանը թողնում է «Սոյուզգոսցիրկը»: Կրկեսը թողնելու պատճառն այն էր, որ Ենգիբարյանի գործընկեր Բելովին չեն թույլատրում իր հետ մեկնել հյուրախաղերի:
Իր մահից ընդամենը մեկ շաբաթ առաջ, 1972 թվ. հուլիսի 17-ին պատասխանելով «Յունոստ» ռադիոկայանի խմբագիր Դ. Նազինի այն հարցին, թե ինչու նա թողեց կրկեսը, Լեոնիդը պատասխանել է.
«Այդ հարցը շատերից եմ լսում և հաճախ։ Ինչո՞ւ թողեցի կրկեսը։ Բանն այն է, որ մենք ստեղծեցինք մեր թատրոնը, իսկ դա` կրկեսը գոնե որոշ ժամանակով թողնելու բավական հիմնավոր պատճառ է։ «Մենք» ասելով առաջին հերթին նկատի ունեմ ռեժիսոր Յուրի Բելովին։ Չնայած իր երիտասարդ լինելուն (նա ընդամենը երեք տարով է ինձնից մեծ), Բելովը հենց այն ուսուցիչն է, որը 1959 թվականին ինձ տվեց կրկեսային ուսումնարանի ավարտական վկայական։ Նա միակ ռեժիսորն է (չհաշված կինոռեժիսորներին), ում հետ երբևէ աշխատել եմ։ Նա իմ ընկերն է և արդեն տասնհինգ տարի գիտենք իրար։ Հիմա Բելովը մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարն է և միակ ու մշտական բեմադրող ռեժիսորը։ Հաջորդը կրկեսային ուսումնարանի շրջանավարտ Տատյանա Սադոֆևան է՝ Բելովի կինը։ Սա այն եզակի դեպքերից է, երբ ռեժիսորի կինը իսկապես լավ դերասանուհի է։ Մեր թատրոնի բացումով ես նոր խաղընկեր գտա՝ Ալեքսանդր Լիին։ Լիս փորձված դերասան է, փայլուն երաժիշտ, իսկ մեր թատրոնում նոր որակներ հայտնաբերեց իր մեջ, ինչպես ասում են՝ «գտավ ինքն իրեն»։ «Մենք» ասելով նկատի ունեմ նաև թատրոնի գործիքային խումբը և կուլիսների ետևի մարդկանց, որոնց մենք սիրում ու հարգում ենք, որոնք մեզ շատ են պետք»։
Մեծ ծաղրածուն ապրում էր իր հերոսի նման. սիրում էր մարդկանց, բաժանում էր նրանց իր բաժին ծաղիկները, լույսն ու սերը ու…մնում միայնակ ու թախծոտ:
«Սրճարանը դատարկվում է: Աթոռները դասավորում են, խոհանոցից լսվում է ամանեղենի չխկչխկոցը: Մնում ենք միայն ես, դու և թախիծը: Ների՛ր ինձ: Ես գիտեմ, դու ուզում էիր, որ մենք այսօր երկուսով լինենք, բայց թախիծս ինձ հետ է: Դու արդեն բարկանում ես, դու պիտի շտապ զանգահարես: Հասկանում եմ՝ անհետաձգելի է:
Սրճարանը դատարկվում է:
Աթոռները դասավորում են, խոհանոցից լսվում է ամանեղենի չխկչխկոցը:
Մենք երկուսով ենք՝ ես և դու՝ իմ թախիծ…»:
Ինչպես Ենգիբարյանն է հիշում իր հուշերում «մայրն իրեն ծնեց կոպիտ ու ծիծաղելի դեմքով, բայց
մանկության օրերին չսովորեցրեց դաժան լինել ստորության հանդիպելիս։ Սովորեցրեց միայն մթնշաղով տարվել։ Խեղճ ու անզոր կին»։
Այնուամենայնիվ, լավատես Ենգիբարյանն իրեն երջանիկ մարդ է համարել ու կարծել է, որ իր բոլոր երազանքներն իրականացել են: Ինքն իր մասին գրել է. «Ես երջանիկ մարդ եմ։ Իմ բոլոր ցանկությունները, վաղ թե ուշ, կատարվել են։ Արդեն երեսունհինգ տարի ապրում եմ երկրի վրա, որոնցից ընդամենը տասնհինգն է աշխատանքային։ Այդ ընթացքում մասնակցել եմ ավելի քան վեց հազար ներկայացման։ Սրանց կարելի է գումարել հեռուստատեսային ելույթներս, կինոդերերս, ավելի քան երկու հարյուր մանրապատում ու նովել։
Ստացել եմ վեց հազար նամակ, կարդացել եմ երեք հազարից ավելի գիրք, ամեն օր խոսել եմ կրկեսի ու մնջախաղի մասին։
Այս թվաբանությունը կարող եմ ավելի ձգել, ավելացնելով խմածս 30000 բաժակ լիմոնադը։ Ո՞ւմ է պետք իմ թվաբանությունը։ Երևի ոչ մեկին։ Բայց ինձ պետք է հիշել վեց հազար ելույթներիցս գոնե երկուսը, առաջին ելույթս Մոսկվայի կրկեսում և Պրագայի՝ 1964 թվականի ելույթս, որն ինձ բերեց ծաղրածուների միջազգային մրցույթի մեծ մրցանակը։ Գործիս բերումով եղել եմ հարյուրավոր քաղաքներում, հանդիպել հարյուրավոր անվանի մարդկանց։ Նվաստացած եմ զգացել միայն հյուրախաղերով Երևան եկած իմ հայրենակից Շարլ Ազնավուրի առաջ։ Ֆրանսիայում ծնված Ազնավուրն ինձ հետ խոսում էր մայրենի լեզվով, իսկ ես ամոթից լռում էի, որովհետև հայերեն հազիվ հարյուր բառ գիտեմ։ Հետո ստիպված անգլերենի անցանք, որ կարողանանք բացատրվել»:
Լ. Ենգիբարյանը երբևէ չի հրաժարվել իր ազգությունից. ես հայ եմ,-ասել է նա, - դեպքերի բերումով ծնվել եմ Մոսկվայում։ Մոսկվայի իր բնակարանում էլ մահացել է 1972-ին, ընդամենը 37 տարեկան հասակում:
1972թ-ին Երեւանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան (հիմնադիր եւ ղեկավար՝ Սոս Պետրոսյան):
Թամարա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий