пятница, 15 марта 2013 г.

Լեոնիդ Ենգիբարյան. նրա հերոսը մարդն էր


Թատրոնը պահի արվեստ է: Դերասանն իր ողջ վարպետությունը, իր ասելիքը, իր նյարդն ու հույզը հանդիսատեսին փոխանցելու մի հնարավորություն ունի միայն` այստեղ եւ հիմա: Դերասանի կերտած դերերը, բեմում նրա ապրած կյանքը ձեւավորում են այն կարծիքը նրա մասին, որը մնում է սերունդների հիշողության մեջ: Այստեղ մեծագույն դերը վստահված է թատերաքննադատներին, ովքեր էլ հենց դառնում են կապը ներկայացման ու ժամանակի միջեւ:

Լեոնիդ Ենգիբարյանի մասին մեզ դատելու ու պատկերացում կազմելու հնարավորություն են տալիս ոչ միայն նրա մասնակցությամբ ֆիլմերը («Ճանապարհ դեպի կրկես», «Ծանոթացեք` Լեոնիդ Ենգիբարյան», «2 Լեոնիդ 2») , կրկեսային համարներից եղած քիչ թե շատ նկարահանումները, այլ նաև նրա թողած գրական ժառանգությունը: Հենց վերջինն էլ լավագույնս ամբողջացնում է Ենգիբարյանի կերպարը` սերունդներին տալով թախծոտ ծաղրածուի էությունը:

Դժվար է գրել այս ծաղրածուի մասին, ով մի աշուն էր կրում իր սրտում: Դժվար է, քանի որ շատ է խոսվել, շատ է ասվել: Դժվար է, բայց եւ անհրաժեշտ. զգացմունքների պակասորդի ու զգայականի երաշտի այս ժամանակներում էլ ո±ւմ խոսքն է պետք, եթե ոչ նրա, էլ ո±վ կարող էր ասել` ծովը մամռակալեց ու գետերը ցամաքեցին. տես, թե ինչ արեցիր, երբ դադարեցիր սիրել ինձ։

Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին, Մոսկվայում: Հայրը` Գեւորգը, ազգությամբ հայ էր, մասնագիտությամբ` խոհարար: Մայրը` Անտոնինան, լեհուհի էր: Իր ծագման մասին նա գրել է. «Թուրքերի կազմակերպած կոտորածների ժամանակ Ենգիբարյանների մեծ ընտանիքից միայն իմ Գևորգ հայրն է կենդանի մնացել։ Հայաստանում երկու որդի ունենալուց հետո եկել է Մոսկվա և ամուսնացել իմ մոր՝ լեհուհի Անտոնինայի հետ։ Ուրեմն ես Գևորգի կրտսեր որդին եմ, Անտոնինայի՝ միակը։ Ավագ եղբայրներս՝ Միքայելն ու Հրաչյան (Ղափլանյան), շատ լուրջ մարդիկ են։ Հրաչյան, օրինակ, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ է, Երևանի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը և, նույնիսկ, Հայկական թատերական ընկերության նախագահը»:

Ենգիբարյանի որոշումը` նվիրվել բեմին, միանգամից չի կայացվել: Ավարտելով դպրոցը` նա ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ: Այնուհետ, կտրուկ փոխելով մասնագիտությունը, նույն տարում ընդունվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Այս ոլորտում նա հաջողության է հասել` դառնալով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ:

1955-ին 20-ամյա Լեոնիդն ընդունվում է Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում հենց նույն տարին բացված կլոունադայի բաժին: 1959-ին տեղափոխվում է Երեւան է: 1956-ից սկսել է նկարահանվել ֆիլմերում:

Առաջին հայացքից ոչ արտահայտիչ արտաքինով, առանձնապես ոչ գեղեցկադեմ այս երիտասարդը կարողանում էր գրավել մարդկանց սրտերն ու ստիպել նրանց լիաթոք ծիծաղել: Ո՞րն էր գաղտնիքը. ա՞յն, որ նա շնորհալի ու տաղանդավոր էր, ա՞յն, որ կարողանում էր բեմի վրա անել այնպիսի բաներ, որ չեն կարող ուրիշները: Իսկ մի՞թե միայն լիաթոք ծիծաղեցնելու համար նրան այսքան երկար կհիշեին: Ո°չ: Պատասխանը շատ ավելի պարզ է, և տվել է հենց ինքը` Ենգիբարյանը, իր վերջին հարցազրույցի ընթացքում. «Բանն այն է, որ երբ ստեղծում էի իմ ծաղրածուական կերպարը, ինձ հաջողվեց նրան օժտել մարդկային հատկություններով՝ ի տարբերություն մեր տեսած ծաղրածուական դիմակներից շատերի։ Շատերի ասելով ի նկատի չունեմ ծաղրածուական լավագույն դիմակները, ինչպիսին էին, ասենք, Գրոկինը կամ Չապլինինը։ Սրանք մարդկային բնավորություն ունեցող դիմակներ էին։ Իսկ ծաղրածուների կաղապարային դիմակներում բացակայում է մարդկային բնավորությունը, հետևաբար` նաև թախիծը։ 

Նման դիմակներում կա միայն հերթապահ ծիծաղ, լավատեսություն՝ ամեն դեպքում։ Այս պարագայում հետևաբար, չկա մարդը։ Իմ հերոսը մարդն է։ Այդ պատճառով ծիծաղում է, տառապում, թախծում և իրեն պատասխանատու զգում շուրջը կատարվող ամեն ինչի համար»:
Ենգիբարյանն իր գործն էր համարում ծիծաղեցնել դահլիճում ներկա բոլոր մարդկանց, եւ եթե նրանցից թեկուզ մեկը չէր ծիծաղում, ինքն իր աշխատանքը թերի էր համարում ու կեղեքում ինքն իրեն. «Եթե դուք չեք ծիծաղել ինձ նայելիս, ապա ես կվերադառնամ կրկես, որ ծիծաղեցնեմ ձեզ։ Պետք է ծիծաղել։ Ծաղրածուն պիտի ծիծաղեցնի։ Ծիծաղը պարտադիր է»:

Լավագույնս իմանալով, թե ինչ պետք է անի ծաղրածուն եւ որն է նրա գործը` Ենգիբարյանը 1964 թվականին Պրահայում ծաղրածուների միջազգային մրցույթում արժանանում է առաջին մրցանակի` Է. Բասի անվան գավաթին։

четверг, 17 января 2013 г.

Անցած Քարվաճառի հետքերով մի անլույս երեկոյան


Լույսերն անջատել են. ինչպես պարզվեց, լույս չկար ամբողջ Արցախում. հիմնական էլէկտրալար էր վնասվել: Նստել ենք վառարանի մոտ, թեյ ենք խմում` մոմի լույսով մի կերպ իրար դեմք տեսնելով: Եւ ինչպես միշտ, երբ լույսն անջատում են, հիշվում են մութ ու խավար տարիները: Ես այդ տարիներն աղոտ եմ հիշում, աղոտ մոմի լույսի պես:

Հնաբնակ քարվաճառցիները հիշում են նոր տեղափոխված տարիները. առաջին տարիներին Քարվաճառում միշտ էսպես էր: Ով մոմ ուներ, նա հարուստ էր, ով կարողանում էր լամպ վառել, նա հարուստ էր: Ժամանակներ են եղել, որ մարդիկ ռետինե խողովակներ են վառել` լույս ստանալու համար:

Աշխատանք չկար, եթե տնից մեկն աշխատում էր, ուրեմն արդեն ապահովված ընտանիք էր. եթե տանը հաց կար, կոնֆետ կար, ուրեմն այդ ընտանիքը հարուստ էր, հիշողությունների հետեւից գնում է 1999-ից Քարվաճառում ապրող երիտասարդներից մեկը… 

Պատմություններ է հիշում անցած-գնացած Քարվաճառից, պատմություններ, որ արդեն լեգենդի են նմանվում, ու հերոսներն էլ` չես հասկանում` իրական են, թե կիսահորինած…

Դուրս եմ նայում պատուհանից. մութ, քամի, ցուրտ… պատկերացնում եմ 90-ականների վերջի Քարվաճառն, ու մի անորոշ զգացողություն է պարուրում…

Լույսը միացնում են. հեռախոս, համակարգիչ, համացանց, ամեն ինչ միանում է, ուտելիք կա, տանը ցուրտ չի…

Քարվաճառն օրինաչափորեն զարգանում է:  

суббота, 22 декабря 2012 г.

Դիտարկումներ քարվաճառցիների հետ ճանապարհվելիս


Քարվաճառի շրջանի բնակիչների հետ շփվելու ու ծանոթանալու համար լավագույն վայրերից է Քարվաճառ-Ստեփանակերտ ավտոբուսը, որն սպասարկում է ամբողջ շրջանին: Ճանապարհը երկար է, ձգվում է մոտավորապես չորս-հինգ ժամ, մարդիկ բոլորն իրար ծանոթ են, ու ծոր է գալիս խոսակցությունն ամեն ինչի մասին: Խոսում են ամեն ինչից` աֆրիկացիներից սկսած մինչեւ աշխարհի ամենաբարձր ջրվեժը, Ռամիլ Սաֆարովից մինչեւ Ռուսաստանի վարած քաղաքականություն, իսկ ավտոբուսի վարորդն էլ համոզված է, որ դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջն է ու կարծես թե ուրախ է` ինքն էլ Քարվաճառ-Ստեփանակերտ ավտոբուսը չի վարի: Ու հենց սա էլ լավագույն ժամանակն է` քարվաճառցիների մասին մտածելու ու նրանց բնավորությունը վերլուծելու համար:
Քարվաճառցիք տարբեր են, ինչպես աշխարհի բոլոր մարդիկ, բայց նաեւ նման են իրար մի բանով. այս մարդիկ ուժեղ են ու դիմացկուն: Մի շաբաթ առաջ, օրինակ, ավտոբուսում մի կին էր, ով մոտավորապես տասը օրից պիտի ծննդաբերեր: Տարօրինակ էր տեսնել, որ նա երթեւեկում էր այդ ավտոբուսով, այդ ուշ ժամին ու այն էլ միայնակ: Բայց ինքն առանձնապես չէր անհանգստանում, շատ հանգիստ էր: Թեեւ Քարվաճառում «միայնակ ճանապարհ գնալ» հասկացություն չկա. եթե անգամ ծանոթ չես, շատ արագ բոլորի հետ կծանոթանաս, պայուսակ իջեցնելիս անպայման քեզ կօգնեն, եթե Ստեփանակերտում ես, շատ հնարավոր է, որ անծանոթ մեկի համար որեւէ բան ուղարկեն հետդ, ու դու անպայման պիտի տանես: Քանի որ տարածքը պետության կողմից ամբողջ սրտով անտեսված է, այստեղ ամեն մարդ ինքն է պետությունը, ու թերեւս այս տարածքում այդ բառերը կեղծ-պաթետիկ չեն: Յուրաքանչյուրն իր գործունեությամբ նպաստում է տարածքին, իրար միջոցով ինչ-որ բաներ ուղարկել, տեղ հասնել, փոխանցելը սովորական ու բնական երեւույթներ են Քարվաճառի կենցաղում: Բոլորն այստեղ իրար կապված են: Եթե Երեւանում դու կարող ես չճանաչել անգամ դիմացիդ հարեւանին, ապա այստեղ դու պիտի ճանաչես կողքի գյուղերի բնակիչներին եւս:
Չկարծեք, թե այստեղ բոլորը հրեշտակներ են ապրում ու ամեն ինչ հաշտ է ու խաղաղ: Չէ, այստեղ էլ սովորական մարդիկ են` իրենց թերություններով, բայց նրանք կամա թե ակամա, գիտակցաբար, թե անգիտակից շատ կարեւոր մի գործ են անում` ազատագրված գոտի են պահում… Ու միգուցե հենց դա է ամբողջ շրջանին մի անտեսանելի շղարշով միացնում իրար ու մի տեսակ կապում բոլորին: Կամ էլ` ուղղակի ես եմ այդպես տեսնում, ես դեռ նորեկ եմ..
Քարվաճառցիներից ոմանց մտքերը լսելով` կարելի է ենթադրել, որ իրենց համար Քարվաճառն աշխարհի ծայրն ու իրենք գոհ չեն իրենց բնակության վայրից: Քարվաճառում բնակիչներից շատերին թվում է, որ կյանքն այնտեղ է, գեղատեսիլ այս սարերից անդին…
Իմ համար Քարվաճառը հայոց արժանապատիվ պետության ծննդավայրն է, մաքուր ու նոր հասարակության բնօրրանը…Ես այստեղ եմ` իմ հավատն ամուր գրկած… Մի՞գուցե ես դեռ նորեկ եմ… Իսկ մի՞գուցե շատ հնաբնակ քարվաճառցիներ ուղղակի դեռ չեն տեսել Քարվաճառն իմ դիտակետից…
Թամարա Գրիգորյան
Աղբյուրը` http://times.am/?l=am&p=16283