суббота, 22 декабря 2012 г.

Դիտարկումներ քարվաճառցիների հետ ճանապարհվելիս


Քարվաճառի շրջանի բնակիչների հետ շփվելու ու ծանոթանալու համար լավագույն վայրերից է Քարվաճառ-Ստեփանակերտ ավտոբուսը, որն սպասարկում է ամբողջ շրջանին: Ճանապարհը երկար է, ձգվում է մոտավորապես չորս-հինգ ժամ, մարդիկ բոլորն իրար ծանոթ են, ու ծոր է գալիս խոսակցությունն ամեն ինչի մասին: Խոսում են ամեն ինչից` աֆրիկացիներից սկսած մինչեւ աշխարհի ամենաբարձր ջրվեժը, Ռամիլ Սաֆարովից մինչեւ Ռուսաստանի վարած քաղաքականություն, իսկ ավտոբուսի վարորդն էլ համոզված է, որ դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջն է ու կարծես թե ուրախ է` ինքն էլ Քարվաճառ-Ստեփանակերտ ավտոբուսը չի վարի: Ու հենց սա էլ լավագույն ժամանակն է` քարվաճառցիների մասին մտածելու ու նրանց բնավորությունը վերլուծելու համար:
Քարվաճառցիք տարբեր են, ինչպես աշխարհի բոլոր մարդիկ, բայց նաեւ նման են իրար մի բանով. այս մարդիկ ուժեղ են ու դիմացկուն: Մի շաբաթ առաջ, օրինակ, ավտոբուսում մի կին էր, ով մոտավորապես տասը օրից պիտի ծննդաբերեր: Տարօրինակ էր տեսնել, որ նա երթեւեկում էր այդ ավտոբուսով, այդ ուշ ժամին ու այն էլ միայնակ: Բայց ինքն առանձնապես չէր անհանգստանում, շատ հանգիստ էր: Թեեւ Քարվաճառում «միայնակ ճանապարհ գնալ» հասկացություն չկա. եթե անգամ ծանոթ չես, շատ արագ բոլորի հետ կծանոթանաս, պայուսակ իջեցնելիս անպայման քեզ կօգնեն, եթե Ստեփանակերտում ես, շատ հնարավոր է, որ անծանոթ մեկի համար որեւէ բան ուղարկեն հետդ, ու դու անպայման պիտի տանես: Քանի որ տարածքը պետության կողմից ամբողջ սրտով անտեսված է, այստեղ ամեն մարդ ինքն է պետությունը, ու թերեւս այս տարածքում այդ բառերը կեղծ-պաթետիկ չեն: Յուրաքանչյուրն իր գործունեությամբ նպաստում է տարածքին, իրար միջոցով ինչ-որ բաներ ուղարկել, տեղ հասնել, փոխանցելը սովորական ու բնական երեւույթներ են Քարվաճառի կենցաղում: Բոլորն այստեղ իրար կապված են: Եթե Երեւանում դու կարող ես չճանաչել անգամ դիմացիդ հարեւանին, ապա այստեղ դու պիտի ճանաչես կողքի գյուղերի բնակիչներին եւս:
Չկարծեք, թե այստեղ բոլորը հրեշտակներ են ապրում ու ամեն ինչ հաշտ է ու խաղաղ: Չէ, այստեղ էլ սովորական մարդիկ են` իրենց թերություններով, բայց նրանք կամա թե ակամա, գիտակցաբար, թե անգիտակից շատ կարեւոր մի գործ են անում` ազատագրված գոտի են պահում… Ու միգուցե հենց դա է ամբողջ շրջանին մի անտեսանելի շղարշով միացնում իրար ու մի տեսակ կապում բոլորին: Կամ էլ` ուղղակի ես եմ այդպես տեսնում, ես դեռ նորեկ եմ..
Քարվաճառցիներից ոմանց մտքերը լսելով` կարելի է ենթադրել, որ իրենց համար Քարվաճառն աշխարհի ծայրն ու իրենք գոհ չեն իրենց բնակության վայրից: Քարվաճառում բնակիչներից շատերին թվում է, որ կյանքն այնտեղ է, գեղատեսիլ այս սարերից անդին…
Իմ համար Քարվաճառը հայոց արժանապատիվ պետության ծննդավայրն է, մաքուր ու նոր հասարակության բնօրրանը…Ես այստեղ եմ` իմ հավատն ամուր գրկած… Մի՞գուցե ես դեռ նորեկ եմ… Իսկ մի՞գուցե շատ հնաբնակ քարվաճառցիներ ուղղակի դեռ չեն տեսել Քարվաճառն իմ դիտակետից…
Թամարա Գրիգորյան
Աղբյուրը` http://times.am/?l=am&p=16283

среда, 21 ноября 2012 г.

«Վերինշենի տարածքը, դիրքը նման են Բանանցին». այցելություն Վերինշենի վարպետ Մարտիրոս Չալումյանին


Վարպետ Մարտիրոսի տունը Քարվաճառի շրջանի Նոր Վերինշեն գյուղում բոլորին է հայտնի: Տունն առանձնանում է մաքուր, բարեկարգ բակով ու յուրահատուկ ոճային ձեւավորմամբ: Դեռ տուն չմտած' պարզ է, որ վարպետի տուն ես եկել:
«Երբ որ եկա այս տարածք, Վերինշեն գյուղն առհասարակ գոյություն չուներ: 98 թիվն էր, Աբովյան քաղաքում էի ապրում, տուն չկար, արդեն երեք երեխա ունեի, պիտի առանձնանայի: Մի տան մեջ երկու ախպեր, էրեխեքով արդեն շատ էինք: Համ էլ ես գյուղը շատ եմ սիրում, գյուղի գործը, քաղաքում չէի կարում մնամ», պատմում է Մարտիրոս Չալումյանն ու իր ձեռքով աճեցրած մուսկատ խաղող է հյուրասիրում. էլ ի՞նչ բանանցեցի, որ խաղող չաճեցնի:
Վարպետ Մարտիրոսը ծնվել է Հյուսիսային Արցախի Բանանց գյուղում: Գյուղի հայաթափումից ու գրավումից հետո ինքն էլ իր համագյուղացիների նման բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում:
Սակայն քաղաքում չի կարողացել երկար ապրել: «Էս հողը որ ազատագրվել է, պիտի բնակեցվի, հասկանու՞մ ես: Թե չէ էլ ինչի՞ էր ազատագրվում»: 98-ին եկել է, շրջել ամբողջ Քարվաճառի շրջանն, ու ապագա Նոր Վերինշեն գյուղի դիրքն իրեն ամենից շատ է դուր եկել:
«Երբ եկա Քարվաճառ, մոտավորապես քսան տուն կար, ինձ ասեցին' որ տունն ուզում ես ընտրիր, ընտանիքդ վերցրու, արի: Չնայած քաղաքի ձեւ չուներ, բայց դե ամեն դեպքում քաղաք էր Քարվաճառը: Ասեցի' չէ, ես գյուղում եմ ուզում, ասեցին' դե որտեղ ուզում ես, սարքիր քո տունը: Էս ամբողջ տարածքը նայել էի, ինձ ամենաշատ էս գյուղի նստվածքը դուր եկավ: Անասուն պահելու համար հեշտ ա, արոտավայրեր կան: Երբ որ ես սկսեցի տուն սարքել, դրանից մի-երկու ամիս հետո նոր շինարարներ եկան, սկսեցին տներ սարքել»: Ապագա գյուղի տարածքում 1998-ին ոչինչ չի եղել: «Ջահելությունը միայն կինոներից է պատկերացնում, թե պատերազմից հետո ոնց ա լինում: Մի նորմալ տուն չկար, լրիվ ավերակներ էին: Ջուրը գետից էինք վերցնում, Թարթառը մաքուր գետ ա: Լույս չկար, ես մի շիշ էի վերցնում, կանգնում էի փողոցում, երբ մեքենա էր անցնում, մի քիչ վառելիք էի վերցնում: Մի քանի ամիս էդպես եմ լամպ վառել»: Իսկ այ ուտելիքի հարցում վարպետ Մարտիրոսը շատ նեղություն չի կրել: «Սկզբի ժամանակ որս էի անում, տանը մսի պակաս չկար», պատմում է նա ու ասում, որ որսորդության հանդեպ սերն իրեն անցել է մորական պապից: «Մորական պապս լավ դարբին է եղել ու լավ որսորդ: Դե եթե որսորդ է եղել, պարզ է, որ ուտող-խմող մարդ ա եղել. դա մի պապիցս եմ ժառանգել»: Իսկ քարի, փայտի, երկաթի հետ հրաշքներ գործելն անցել է հիմնականում հայրական կողմից: 
«Հորական կողմի գեների մեջ եղել է նկարչությունը: Նախնիներս արվեստի ու արհեստի հետ մոտիկ են եղել»: Իսկ իր հայրենի գյուղում առհասարակ վարպետներ շատ են եղել. Բանանցը գյուղ է եղել, բայց այնքան շատ վարպետներ են եղել, որ կոչվել է Արհեստավորաց քաղաք:
Հայրենի քաղաքի հուշերը Մարտիրոսին տանում են հեռու. «Տներն ամբողջովին պարսպապատ էին: Մի տուն մտնելու համար երբեմն պետք էր երկու կիլոմետր պտտվել», կարոտով հիշում է վարպետն ու ցույց է տալիս հայրենի Բանանցի լուսանկարները: «Վերինշենի տարածքը, դիրքը, անտառները, լեռները նման են Բանանցին, դրա համար որոշեցի էստեղ մնալ, կարոտություն շատ չեմ քաշում, բայց դե ծննդավայրն ուրիշ է…»
Մարտիրոսը Չալումյանը շատ է կարեւորում է տարածքի հայացումը: «Դե, եթե համեմատենք 98-ի հետ, հիմի էստեղ դրախտ ա: Բայց հինգ-վեց տարի ա' շրջանում տուն չի կառուցվում, միայն բազմազավակների համար ծրագիր կա: Ցանկացողներ շատ կան, որ գան, ուղղակի տներ չկան: Մարդիկ էլ կան, որ երեխաները մեծացել են, ամուսնացել են, պիտի առանձնանան, տուն չկա: Իմ տղու համար կարողացանք դասավորել, որ առանձին ապրի, չնայած ես չէի ուզում, որ առանձնանա: Իմ աչքը տեսել է, որ իմ հայրական գյուղում' Բանանցում, ամբողջ գերդաստանը մի բակում էր ապրում, մի ընտանիքը մի թաղամաս էր զբաղեցնում, բայց հիմիկվա ջահելներն ուրիշ կերպ են մտածում»: Հայրենի գյուղի սովորույթներն ինքն այստեղ էլ է շարունակում: Բանանցում ինքը թվագրում էր խաչքարերը, հայկական գերեզմանները, մասնակցում պեղումների, հնագիտական մեծ նշանակություն ունեցող իրերն ուղարկում էր Երեւանի պատմության թանգարան: Բնակություն հաստատելով Նոր Վերինշենում' կրկին ուշադիր է տարածքի նկատմամբ: Տարածքից գտել ու իր բակում պահում է խաչքարերի ու տապանաքարերի պատառիկներ, որոնք թուրքերն օգտագործել են որպես շինանյութ' տներ, բակեր, աստիճաններ կառուցելու համար: Խաչքարի երկու կտոր գտնելով տարբեր վայրերից' բերում ու իրար կողքի է դնում, պահում իր բակում: 
Բակի բարեկարգությանը հետեւում է նաեւ փոքրիկ Մարտինը, ով մի փայտի կտոր ձեռքին վազում է կովերի հետեւից ու քշում դրանց, որ բակի վարդերը չուտեն: Երկու տարեկան թոռնիկն արդեն կանգնում է պապիկի կողքին ու դիտում նրա աշխատանքը, ձեռքն էլ հենց մատիտ է ընկնում, սկսում է նկարել: Պապիկը նրա մեջ տեսնում է իրեն շարունակողին ու հանգիստ է…
Տա Աստված, վարպետ Մարտիրոս, որ տեսնեք Ձեր հայրենի Բանանցի ազատագրումն, ու Ձեր աչքերի կարոտն առ հայրենի եզերք գտնի իր հանգրվանը…









Թամարա Գրիգորյան
Աղբյուրը` http://times.am/?l=am&p=15119

вторник, 30 октября 2012 г.

Առաջին օրերը Քարվաճառում. որտե՞ղ ապրի նոր տեղափոխված ընտանիքը


Հայոց Քարվաճառը դարավոր գերությունից ազատագրելու ժամանակ ես հինգ տարեկան եմ եղել: Դրանից մոտավորապես տասնհինգ տարի անց հասկացա Ազատագրված հայրենիքի կարեւորությունն ու դպրոցական տարիներիս հայերի ողբ ու լացի մասին կարդացած գրքերից փոխանցված բարդույթից ազատագրվելու հնարավորություն ստացա. փաստորեն, մենք այնքան էլ խեղճուկրակ չենք, մենք դարերով գերի ընկած հող ենք ազատագրել ու վերադարձրել մեր կորցրած հայրենիքի մի մասը:
Մեր հայրերի սերունդն ազատագրել է հողը, մեր սերունդը պետք է այն շենացնի: Թվում է, թե մեխանիզմը շատ պարզ է:
Ազատագրված տարածքում բնակվելու նպատակս ուրվագծվել է մի քանի տարի առաջ: Նախ դա անհնար էր թվում, միայն երազանք: Մի օր սակայն, պարզվեց, որ այդպիսի երազանք ունեմ ոչ միայն ես, այլեւ այն մարդը, ում հետ պատրաստ եմ անցկացնել ամբողջ կյանքս: Երկուսիս երազանքը միասին դարձավ մի նպատակ: Երբ սկսեցինք հետաքրքվել Քարվաճառ տեղափոխվելու պայմաններով, հասկացանք, որ իրականում շատ դժվար է լինելու. Քարվաճառում արդեն հինգ տարի է' բնակելի տներ չեն կառուցվում, եւ նորաստեղծ ընտանիքի համար այստեղ տուն ստանալն իսկանան փորձություն է:
Մեր նորաստեղծ ընտանիքն արդեն երրորդ օրն է, որ Քարվաճառում է: Առայժմ մենք հյուրընկալվում ենք հրաշալի քարվաճառցիներ Ալեքսանդր Քանանյանի ու Խանդութ Ավետյանի տանը: Սակայն բնական է, որ մեզ առանձին բնակարան, վաղ թե ուշ, անհրաժեշտ է: Որքան հասկացանք այս երեք օրվա մեջ, վարչակազմն առհասարակ տներ չի տրամադրում Քարվաճառ տեղափոխված ընտանիքներին, ու թերեւս դա նախ այն պատճառով, որ ազատ տներ գրեթե չկան: Եղած դատարկ տներն էլ ինչ-ինչ միջոցներով իրենց հսկողության տակ են պահում որոշ մարդիկ:
Ինչեւէ, Քարվաճառ տեղափոխվելիս մենք գիտեինք, որ մեզ այստեղ առաջին օրվանից բնակարանով չեն ապահովելու, սակայն եթե սպասեինք, թե երբ բնակարան կլինի, թերեւս այդպես էլ չտեղափոխվեինք: Բնակարաշինությունն ու նոր տեղափոխված անձանց կացարանով ապահովելը Քարվաճառի վերաբնակեցման առաջին խոչընդոտն է:
Համոզված եմ, որ մեր նման էլի երիտասարդներ կան, ովքեր ցանկանում ենք կյանքն սկսել Հայոց Ազատագրված հողում, սակայն առանց բնակարաշինության նրանց տեղափոխվելու հավանականությունը կտրուկ նվազում է:
Իսկ այս հողը թերբնակեցված թողնելն իրոք որ մեղք է: Ասել, թե Քարվաճառի բնությունը չքնաղ է, նշանակում է ասել միայն ճշմարտության մեկ քառորդը: Իսկ այստեղ տեղափոխվելը նշանակում է ապրել մաքուր բնության մեջ, չաղտոտված հասարակությունում, ունենալ գործունեության լայն ասպարեզ, ուժն ու եռանդը հայրենիքի զարգացմանն ի նպաստ ներդնելու հնարավորություն:
Թամարա Գրիգորյան
Աղբյուրը` http://times.am/?l=am&p=14317

понедельник, 29 октября 2012 г.

Վարդենիս-քարվաճառյան ոդիսական. խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում


Հայոց ազատագրված Քարվաճառը ՀՀ-ին կապող միակ հասարակական տրանսպորտը «ՈւԱԶ» կոչվող ավտոմեքենան է, որը յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին Վարդենիսից ուղեւորվում է Քարվաճառ:

Վարորդը, Մաքսիմը, աշխատում է անհատ ձեռներեցի կարգավիճակով: Այսինքն, Քարվաճառը ՀՀ-ին կապող միակ փոխադրամիջոցը ոչ թե պետության կողմից վերահսկվող ոլորտ է, այլ մասնավոր բիզնես: Իսկ սա չի՞ նշանակում արդյոք, որ վարորդ Մաքսիմը մի օր պարզապես կարող է որոշել զբաղվել այլ աշխատանքով, եւ Քարվաճառում բնակվող հայ մարդը, ով ավտոմեքենա չունի, այլեւս չի կարողանա հասնել, ասենք, Երեւան: Իհարկե, կա նաեւ Քարվաճառ-Ստեփանակերտ-Երեւան գիծը, որը, սակայն, պակաս հարմարավետ չի:

Ինչեւէ, Մաքսիմն այժմ սպասարկում է գիծը իր ոչ այնքան հարմարավետ «ՈւԱԶ»ով: Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը գրունտային է, եւ մինչեւ տեղ հասնելը մարդիկ ու իրերն ամբողջությամբ ծածկվում է փոշով: Մեքենան հատկապես ծանրաբեռնված է լինում հինգշաբթի օրերին, քանի որ այդ օրերին Վարդենիսում բացօթյա տոնավաճառ կա, որտեղից մեծ առեւտուր են անում քարվաճառցիները: Սակայն դա չի նշանակում, որ երկուշաբթի եւ շաբաթ օրերին միշտ կարելի է հանգիստ երթեւեկել: Շատ հաճախ նախօրոք պահած տեղն էլ չի փրկի, քանի որ մարդիկ կարող են ուղղակի պայուսակդ մի կողմ դնել եւ տեղավորվել: Գերծանրաբեռնվածությանը մեծապես նպաստում են նաեւ տեղափոխվող ահռելի քանակությամբ իրերը:

Հաճախ գերծանրաբեռնվածության պատճառով վարորդն ստիպված է լինում տեղափոխել թույլատրելիից ավելի թվով մարդկանց: Եւ այստեղ կարծես թե մի չգրված սուրբ օրենք կա. ոչ մի մարդու չթողնել Վարդենիսում, որքան էլ որ երթուղայինում տեղ չլինի: Վարորդը միշտ հավաստիացնում է դուրսը մնացած ուղեւորներին, որ մինչեւ բոլորին չտեղավորի, ինքը Վարդենիսից չի շարժվի: Երբեմն անհրաժեշտության դեպքում կանչվում է երկրորդ «ՈւԱԶ»-ը:

Իհարկե, նախ եւ առաջ ուրախալի է տեսնել այդքան մարդկանց, ովքեր գնում են Քարվաճառ, ովքեր այնտեղ ապրում են կամ էլ պարզապես գնում են ծանոթանալու չքնաղ տարածքին: Սակայն որքան ուրախալի է այդ փաստը, նույնքան հրատապ է երթեւեկության խնդիրը հնարավորինս արագ կարգավորելը:  

Կապը Մայր Հայաստանի հետ Ազատագրված տարածքի վերաբնակեցման առաջնային խնդիրներից մեկն է: Տարածք տեղափոխվելու մտադրություն ունեցող մարդը, առաջին անգամ ճզմված, խցկված ու փոշոտված Քարվաճառ հասնելուց հետո թերեւս լուրջ կասկածներ կունենա իր մտադրության մասին: Իսկ Ազատագրված հողի բնակեցումը կարեւորագույն առաջնային խնդիր է, որով պետք է մտահոգված լինեն թե´ առաջին հերթին պետությունը, թե´ անհատները: 

Քարվաճառի տրանսպորտային խնդիրը լուծելն անհնար չի: Քարվաճառին ու շրջակա գյուղերին սպասարկող միակ վարորդ Մաքսիմին եւս մեկ առավել հարմարավետ մեքենա օգնության ուղարկելու դեպքում քարվաճառցիները կկարողանան արժանապատիվ կերպով երթեւեկել եւ կզգան, որ պետությունն իրենց մասին եւս մտածում է, չնայած որ իրենք ապրում են Երեւանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա:  

Աղբյուրը` http://times.am/?l=am&p=14242

пятница, 12 октября 2012 г.

Երեւանյան հայացք ապագայից, հայացք անցյալից. ցուցահանդես Գաֆէսճյան արվեստի կենտրոնում


Այսօր, հոկտեմբերի 12-ին, Գաֆէսճյան ժամանակակից արվեստի կենտրոնում բացվեց «Երեւան. հայացք ապագայից» ցուցահանդեսը, որը նվիրված է Էրեբունի-Երեւան առաջիկա տոնակատարություններին:
Ցուցահանդեսին ներկայացված էին 20-րդ դարի հայ նկարիչների կտավները՝ նվիրված Երեւան քաղաքից: Նկարիչներ Սեդրակ Առաքելյանը, Գաբրիել Գյուրջյանը, Փանոս Թերլեմեզյանը, Մարտիրոս Սարյանը, Վահրամ Գաֆեսճեանը, Ստեփան Թարյանը, Խաչատուր Եսայանը, Ստեփան Աղաջանյանը, Տարագրոսը, Աշոտ Մամաջանյանը, Արարատ Ղարիբյանը, Հակոբ Կոջոյանը, Գեւորգ Հովսեփյանը… պատերից պատմում են 20-րդ դարի փոքրիկ տներով, նեղլիկ փողոցներով, սեղմված բակերով Երեւանի մասին, Երեւան, որը մեր սերունդը չի տեսել: 
Նկարների մեջ կարոտ կար, մի քիչ՝ թախիծ, մի քիչ՝ հայացք անցյալից, կառույցներ, որոնք էլ վաղուց չկան, որոնց հետ ժամանակն ու մարդիկ անխնա են վարվել: Այսօր մենք  ունենք նոր Երեւան, նոր մայրաքաղաք: Պայծառ, գունավոր, լայն փողոցներ, ժպտերես մարդիկ, նոր, բարձր կառույցներ. սրանք էլ մերօրյա Երեւանի մասին պատմող լուսանկարներն էին, որոնք ցուցադրված են 20-րդ դարասկզբի Երեւանի հետ նույն ցուցասրահում:
Գաֆէսճյան արվեստի կենտրոնի Սասունցի Դավիթ սրահում երեւանյան մթնոլորտ է, հին ու նոր, փոքրիկ ու ընդարձակ Երեւանի:
Ցուցահանդեսը մինչեւ հոկտեմբերի 14-ը կարող եք այցելել անվճար, իսկ առհասարակ ցուցահանդեսը կտեւի մինչեւ դեկտեմբեր:

среда, 3 октября 2012 г.

Իմ թատրոնը. իմ երկխոսությունը


Փոքր տարիքում մայրիկս ինձ, եղբորս ու հորեղբորս աղջկան հաճախ տանում էր Վանաձորի տիկնիկային թատրոն: Դա ինձ համար իսկական տոն էր: Լուռ ու ուշադիր դիտում էի ներկայացումները, գիտեի հերոսներին: Մտքիս մեջ կերտում էի այն կերպարներին, ովքեր կարդում էին կենդանիների խոսքերը: Հիշում եմ, որ ամեն տիկնիկի հետեւում պատկերացնում էի որոշակի կերպար ու այնքան էի համոզված իմ պատկերացրածի հավաստիության մեջ, որ տուն վերադառնալուն պես տատիկիս պատմում էի, թե իբր ներկայացումից հետո դեր կարդացողները բեմ բարձրացան, ու ասենք, աղվեսի դեր ասողը շիկահեր նիհար աղջիկ էր
Տիկնիկային թատրոնի տարիքից հետո առաջին անգամ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոն այցելեցի մոտավորապես 12-13 տարեկանում: Հորեղբայրս երկու տոմս էր բերել իմ ու եղբորս համար, ու այդ օրը դիտեցինք «Բալենու այգին»: Այդ ժամանակ ո՛չ դերասան էի ճանաչում, ո՛չ գիտեի՝ բեմադրությունն ինչ է, ոչ էլ թատրոնում կարողանում էի ինքնուրույն տոմսի վրա գրված տեղը գտնել: Բաց այդ ամենը ժամանակի հարց էին. այդ օրը կարեւոր մի բան հասկացա. ես թատրոնը սիրեցի: Ինչու՞ սիրեցի. այդ հարցի պատասխանը ես դեռ չունեի, բայց թատերական մթնոլորտն ինձ դուր եկավ: Դպրոցական տարիներիս դիտեցի Վանաձորի դրամատիկական թատրոնի ոչ այնքան հաճախ թարմացվող խաղացանկի ներկայացումների մեծ մասը:
Իսկ թատրոնի հանդեպ սերը պիտի բացահայտվեր ու բացատրվեր արդեն Երեւանում: Առաջին շրջանում անհայտ մի ուղղորդմամբ մի քանի ներկայացում դիտեցի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, սակայն հենց սկզբից էլ մեծ բեմն ու մեծ դահլիճը, չափազանց շատ աթոռներն ինձ անհյուրընկալ ու անհրապույր թվացին: Դե իսկ Դրամատիկ թատրոնի, Համազգային թատրոնի, Տիկնիկայինի, ու հատկապես Դերասանի տան փոքր ու հյուրըկալ, ջերմ դահլիճներն մոռացնել տվեցին ակադեմիականի մեեեծ դահլիճը :) Չէ, Սունդուկյանի անվան թատրոնի դեմ բան չունեմ, մի քանի լավ ներկայացումներ էլ դիտել եմ այնտեղ, բայց դե փոքրիկ բեմերն այլ մտերմություն են ենթադրում…
Թատրոնով գրավվելս, հափշտակվելս միանգամից եղավ: Թատրոնում ես ուրիշ իրականություն տեսա. բեմադրիչի իրականությունը: Բեմադրիչ-արարիչը բեմի վրա մի իրականություն է ստեղծում, ու դու ինքնակամ գալիս ես, որ հանդիպես այդ իրականությանը: Ուրիշ հարց է, թե հանդիպու՞մ ես արդյոք, բայց ամեն դեպքում դու անում ես այդ քայլը, դու գնում ես հանդիպման:
Ի սկզբանե ներկայացման գնալիս փորձում էի դատարկված մտնել թատրոն, որ տեսածս իրականությունը մեջս տեղավորվելու տեղ ունենա, ու եթե անգամ վարագույրն իջնելուց հետո այն շատ կարճ ժամանակում պիտի ինձ լքի, մի շտրիխ թողնի մեջս, նոր լքի: Շատ հաճախ, ցավոք, ներկայացումն այդպես էլ ներսիս չի հասել, այդպես էլ չի ցանկացել երկխոսել կամ էլ նրա խոսքն ինձ չի ուղղված եղել: Իհարկե, եղել են նաեւ ներկայացումներ, որ հենց ինձ հետ են խոսել, ինձ սեր են տվել, ստիպել են արտասվել, ստիպել են գործել կամ լռել…

Ու հենց այդ ներկայացումներն էլ ինձ կապել են թատրոն ասված երեւույթին, հաճախ երեկոներին ուղղորդել են հենց թատրոնի շենք:
Չափազանց տարվելով թատրոնով՝ մի պահ ցանկացա թատերագիտությունը մասնագիտությունս դարձնել: Դա նշանակելու էր թատրոնին ներսից նայել, թատրոնի մեջ մտնել ու տեսնել նաեւ այն, ինչը կարող էր այնքան էլ չտեղավորվել իմ պատկերացրած երկխոսության մեջ: Ու ես հետ քաշվեցի, մնացի հանդիսատես, մնացի երկխոսության մեջ իմ տեղում, երկխոսություն, որը դեռ երկար կշարունակվի ու կծավալվի

понедельник, 1 октября 2012 г.

Կարոտը բազմատարր…


Հոկտեմբերն աշնան ամենասիրելի ամիսն է, ոսկեծամ, ոսկեթել, իսկ իմ մեջ կարոտ է…

Դրսում ջերմ է ու հաճելի, իսկ իմ ներսում կարոտ է…

Թատրոն, կինո, ցուցահանդես գնալու ժամանակն է, իսկ սրտումս կարոտ է…

Գեղեցիկ լինելու ու գեղեցիկ շորեր հագնելու եղանակն է, իսկ իմ մեջ կարոտ է…

Արեւի վերջին ճառագայթներով ջերմանալու օրեր են, իսկ ես կարոտում եմ…

Վերջին պաղպաղակն ուտելու ժամանակն է, իսկ ես կարոտում եմ…

Տերեւները զարդարում են փողոցները, իսկ ես կարոտում եմ…


Երեկոները դեռ կարելի է զբոսնել, իսկ ես կարոտում եմ…

Սիրուց ջերմանալու ու սիրո մեջ պարուրվելու եղանակն է, իսկ ես կարոտում եմ…