Երեւանում ցուցահանդեսներ լինում են: Լինում են հաճախ: Երեւանում լինում են
սովորական ցուցահանդեսներ` նկարները պատին: Երեւանում երբեմն նաեւ լինում են
արտասովոր ցուցահանդեսներ, ստեղծագործական մոտեցումներ: Իմ իմացած մշակութային
կենտրոններից այս վերջին մոտեցումներով առաջատարը ՆՓԱԿ-ն է: Այս բլոգումս մի անգամ
արդեն առիթ եմ ունեցել անդրադառնալ ժամանակակից արվեստի այս կենտրոնին:
Մայիսի 15- հունիսի 2 ՆՓԱԿ-ում կարող եք հանդիպել Աննա-Լեա Քոփփերիի
Արարատին, նրա տեսած, զգացած, ապրած լեռանը, որը նրա գլխում է:
Գիտեմ, Արարատ շատ եք տեսել, Արարատին շատ եք տեսել, ձեր մեջ զգացել, ձեր
մեջ պահել, արտահայտել կամ ոչ: «Վերնիսաժ»-ում տասնյակ Արարատներ կան, գունագեղ
ֆոնով, վարպետորեն պատկերված կամ ոչ այնքան: Աննա-Լեան եւս պատկերել է իր Արարատը,
սեւով սպիտակի վրա պարզ գծապատկերներով: Պատկերել է Մասիսն ամեն օր, իր ամեն պահի
զգացողությամբ, մի ուրիշ Արարատ, որ հենց միայն իրենն է ու խորն է: Քայլ առ քայլ
դիտում ես փոքրիկ, A4 ֆորմատի գծապատկերն ու մի ուրիշ մտերմություն ես հանդիպում,
որ միգուցե առաջ չես էլ տեսել Արարատին հազարերորդ անգամ նայելիս: Մի կարոտ ու մի
ցավ էլ ես զգում, այս անգամ էլ մի ուրիշ ցավ:
Աննան իր այցելուին հնարավորություն է տալիս նաեւ նկարել սեփական լեռը,
սեփական Արարատը կամ էլ մի ուրիշ լեռ, որ կա նրա մեջ, որի մասին ինքը գիտի կամ էլ
չգիտի: Մի փոքրիկ սենյակում, որը ծածկված է բամբակով, դու կարող ես ներս մտնել
(կոշիկներդ հանելուց հետո, իհարկե) ու մի ցածրիկ սեղանի մոտ պատկերես քո լեռը, որը
պիտի հաղթահարես, կամ էլ արդեն հաղթահարում ես…ու կախես մյուս լեռների կողքին, որ
ուրիշներն են պատկերել:
Բա, սա էլ ՆՓԱԿ-ը: Այ էսպիսի յուրօրինակ ցուցահանդես:
Հ.Գ.Արվեստագետ Աննա-Լեա Քոփփերին,
Ֆինլանդիայից, բնակվում է Երեւանում եւ ստեղծում է կոնցեպտուալ արվեստ զանազան
մեդիաներով: Նա ուսանել է Ֆինլանդիայում, Ֆրանսիայում եւ Գերմանիայում: Ավարտել է
Դուսելդոր ֆի գեղարվեստի ակադեմիան 1996 թվին: Նա հայտնի է իր շրջապատային եւ ինտերակտիվ
աշխատանքներով եւ տարածքային քանդակներով: Իր հատուկ-տեղանքային աշխատանքներում
Քոփփերին հետազոտում է այնպիսի կոնցեպտներ, ինչպիսիք են շրջապատն ու վիճակը,
նյութերի, փոխհարաբերության եւ թափանցիկության միջոցով: Տարածքի պատմական եւ
էկոլոգիական ասպեկտները ազդում են նրա ինստալացիաների, քանդակների եւ
գործողությունների ստեղծման վրա: Քոփփերի աշխատանքները ցուցադրվել են Եվրոպայում
եւ Ասիայում կազմակերպված ցուցահանդեսներում վաղ 1990-ականներից:
Комментариев нет:
Отправить комментарий