четверг, 24 мая 2012 г.

«Ես համոզված եմ, որ իմ երկիրն ինձ կպաշտպանի, իմ երկիրն իմ թիկունքին կանգնած է»


Մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Ես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, ով ունի ընտրելու իրավունք, չմասնակցեցի այդ ընտրություններին: Ուղղակի չգիտեի, թե որ կուսակցությանը տայի ձայնս, իսկ քվեաթերթիկը փչացնելու համար չարժեր Երեւանից Վանաձոր հասնել: Ոչ մի կուսակցության, ոչ մի քաղաքական ուժի չեմ հավատում, հույսեր չեմ կապում: Ու ընտրություններն էլ իմ կյանքում ոչ մի բան չփոխեցին, ու չէին փոխելու առկա ուժերի ցանկացած դասավորությամբ:

ՀՀ-ում ընտրությունների հենց հաջորդ օրը Երեւանում օտարերկրյա հյուրեր ընդունեցինք: Գերմանացի մի տղայի հետ խոսում ենք տարբեր բաներից: Ասում է` մազերս կտրել էի, ուզում էի ինձ բանակ տանեին, բայց չտարան: Ասում է` գիտես, մեր մոտ պարտադիր բանակ չկա, հատուկ ծառայություն է, ու դա իմ համար արկած էր, 18 տարեկանում: Ասում եմ` բա եթե պարտադիր չի, ինչու՞ էիր ուզում գնալ, իսկ դա վտանգավոր չէր: Ասում է` չէ, Գերմանիայում ինձ ոչ մի բան վտանգավոր չի թվում: Ես համոզված եմ, որ իմ երկիրն ինձ կպաշտպանի, իմ երկիրն իմ թիկունքին կանգնած է: Ասում է` գիտես, Գերմանիայում սարսափելի չի ծերանալը, սարսափելի չի համալսարանն ավարտելն ու անգործ մնալը, մենք հավատում ենք, մենք վստահ ենք մեր երկրի վրա: 

Հա, հասկանում եմ, ո՞նց չեմ հասկանում…

Հաջորդ օրը գերմանացի ընկերս շատ անհանգիստ է: Ասում եմ` ի՞նչ է եղել: Ասում է` մեր մոտ տեղական ընտրություններ են, որոնց արդյունքը շատ կարեւոր է. երեկոյան պատասխանը կիմանամ: Ասում եմ` իրո՞ք կարեւոր է: Ասում է` հա, շատ կարեւոր է: Երեկոյան ուրախ է, ոգեւորված. իր սատարած քաղաքական ուժն է ընտրվել: 

Ինքը միշտ կապրի Գերմանիայում, չի լքի իր երկիրը, որտեղ ապահով է, ու որտեղ կա հույսը:




Հ.Գ. ՀՀ-ն ու Գերմանիան համեմատելն, իհարկե, անհեթեթություն է, բայց ինձ այ էս հավատն է պակասում: 

Комментариев нет:

Отправить комментарий