Մայիսի 30-ին Նկարիչների միություն բացվեց նկարիչ Սարգիս Մուրադյանի «Իմ
ժամանակակիցը» ցուցահանդեսը: Այն տեւելու է 10 օր, այսինքն, բաց կլինի մինչեւ
հունիսի 10-ը:
Բացմանը չէի կարողացել գնալ, այսօր գնացի: Սարգիս Մուրադյանի նկարների մի
մասը տեսել էի ավելի վաղ, ալբոմում: Ցուցահանդեսին ներկայացված են նկարներ, որոնք
հասարակությունն առաջին անգամ է տեսնում:
Ես նկարչությունից շատ բան չեմ հասկանում. միայն հասկանում եմ` հավանու՞մ
եմ, թե ոչ: Սարգիս Մուրադյանի նկարները հավանում եմ, քանի որ նրա հերոսը մարդն է:
Ես նրա նկարներում այդ սերը տեսնում եմ, շատ մարդկային պատկերներ են: Հատկապես
չորս նկար շատ սիրեցի. «Զարթոնք», «Իմ դուստրերը», «Գեղջուկի երազը» եւ «Զառան
պարապում է»:
Սարգիս Մուրադյանի դստեր` Զարուհի Մուրադյանի հետ հարցազրույց եմ ունեցել
մի քանի ամիս առաջ: Նյութը հրապարակվել է անցյալ տարվա հոկտեմբերին, yev.azg.am կայքում:
Սակայն կարծում եմ` այսօր էլ կարելի է նյութը վերահրատարակել բլոգումս, իսկ
նկարչի աշխատանքներին դեռեւս մեկ շաբաթվա ընթացքում կարող եք ծանոթանալ Նկարիչների
միությունում:
Մյուս տարի (արդեն` այս տարի J ) լրանում է հայ մեծանուն նկարիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ Սարգիս Մուրադյանի 85-ամյակը:
Սարգիս Մուրադյանը (1927-2007) դեռ խորհրդային տարիներին պատկերում էր ազգային թեմաներով կոմպոզիցիաներ, բնապատկերներ,
եկեղեցիներ:
«Չեմ հիշում, որ եկեղեցիներ պատկերելու համար որեւէ խնդիրներ ունենար, բայց լավ հիշում եմ, որ բազմաթիվ անգամներ իր գործերը չէին ստանում ԽՍՍՀ պետական մրցանակներ, քանի որ ազգային թեմաներով էին», պատմեց Զարուհի Մուրադյանը` նկարչի դուստրը:
«Երբ հորս կտավները պետական մրցանակ չէին ստանում, նրան հետո պատճառաբանում էին, թե իր հերոսները հեռացած են իրականությունից, այսինքն, ավելի երազային աշխարհում էին: Սարգիս Մուրադյանի աշխատանքներում չկար սոցիալիզմի գովք, չկային հեղափոխական ու առաջադեմ բանվորների կերպարներ:
Անգամ երբ նա բանվորներ էր պատկերում (օրինակ, «Առավոտը Հրազդանում»), նրանք ծանր քայլերով գնում էին աշխատանքի: Իսկ այսպիսի պատկերներ սովետական տարիներին չէին ընդունվում»:
Գեղանկարիչը դիպլոմային աշխատանքի թեմա ցանկացել է ընտրել Ավարայրի ճակատամարտը, սակայն նրան խորհուրդ չեն տվել: Ինչպես նշեց տիկին Մուրադյանը, «Ավարայր»-ն այդպես էլ մնաց միայն էսքիզ, իսկ դիպլոմային աշխատանք ընտրվեց կուսակցական մի ինչ-որ թեմա: Մուրադյանը հիշում էր. դա միակ աշխանանքն էր, որ ինքը չէր ուզում անել:
«Հետո Ավարայրը կարծես թե դարձավ Սարդարապատ: Այդ եռապատկերի վրա շատ երկար աշխատեց»:
Չնայած խորհրդային տարիների բոլոր արգելքներին, Սարգիս Մուրադյանի արվեստը եղել է ճշմարիտ եւ ազգային: Եվ այդ արվեստը գնահատվել է անգամ բռնատիրական հասարակարգում:
«Երբ հայրս պատկերեց Կոմիտասին, դրանից մի ամիս հետո Մոսկվայում պիտի լինեին հայկական մշակույթի օրեր: Այս նկարը վախենում էին ուղարկել, քանի որ թեման շատ ազգային էր: Սակայն մշակույթի նախարարությունից մի հոգի իր վրա է վերցնում պատասխանատվությունն եւ ուղարկում: Այս նկարն այնտեղ մրցանակ է ստանում եւ մեծ հաջողություն է ունենում: Այսինքն, չնայած սովետական ռեժիմին, իսկական, պրոֆեսիոնալ արվեստը միշտ էլ գնահատվում է»,-պատմեց տիկին Մուրադյանը:
«Կոմիտասի վերջին գիշեր» նկարը առիթ է դարձել, որ Սարգիս Մուրադյանն ու Պարույր Սեւակը ծանոթանան ու դառնան անբաժան ընկերներ:
«Պարույրն այդ ժամանակ Մոսկվայում ասպիրանտ էր եւ գրում էր «Անլռելի զանգակատունը»: Նրանք ծանոթացել են ցուցասրահում, այս նկարի մոտ ու այդ օրվանից դարձել անբաժան ընկերներ: Այդ օրը նրանք գնացել են հանրակացարան, եւ Սեւակը մինչեւ լույս նրա համար կարդում էր «Անլռելի զանգակատունըե: Ու ասում էր` դու ո՞նց իմացար, որ ես հիմա սա եմ գրումե, գեղանկարչի պատմածն է վերհիշում նրա դուստրը:
Սարգիս Մուրադյանի պատկերած կտավները դիտելիս միանգամից աչքի են զարնում գյուղական տեսարանները: Գյուղը պատկերված է պարզ, իրական ու գունեղ: Պարզվում է, որ գեղանկարիչը գյուղում մշտապես չի բնակվել, սակայն շատ է մեկնել գյուղեր, հաճախ` հենց նկարելու նպատակով:
«Օրինակ, Նկարիչների միությունը փոքրիկ տուն ուներ Հրազդանում, որտեղ նկարիչները գնում-ապրում եւ ստեղծագործում էին ամիսներով: Այ այդտեղ ապրելով` հայրս պատկերել է մի ամբողջ շարք («Հրազդանի առավոտըե, «Հարսանիք Հրազդանում», «Զարթոնք»): Երկար տարիներ Սեւակի հետ ամիսներով մնացել է Չանախչիում, այնտեղ էլ հաճախ նկարել է Սեւակին աշխատելիս: Շատ էր սիրում Մալիշկան: Հայաստանի բնությունը շատ էր սիրում, դա հրճվանքի հասնող սեր էր: Ի վերջո, Արա գյուղում տուն կառուցեց, այգի տնկեց ու կյանքի վերջին տարիներին հիմնականում այնտեղ էր ապրում»:
Սարգիս Մուրադյանը միայն նկարիչ չէր, այլեւ իր հայրենիքի իսկական զավակ: Նա ոչ միայն պատկերում էր իր հայրենիքը կտավների վրա, այլեւ անմիջական մասնակցություն էր ունենում հասարակական եւ քաղաքական:
«1960-ական թվականներին ղարաբաղյան շարժում սկսվեց, իհարկե ոչ այնպես, ինչպես 80-ականներին, բայց արդեն 1963-64 թթ. մտավորականների մի խումբ, այդ թվում եւ հայրս, գնում էին Ղարաբաղ, ստորագրահավաք էին անում գյուղերում, փորձում էին բացատրել, որ Ղարաբաղը պիտի վերամիավրի մայր Հայսատանին: Այսինքն, “հալոցքի” ժամանակաշրջանում իրենք էլ փորձեցին ցույց տալ, որ Ստալինի հանցավոր որոշմամբ Արցախը կտրվել է մայր հայրենիքից եւ պետք է վերադարձվի հայերին», պատմեց տիկին Մուրադյանը:
Դե իսկ արդեն 1988-ին հայրենասեր մարդն իսկական ցնծություն էր ապրում, երբ սկսվեց արցախյան շարժումը:
«Ցույցերի առաջին կամ երկրորդ օրն էր, մենք Օպերայի մոտ էինք, ու հայրս ոգեւորությամբ ասաց` ժողովուրդն արթնանում է: Այդ ժամանակ նա Նկարիչների միության նախագահ էր եւ գերագույն խորհրդի պատգամավոր:
Փետրվարի 24-25-ին, երբ հրապարակն արդեն լեփ-լեցուն էր եւ ես նկարահանում էի ցույցերը (իմիջայլոց ես այդ ամբողջ արխիվն ունեմ), երեկոյան արդեն տուն էի գնում, մեկ էլ հարթակից լսում եմ հորս ձայնը: «Սիրելի ժողովուրդ, ես գերագույն խորհրդի դեպուտատ եմ, ես գիտեմ, որ Ղարաբաղի մարզային խորհուրդը դիմել է Հայաստանին: Ես որպես պատգամավոր դիմում եմ իմ կոլեգաներին, որպեսզի միանան իմ ձայնին ու պահանջեն նստաշրջան` քննարկելու այդ հարցըե: Սա սովետական տարիներին շատ հանդուգն քայլ էր: Միգուցե այսօր դրա մասին մոռացվել է, չի հիշվում, բայց շատ քիչ մարդ, լինելով գերագույն խորհրդի պատգամավոր, նման հայտարարություն կաներ հարթակից այդ օրերին»:
Չնայած արվեստագետի ակտիվությունն արցախյան հարցում նրան հեռացրեց իր շատ մտերիմ ընկերեներից, սակայն, դստեր խոսքով, դա իր հոր բաղձալի երազանքն էր. տեսնել Հայաստանն անկախ, տեսնել որեւէ առաջընթաց արցախյան հարցում:
«Երբ ես հիմա հորս մտերիմ ընկերներին հարցնում եմ, թե այդ ինչպես եղավ, որ այդքան մտերիմ ընկերներ էիք ու մեկ էլ դադարեցիք շփվել, նրանք ասում են, թե մենք չներեցինք Մուրադյանին, քանի որ նա մտավ քաղաքականության մեջ: Բայց հայրս չէր կարող չանել դա, քանի որ ազատ Հայաստանը նրա երազանքն էր, նրա նպատակն էր տեսնել Ղարաբաղը` վերամիավորված Հայաստանին: Երբ որ ժողովուրդը կանգնած էր հրապարակում, իմ հոր խառնվածքի տեր մարդը չէր կարող մտնել արվեստանոց ու ասել, թե ինքը քաղաքականությամբ չի զբաղվում: Արվեստագետը պետք է առաջնորդ եւ օրինակ լինի ժողովրդի համար: Ցավով պետք է նշեմ, որ այսօր մենք չունենք այդպիսի մտավորականներ, որոնք մի կողմ դնեն իրենց անձնական շահն ու ականջալուր լինեն երկրում տեղի ունեցող անարդարություններին», նշում է Զարուհի Մուրադյանը:
Պետք է նշել որ, Ս. Մուրադյանի մահվանից անցել է արդեն հինգ տարի, սակայն Հայաստանում դեռեւս ոչ մի մշակութային օջախ կամ փողոց չի կրում արվեստագետի ու ազգային գործչի անունը:
Եկավ երկար սպասված անկախությունը, որն իր հետ պիտի բերեր նաեւ ստեղծագործական նոր շունչ ու աշխուժություն, նոր մոտեցումներ ու նոր ասելիք: Բայց «այդպես չեղավ: Նախ այն պատճառով, որ գեղանկարչության հարցում խորհրդային տարիներին էլ Հայաստանում բավականին լիբերալ էին: Հնարավոր է, որ գրականության մեջ ինչ-որ բաներ չէին տպագրվում ու այդ տարիներին տպվեցին: Նշեմ նաեւ, որ 1989-91 թթ. ավելի առաջադեմ բաներ տպվեցին, քան հիմա:
Իսկ նկարչությունը հիմա իմ կարծիքով ավելի սալոնային է դարձել, քանի որ մենք
բացարձակապես չունենք ազգային գաղափարախոսություն, չունենք իդեալներ: Ես հիմա ոչ
մի նոր, հանդուգն բան չեմ տեսնում, բայց չեմ կարող բացատրել, թե ինչու է այդպես»,
ամփոփեց տիկին Մուրադյանը:
Комментариев нет:
Отправить комментарий