Երիտասարդների զորակոչը դեպի ՀՀ Զինված Ուժեր շարունակվում
է: Ծանոթ տղաներից ոմանք զորակոչի տարիքի են ու բանակ են գնում:
Կոնկրետ վիճակագրություն չունեմ, բայց շրջապատումս շատ
մարդիկ չեն ցանկանում, որ իրենց երեխան բանակ գնա: Զորակոչի տարիքի շատ տղաներ
իրենք էլ չեն ցանկանում գնալ բանակ՝ ծառայելու: Ամեն պատճառ կհորինեն, ծնողներին
կստիպեն գումար ծախսել, որ իրենք խուսափեն ծառայությունից:
Բանակի հանդեպ այս մոտեցումը զուրկ չի որոշ օբյեկտիվ
հիմքերից: Հասարակությունը լսում է բանակում տեղի ունեցած միջադեպերի ու զոհերի
մասին: Զորակոչիկի մորը մի քիչ դժվար է համոզել օբյեկտիվ նայել դեպքերին, հասկանալ,
որ 18-20 տարեկան տղաները քաղաքացիական կյանքում էլ են տաքարյուն ու կռիվներ են
անում: Համաձայն եմ, իրականում շատ դժվար է օբյեկտիվ լինել մի հարցում, որը
երեխայիդ կյանքին է վերաբերվում: Սակայն մարդիկ հաճախ չեն մտածում, թե ինչի կարող
է բերել հայ տղաների՝ ռազմական պատրաստվածության պակասը:
Այս տարի իմ ամենամոտիկ հարազատ մարդն էլ պետք է զորակոչվեր բանակ: Ու ինքն շատ էր ցանկանում. ու ցանկանում էր իրոք, գիտակցելով այդ գործի ողջ կարեւորությունը; Շրջապատի մարդիկ նրա անկեղծ ցանկությունը հիմնականում չէին հասկանում:
Մարդն ինքնակամ ուզում է գնալ բանակ. հա, այսօրվա իրականության մեջ մի քիչ դժվար է հասկանալ: Այնպես ստացվեց, որ նրան չզորակոչեցին:
Ու նրա հիասթափությունն այնքան անկեղծ ու ակնհայտ էր, որ կրկին կարող էր տարօրինակ թվալ:
Իսկ ես այնքան հպարտություն ու ուրախություն ապրեցի այսօր այն պատճառով, որ իմ կողքին, իմ իրականության մեջ կա այդպիսի մարդ: Մարդ, որ առողջ է դատում, մարդ, որ անձնականից ու անձնայինից վեր է մտածում, մարդ, որ անկեղծ է հայրենիքի հանդեպ իր զգացած պարտավորության մեջ ու մարդ, որ եթե մի օր պետք լինի, ինքն էլի զենքը ձեռքին կանգնելու է՝ իր հայրենիքը պայքարելու, հայրենիք, որը մաքուր է ամեն տեսակ քաղաքական խաղերից, շահերից ու շահարկումներից:
Հ.Գ. Այս գրառումն օբյեկտիվ է, չնայած խոսել եմ շատ մտերիմ մի մարդու մասին :)
Комментариев нет:
Отправить комментарий