понедельник, 11 июня 2012 г.

«Ես քեզ, դու՝ ուրիշին». նախաձեռնություն, որն աշխարհում բարություն կավելացնի


Վերջերս սոցիալական ցանցերով բավականին հաճախ տարածվում են հայտարարություններ տարբեր մարդկանց հիվանդությունների եւ նրանց անհրաժեշտ օգնության մասին: Մարդիկ տեղեկանում են, արձագանքում են, թերեւս երբեմն էլ օգնում են:

Գրող Լուսինե Վայաչյանը, Լուսինե Սաղումյան ու Արմեն Մարտիրոսյանը նախաձեռնել են «Ես քեզ, դու՝ ուրիշին» անվամբ մարդասիրական նախաձեռնությունը։

Նախաձեռնությունն նախատեսում է կյանքին վտանգ ներկայացնող ծանր հիվանդություններ և բուժման համար գումարի և դոնորների կարիք ունեցող մարդկանց տվյալների հավաքագրում ու նրանց համար օգնություն կազմակերպում։  Նախատեսվում է ստեղծել մի կայք, որը տարածելու է այդ մարդկանց մասին տեղեկություններ։ Ըստ նախագծի ցանկացած մարդ կարողանալու է տեղեկություններ ուղարկել ցանցին, որոնք կստուգվեն պատասխանատուների կողմից և կհրապարակվեն կայքում։
Կազմակերպիչ խմբի քայլերն են՝ մշակել համապատասխան տեղեկատվությունը, տեղեկացնել հանրությանը, կազմակերպել դրամահավաք և ներկայացնել հաշվետվություն։ Աշխատանքներն իրականացնելու են կամավորները։

«Նախաձեռնության հիմքում դրված է «Pay it forward» հայտնի ֆիլմի գլխավոր գաղափարախոսությունը (այստեղից էլ նախաձեռնության անվանումը), այն է, մենք լավություն ենք անում այն անձին, ում կյանքը փրկում ենք, իսկ նա և իր ծնողները կամ եղբայրներն ու քույրերը բանավոր «պարտավորվում են» իրենք էլ իրենց հերթին երեք այլ անձանց լավություն անել, հնարավորինս համաչափ լավություն, պայմանով, որ այդ անձինք էլ, շարունակելով շղթան, պետք է երեք այլ անձանց լավություն անեն։ Այսինքն՝ գաղափարի էությունը կայանում է նրանում, որ պետք չէ լավություն անել ու ակնկալել, որ դիմացինն էլ քեզ պետք է լավություն անի, այլ պետք է սկզիբն դնել մի շղթայի, որը համոզված ենք, որ կծառայի իր բուն նպատակին և մեր հասարակությանը մի քիչ ավելի բարի կդարձնի ու կսերմանի մարդասիրական արժեքներ։ Իհարկե, եթե նրանց անգամ նման «պարտավորություն» չստանձնեն, ամեն դեպքում մենք պատրաստակամ կլինենք աջակցելու»,- ասում են նախաձեռնության հեղինակները։

Նախաձեռնությունը փորձելու է այնպես անել, որ այսուհետ ԶԼՄ-ներն ավելի շատ խոսեն նման թեմաներից, մասնավորապես՝ մարդու կյանքի՝ որպես գերագույն արժեքի մասին, որի միջոցով կթարմացվի մարդանց արժեքային համակարգը։ Նախաձեռնության գերակա նպատակներից է ԶԼՄ-ների միջոցով քարոզչություն իրականացնել և ստիպել պետությանը, որպեսզի նա իր վրա վերցնի ամենածանր հիվանդություններով տառապող անձանց հոգսերը, այսինքն՝ պետական պատվերի շրջանակներում համապատասխան բուժման հնարավորություն ստեղծվի։ Ներկայումս կան մարդու կյանքի համար մեծ վտանգ ներկայացնող մի շարք հիվանդություններ, որոնցով տառապող մարդկանց պետությունը որևէ կերպ չի աջակցում։ «21-րդ դարում ուղղակի գումար չունենալու պատճառով մահանալը, մեղմ ասած, անթույլատրելի է»,-ասում են կազմակերպիչները։


Կայքը և ցանցը պատրաստելու աշխատանքների հարցում աջակցում է X-TECH կազմակերպությունը՝ հանձին տնօրեն Արման Աթոյանի։

Այսօր տեսա այս նախաձեռնությունն ու ուրախացա: Մի քանի մարդ ցանկանում են օգնել ուրիշ մարդկանց, շատ մարդկանց, ում իրենք չեն էլ ճանաչում: Մի քիչ բարություն են ավելացնում աշխարհին. նրանց գործունեությունը ժպիտ կպարգեւի մարդկանց, ապրելու հույս, հույս, որ իրենք մենակ չեն իրենց ցավի ու հիվանդության հետ: Հաջողություն եմ մաղթում նախաձեռնությանն ու կարծում եմ, որ շատ մարդիկ կմիանան: 

Комментариев нет:

Отправить комментарий