четверг, 28 июня 2012 г.

Հայկ Մելիքյան. վառ երեւակայությամբ դաշնակահարը


Այսօր, հունիսի 28-ին, ունկնդրեցի աշխարհահռչակ դաշնակահար Հայկ Մելիքյանին: Համերգը կազմակերպվել էր «1900 +» համերգաշարի շրջանակներում. ծրագրի հինգերորդ համերգն էր: 

Ներկայացվեց հայ եւ շվեյցարական 20-րդ դարի ժամանակակից երաժշտություն:

Հայկ Մելիքյանին առաջին անգամ չէի լսում, եւ հավանում եմ այս երաժիշտին: Մասնագիտական առումով երաժշտությունից շատ բան չեմ հասկանում, բայց հստակ հասկանում եմ՝ երաժշտությունը խոսում է հետս, թե ոչ: Մելիքյանի երաժշտությունը խոսում է, կենդանի է, ապրող:

Մելիքյանին թերեւս ավելի շատ գիտեն դրսում, քան մեր մոտ: Ու այսօր համացանցում փորձեցի գտնել նրա մասին հայերեն նյութ, բայց տեղեկատվության մեծամասնությունն անգլերենով է: Իր պաշտոնական կայքն էլ է անգլերենով: Միգուցե լավ չեմ փնտրել, բայց այնումենայնիվ, հայերենով նորմալ նյութ չգտա: Այդ պատճառով էլ Մելիքյանի մասին ձեռքիս տակ եղած նյութն տեղադրեմ:

Հայկ Մելիքյանը համաշխարհային ունկդնրի եւ քննադատների կողմից ճանաչված է որպես Հայաստանի առաջատար երաժիշտներից մեկը, ով իր վառ երեւակայությամբ եւ վիրտուոզ կատարողականությամբ մեր օրերի համաշխարհային դաշնամուրային արվեստում զբաղեցրել է իր եզակի հարթակը: Նրա միջազգային բեմելը տեղի է ունեցել 2000 թ. Հռոմում՝ “Concerto di Concerti” 20-րդ դարի եւ ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում: Նա ակտիվ համերգային գործունեություն է վարում Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային եւ Հարավային ամերիկաների բազում երկրներում:  


2000 Հռոմում կայացած “Premio Valentino Bucchi” 20-րդ դարի եւ ժամանակակից երաժշտության միջազգային դաշնամուրային մրցույթում 2-րդ մրցանակին արժանանալուց հետո, ժամանակակից երաժշտությունը զբաղեցրեց նրա նվագացանկի գերակշիռ չափաբածինը: Հայկ Մելիքյանը բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, այդ թվում՝ “Yvar Mikshoff Trust for New Music” (Բուֆֆալո, ԱՄՆ, 2012), Օրլեանի միջազգային դաշնամուրային մրցույթի «Սամսոն Ֆրանուայի» եւ «Անդրե Բուկուրեշլիեւի» անվան մրցանակներ (Ֆրանսիա, 2008, 2012), Ղազարոս Սարյանի անվան կոմպոզիտորների մրցույթի 1-ին կարգի մրցանակ (Երեւան, ՀՀ, 2008), “Ibla Grand Prize” դաշնամուրային մրցույթի հատուկ մրցանակ (Ռագուսա, Իտալիա, 1999) եւ այլն: 

Հայկ Մելիքյանը հայ եւ օտարազգի շատ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է, որոնցից շատերը հատուկ գրվել են նրա համար: Այս գործունեությունը հանգեցրեց դաշնակահարին 2009 թ. հիմնելու «1900 +» համերգաշարը՝ նվիրված 20-րդ դարի եւ ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտությանը: 2007 թ. ի վեր Հայկ Մելիքյանի կատարումները թողարկվում են ինչպես սոլո ալբոմների ձեւաչափով, այնպես էլ՝ հավաքածուներում: Նրա դաշնամուրային փոխադրումները, համերգային պարաֆրազներն ու մշակումներն աշխարհի շատ դաշնակահարների նվագարանի անբաժան մասն են: Շնորհիվ դաշնակահարի ստեղծարար երեւակայության՝ նա միջազգային ունկնդրի կողմից ձեռք է բերել որպես իմպրովիզացիայի բացառիկ տաղանդի տեր վարպետի համբավ, ինչը դաշնակահարի մենահամերգներին հաղորդում է արտասովոր երանգ:

Եւ վերջում մի կարծիք Մելիքյանի մասին.

«Ես մեծապես երախտապարտ եմ Հայկ Մելիքյանին, որ նա ռիսկի դիմեց կատարելու այդ պիեսը: Նրան պետք է լսել առանց նախապաշարմունքների, պարզապես թողնել, որ այս յուրօրինակ եւ այդքան անձնական լեզուն բացի դռներն առ գրություն, որն ապրել եւ տառապել է իր ստեղծողը»:

Գյորդի Կուրտագ  

Комментариев нет:

Отправить комментарий