пятница, 12 сентября 2014 г.

Գուրգեն Մահարու հուշերը Չարենցի մասին

Հատվածներ Գուրգեն Մահարու «Չարենց-նամե» հուշագրությունից: Ամենը Չարենցի մասին է:

«...Միությունից պաշտոնապես հրաժարվեց: Հրաժարականը մերժվեց: Միությունից հեռացվեց:
Դռները ջարդելով ներս մտավ»:

----

«...Լազարյան ճեմարանի բակում. տխրեց:

-Տերյանը սովորել է այստեղ, այս դռնով հազար անգամ ներս ու դուրս է արել... Մենք ի՞նչ ենք նրա հետ համեմատած, խուժաններ...

-Էլ ինչու՞ գրեցիր «հաճելի է, չէ՞, ձեզ էլի Տերյանի երգը թքոտ...»

-Բա ես ինչ եմ ասում, խուժաններ ենք... Տերյանը շատ մեծ է,-սկսեց գրեթե երգել քթի տակ.-
Ոսկեհանդերձ եկար ու միգասքող, 
Կապուտաչյա աշուն, սիրած աշուն,
Տերեւներիդ դանդաղ թափվող ոսկով, 
Մետաքսներով քնքշաշրշյուն:

-Բա՞ս... էսպես կգրեն:

«Տերյանի երգը թքոտ»,-քրթմնջացի ես:

Նա կանգնեց, հանեց գլխարկը, խփեց ծնկին, բարկացած ասաց.

-Վերջ տուր, Գուրգեն խան...

...Տխրում էր համագումարում, ջղայնանաում, բարձրաձայն մտածեց.

-Չկա Բագրիցկին, չկա Մայակովսկին, չկա Սերյոժա Եսենինը...

-За то X-ը նստած է ետեւդ,-շշնջաց Ակսելը: Թափով ետ դարձավ ու նայեց.

-Он не поэт, слушай, он балалайка- այ, ուրիշ բան է Պաստեռնակը, Սելվինսկին, Սվետլովը...»:


--- «Կոմիտաս եւ ջուր»

«...Սիրում էր երաժշտությունը, բայց ավելի բարձր էր գնահատում արեւելյան երաժշտությունը: Սիրում էր Կոմիտասին, Սպենդիարյանին, Ռոմանոս Մելիքյանին: Ակսելը ճեմարանից հիշում էր Կոմիտասի երգերը, երբեմն նեղ շրջանակում Կոմիտաս էր երգում չափ տալով, չնայած որ միակ երգողն ինքն էր: Չարենցը շատ էր սիրում այդ երգերը.-Մի Կոմիտաս երգիր, Ակսել:

Երբեմն էլ, երբ նեղսրտում էր ու ձանձրանում, գլխարկը քաշում էր աչքերի վրա եւ երեխայի նման խնդրում.

-Գնանք Ակսելի մոտ Կոմիտաս լսենք:

Ինչպես ամեն իսկական բանաստեղծ, սիրում էր բնությունը, բայց ամենից ավելի` երեւի` ջրի խշշոցը: Ամենից շատ սիրում էր Զանգվի ձորը: Իր սերը եւ Զանգվի ձորն իջնելու ցանկությունը ձեւակերպում էր այսպես.

-Գնանք ջուր լսենք:

Կպառկեր գետափին, գլխարկը կդներ դեմքին եւ... «ջուր կլսեր»...»:


--- «Պատգամ»

«... -Ես հերքեցի Տերյանին եւ ստեղծեցի իմ գրականությունը, բա ինչու՞ դուք ինձ չեք հերքում, եթե ուզում եք ձեր գրականությունն ստեղծել...
Հարցն ուղղված էր մի երիտասարդ գրողի ու ինձ:

Ձեռների մեջ խշրտացրեց թազբեհը եւ մի ումպ թեյ խմեց.

-Ասենք, ես ի՞նչ խեր տեսա հերքելով, որ դուք ի՞նչ խեր տեսնեք: Ի՞նչ հերքել: Տերյանին ո՞նց կհերքես: Սխալ տպված լու՞ր, թե դիսկուրսիոն հոդված է Տերյանը, որ հերքես: Տերյանը մի ամբողջ կուլտուրա է: Կուլտուրան հերքե՞լ կլինի: Մի բան պիտի հասկանալ,-չլիներ Հովհաննես Հովհաննիսյանը, Թումանյանը Թումանյան չէր լինի, ոչ էլ Իսահակյանը` Իսահակյան: Իսկ եթե չլինեին Հովհաննիսյանը, Թումանյանը, Իսահակյանը` Տերյանը Տերյան չէր լինի: Չլիներ Տերյանը, ես` ես չէի լինի, էս մի բանը լավ հասկացեք: Հիմա անցնենք ձեզ. դուք պիտի շարունակեք այնտեղից, որտեղ ես վերջացնում եմ: Կրկնելով իմ նախորդներին, կամ ինձ, ոչ մի արդյունքի չեք հասնի: Պետք է առաջ անցնել, յուրացնել եւ առաջ անցնել: Նախամարդիկ իրենց ուսերին կրում էին իրենց բեռը, հետո մարդը հնարեց ձեռնասայլը, հետո` եզասայլը, ապա` կառքը, ձիաքարշը, գնացքը, ավտոն, աերոպլանը: Վայ նրան, ով հեղափոխության մեր դարում կնստի եզասայլը: Տե´ղ չի հասնի նա, չի´ դիմանա ժամանակի քննությանը:

Թազբեհը նետեց գրասեղանին, նայեց մեզ իր արտահայտիչ աչքերով եւ խորամանկ ժպտաց.

-Մեռա ձեզ խելք սովորեցնելով»:

Գուրգեն Մահարի, «Լռության ձայնը», Երեւան, 1962

Комментариев нет:

Отправить комментарий