пятница, 19 сентября 2014 г.

Գուրգեն Մահարին Ակսել Բակունցի մասին

ԱԿՍԵԼՅԱՆ ՔԱՆԴԱԿՆԵՐ

...Ես հաճախ, ուշ գիշերին անցնում եմ այն տան մոտով, ուր ապրում եւ ստեղծագործում էր մեծ, անկրկնելի, եղերական Ակսել Բակունցը: Նա հիմա լեգենդ է, երգ ու էլեգիա ու փողոցից այլեւս չես տեսնի նրան իր համեստ, փոքրիկ սենյակում, նստած իր գրասեղանի մոտ, գրելիս կամ կարդալիս: Ես ուզում եմ նրան պատկերացնել վաթսուն տարեկան հասակում եւ դա ինձ ոչ մի կերպ չի հաջողվում: Ես վերջին անգամ նրան տեսա, երբ նա երեսույոթ տարեկան էր եւ այդպես էլ մնաց իմ հուշերում...

-----------

... Ու հիմա, երբ տարիների մեգ-մառախուղից հիշում եմ նրան, պատկերանում է նա ինձ իր իմաստուն, խորաթափանց հայացքով եւ մանկական իր հստակ ժպիտով: Նա էր լուսավոր հանճարը զանգեզուրյան մութ ձորերի, որոնք լուսավորված են նոր լույսերով նրա 60-ամյակի այս օրերին, երբ նա մեզ հետ է հավերժ ապրող իր թողած գրական շողշողուն ժառանգության հավերժական հարստությամբ: Մեզ հետ է նա, հայկական լեռնաշխարհի հզորաթեւ արծիվը, սեւ ցելերի վաստակավոր սերմնացանը, մեզ հետ է նա, ինչպես ինքն էր կոչում իրեն` Ալեքսանդր Բակունց, որդի Ստեփանի, ի գեղջեն Գորիս:

Գուրգեն Մահարի, «Լռության ձայնը», Երեւան, 1962, էջ 461-62

1 комментарий: