Իմ
դասընկեր Հայկը փոքրամարմին էր ու շիկահեր,
կամ էլ ընդհանրապես այդպիսին չէր, բայց
ես նրան հենց այդպես եմ հիշում։ Հայկի
հետ կապված շատ հիշողություններ չկան․
միակ հիշարժան բանն այն է, որ մի քանի տարի
շարունակ Հայկն ամեն սեպտեմբերի մեկին
գալիս֊ասում էր՝ «Ես էս տարի դասագրքեր
չեմ վերցնում, մի քանի օր եմ դասի գալու,
հետո մենք գնալու ենք Ռուսաստան»։ Ու մի
քանի տարի շարունակ մենք տեսնում էինք,
թե ինչպես է Հայկն ամբողջ տարին գալիս
դպրոց․ սեպտեմբերի կեսին նրա մայրիկը,
նիհար ու շիկահեր մի կին, գալիս էր ու ինքն
էր դասագրքերը վերցնում։ Ու ամեն տարի
մենք ծիծաղում էինք Հայկի վրա՝ հը, բա
չե՞ք գնում Ռուսաստան։ Ծիծաղում էինք ու
այդ ժամանակ ոչ մեկս չէր գիտակցում, որ
Հայկի՝ Ռուսաստան գնալը նաեւ մեր ցավն
էր, նաեւ մեր՝ Հայաստանում մնացողներիս
կորուստը։ Հայկն էլ տխրում էր, նեղվում,
որ էլի ստիպված է մնալ, ու երեւի թե ատում
Հայաստանն էլ, Վանաձորն էլ, մեր դպրոցն
էլ։ Մի տարի էլ, արդեն սովորականի նման,
տարվա սկզբին Հայկը նույնն բան ասաց, ու
մենք, բնականաբար, էլի ծիծաղեցինք։ Ու
չնայած էլ ոչ մի կերպ չէինք հավատում,
բայց այդ տարի Հայկենք՝ ինքը, մայրիկն ու
եղբայրը, իրոք գնացին Ռուսաստան, իրենց
հայրիկի մոտ։
Ու
Հայկի ընտանիքի նման քանի՜֊քանի՜
ընտանիքներ այդ տարիներին գնացին արտերկիր՝
անկախացած Հայաստանն առանց իրենց թողնելով։
Էլ
չգիտեմ, թե Հայկն ինչ եղավ, չգիտեմ՝ հիշու՞մ
է մեր՝ իր վանաձորյան դասընկերների մասին։
Միգուցե Հայկի հայրիկի գործերն արտերկրում
չեն հաջողվել, ու նրանք ընտանիքով հետ են
եկել, ու Հայկն ու իր եղբայրն իմ եղբոր
պես ծառայել են հայոց բանակում։ Հնարավոր
է նաեւ, որ Հայկն արդեն կիսառուս երեխաներ
ունի, չգիտեմ։
Հայկն
այն տարիներին գնաց նոր, անծանոթ ու հեռու
մի տեղ, իսկ մենք մնացինք մեր քաղաքում,
մնացինք անտառից քարշ տված մի քանի ծառի
ճյուղի, դպրոց բերած կտրատած փայտի,
անընդհատ ծուխ անող ու համարյա չտաքացող
վառարանի, մոմի լույսի ու տալոնով հացի
հետ։ Մնացինք մարտի 8֊ին մայրիկին նվիրած
մեր ձեռքով քաղած ձնծաղիկի համար, այն
ուսուցիչների համար, որ տեսնելով, թե ոնց
ենք մրսում, մեզ հավաքում էին վառարանի
շուրջն ու էդպես էին դաս անում․․․
Մնացինք,
որ այսօր ունենանք 24 տարեկան անկախ
Հայաստան, հայոց միջնաբերդ Քարվաճառ,
Արցախի կյանքի ճանապարհ Քաշաթաղ, մնացինք,
որ ունենանք ազատագրված հողում ծնված
մանուկներ, Դադիվանքում մկրտվող երեխաներ,
մնացինք, որ Շուշիի Ամենափրկիչում մոմ
վառող լինի, որ սարերը մեր չմնան անտեր։
Մնացինք, որ Վարդանի ու Մոնթեի, Պետոյի
ու Թաթուլի, Գագոյի ու Կարոտի ձեռք բերած
անկախությունը չմնա անտեր։ Ու անտեր չի՛։
Ի՞նչ
իմանաս՝ միգուցե Հայկի ու բազմաթիվ
հայկերի երեխաներ մի օր կգան՝ տեր կանգնելու
իրենց անկախությանը․․․