Լոռու մարզի Դսեղ
գյուղը առավելապես հայտնի է որպես հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդավայր:
Գյուղ այցելած զբոսաշրջիկներն անպայման այցելում են Թումանյանի տուն-թանգարան, որը
գյուղի կենտրոնում է, հրապարակի մոտ:
Թումանյանի տուն-թանգարանի
հարեւանությամբ է գտնվում գյուղի միակ գործող եկեղեցին, որտեղ երկար տարիներ հոգեւոր
սպասավորությամբ է զբաղվել մեծանուն գրող հայրը՝ Տեր-Թադեւոսը: Վերջինս թաղված է հենց
եկեղեցու բակում:
Ներկայումս գյուղի
եկեղեցին հիմնականում դատարկ է: Ինչպես մեր հետ զրույցում նշեց եկեղեցու մոմավաճառ
տիկին Մարինեն, ինքը հաճախ է մոտենում տուն-թանգարան այցելած զբոսաշրջիկներին, ասում
է, որ կողքի կառույցը եկեղեցի է, եւ հյուրերը մտնում են այն եւս դիտելու:
«Գյուղում հավատացյալները
շատ չեն», ասում է տիկին Մարինեն:
Եկեղեցին այլեւս քահանա
չունի. նրան վերջերս տեղափոխել են այլ վայր՝ ծառայելու:
Սակայն բնակիչներին
քահանայի բացակայությունը չի էլ հուզում: Այն հարցին, թե մարդիկ հոգեւորական չե՞ն պահանջում,
եկեղեցու աշխատակիցը քմծիծաղ տվեց. «Ի՞նչ պահանջել, այ բալա, ու՞մ ա պետք: Երբ որ քահանան
կար, գնում էր դպրոց, ուսուցիչներին ասում էր, որ կիրակի օրը պատարագ կա, գան, լսեն:
Մի քանիսը մի քանի րոպեով գալիս էին ու շուտ հեռանում: Ասում են՝ ժամանակ չունենք:
Բայց հավատացող մարդը միշտ էլ ժամանակ կգտնի»:
Ինչպես նշեց տիկին
Մարինեն, հարսանիքներ, մկրտություններ եկեղեցում շատ հազվադեպ են տեղի ունենում: «Էնքան
մարդ ա ամուսնանում, բայց հազարից մեկն ա եկեղեցի գալիս: Կնունք էլ, տարին մի երեխա
որ կնքեն, շատ լավ ա»:
Եկեղեցական տոների
ժամանակ կամ կնունք-հարսանիքի դեպքում Վանաձորից, Ալավերդուց քահանա է հրավիրվում՝
գյուղի եկեղեցում ծեսը կատարելու համար:
Նշենք, որ եկեղեցին
5-6-րդ դարի կառույց է, վերջին տարիներին վերանորոգվել է. ամրացվել է տանիքը, փոխվել
են լուսամուտները: Ծրագրվում է փոխել նաեւ դուռը, որն արդեն ճաքել է:
Թամարա Գրիգորյան