воскресенье, 12 августа 2012 г.

Դսեղի եկեղեցին առանց քահանա. «Տարին մի կնունք որ լինի, լավ ա»


Լոռու մարզի Դսեղ գյուղը առավելապես հայտնի է որպես հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդավայր: Գյուղ այցելած զբոսաշրջիկներն անպայման այցելում են Թումանյանի տուն-թանգարան, որը գյուղի կենտրոնում է, հրապարակի մոտ:

Թումանյանի տուն-թանգարանի հարեւանությամբ է գտնվում գյուղի միակ գործող եկեղեցին, որտեղ երկար տարիներ հոգեւոր սպասավորությամբ է զբաղվել մեծանուն գրող հայրը՝ Տեր-Թադեւոսը: Վերջինս թաղված է հենց եկեղեցու բակում:

Ներկայումս գյուղի եկեղեցին հիմնականում դատարկ է: Ինչպես մեր հետ զրույցում նշեց եկեղեցու մոմավաճառ տիկին Մարինեն, ինքը հաճախ է մոտենում տուն-թանգարան այցելած զբոսաշրջիկներին, ասում է, որ կողքի կառույցը եկեղեցի է, եւ հյուրերը մտնում են այն եւս դիտելու:

«Գյուղում հավատացյալները շատ չեն», ասում է տիկին Մարինեն:


Եկեղեցին այլեւս քահանա չունի. նրան վերջերս տեղափոխել են այլ վայր՝ ծառայելու:
Սակայն բնակիչներին քահանայի բացակայությունը չի էլ հուզում: Այն հարցին, թե մարդիկ հոգեւորական չե՞ն պահանջում, եկեղեցու աշխատակիցը քմծիծաղ տվեց. «Ի՞նչ պահանջել, այ բալա, ու՞մ ա պետք: Երբ որ քահանան կար, գնում էր դպրոց, ուսուցիչներին ասում էր, որ կիրակի օրը պատարագ կա, գան, լսեն: Մի քանիսը մի քանի րոպեով գալիս էին ու շուտ հեռանում: Ասում են՝ ժամանակ չունենք: Բայց հավատացող մարդը միշտ էլ ժամանակ կգտնի»:

Ինչպես նշեց տիկին Մարինեն, հարսանիքներ, մկրտություններ եկեղեցում շատ հազվադեպ են տեղի ունենում: «Էնքան մարդ ա ամուսնանում, բայց հազարից մեկն ա եկեղեցի գալիս: Կնունք էլ, տարին մի երեխա որ կնքեն, շատ լավ ա»: 

Եկեղեցական տոների ժամանակ կամ կնունք-հարսանիքի դեպքում Վանաձորից, Ալավերդուց քահանա է հրավիրվում՝ գյուղի եկեղեցում ծեսը կատարելու համար:

Նշենք, որ եկեղեցին 5-6-րդ դարի կառույց է, վերջին տարիներին վերանորոգվել է. ամրացվել է տանիքը, փոխվել են լուսամուտները: Ծրագրվում է փոխել նաեւ դուռը, որն արդեն ճաքել է: 

Թամարա Գրիգորյան

3 комментария:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить
  2. Ես վերջին անգամ 1 տարի առաջ եմ եղել Դսեղում, երբ Տեր Մասիսը դեռևս այնտեղ էր։ Մինչ այդ էլի էի եղել։ Չնայած տիկ. Մարինեն, ում քիչ թե շատ ճանաչում եմ, ճիշտ է ասում գյուղում տիրող անտարբերության մասին, սակայն քահանայի ավելի քան մեկամյա գործունեության արդյունքում ես էական առաջընթաց նկատեցի։ Կարծում եմ այնքան էլ անելանելի չէ վիճակն այնտեղ... Շնորհակալություն նյութի համար։

    ОтветитьУдалить
  3. Տիկին Մարինեն ինքն էլ նշեց, որ քահանայի ժամանակ դրությունն այլ էր, ու Տեր Մասիսը արդյունավետ էր աշխատում: Սակայն նրա հեռանալուց հետո վիճակը կրկին անմխիթար է: Տեր Մասիսի բարեկարգումներից մնացել են նոր լուսամուտներն ու խորանի նոր կահավորումը: Իսկ եկեղեցին հիմա դատարկ է..

    Շնորհակալություն մեկնաբանության համար:

    ОтветитьУдалить