суббота, 14 января 2012 г.

Թե ինչու՞ եմ ես ցանկանում ապրել Քարվաճառում


Փոքր տարիքից երեւակայությունս ինձ ուր ասես` տարել է: Երազել եմ ապրել եվրոպական որեւէ սիրուն քաղաքում, երազել եմ ապրել գնչուների հետ, ռուսական տափաստանում, կանաչ Ավստրալիայում… Երբ ինձ համար արդեն հստակ դարձան «հայրենիք» եզրույթն ու դրա սահմանները, դրա իմաստն ու դերը, պարզ հասկացա, որ Հայրենիքումս եմ ապրելու միշտ, արմատս արմատախիլ չեմ անելու:

Միշտ մտածել եմ, որ Երեւանում իմ նման մարդիկ շատ կան: Հա, գիտեմ, որ ես «միակն եմ, անկրկնելի եմ», բայց դա միայն որոշակի հարազատ ու մտերիմ մարդկանց համար: Իսկ առհասարակ իմ տեսակի մարդ Երեւանում շատ կա: Այստեղ կան մարդիկ, ովքեր մտածում են Հայաստանի վաղվա օրվա մասին, փորձում են այն ավելի լավը դարձնել. ուրիշ հարց է, թե դա նրանց որքանով է հաջողվում կամ կհաջողվի ապագայում:

Հայաստանի մարզերում այդպիսի մարդիկ ավելի քիչ են: Մեղադրելով չեմ ասում, այլ ըմբռնելով: Տատիկիս տանը` Դսեղում, լինում եմ տարին գոնե մեկ-երկու անգամ, Հայաստանի ուրիշ շրջաններ եւս այցելում եմ եւ հնարավորություն եմ ունեցել համոզվել, որ հատկապես գյուղերում մարդկանց հոգսն այնքան շատ է, որ մի շարք հարցերի մասին մտածելու ժամանակ պարզապես չկա: Ես հերոս չեմ, ոչ էլ փրկարար, բայց միշտ էլ կարծել եմ, որ Հայաստանի մարզերում իմ նման մարդկանց կարիք հաստատ կա:


Մի օր, մոտավորապես երկու-երեք տարի առաջ բախտ ունեցա լսել Ալեքս Քանանյանի դասախոսությունը Արցախի ազատագրված տարածքի, դրանց ռազմավարական նշանակության ու այնտեղ ապրելու կերպի մասին: Ալեքսը խոսում էր հատկապես Քարվաճառից, քանի որ ինքն էլ այնտեղ է բնակվում: Մինչ այդ դասախոսությունը ազատագրված տարածքը գնահատում էի որպես ռազմավարական նշանակության խիստ կարեւոր օբյեկտ, այդ դասախոսությունից հետո հասկացա, որ դա Հայրենիքիս մի մասն է, որտեղ ապրում են իմ հայրենակիցները, ապրում են ու իրենց` հենց միայն այնտեղ ապրելով հսկայական գործ են անում Հայրենիքի համար: Ալեքսի բերած նկարները հոյակապ էին, այդպիսի շքեղ ու կուսական բնություն ամեն տեղ չես հանդիպի: Նկարներում քարվաճառցիներն էին, ում ես երկու տարի հետո պետք է անձամբ տեսնեի…

Այդ դասախոսությունից հետո Քարվաճառը մեխվեց ուղեղումս: Այնտեղ ապրելը դարձավ երազանք, բայց այն ժամանակ` դեռեւս ոչ նպատակ: Միտքը չափազանց գրավիչ էր ու հոգեհարազատ ինձ համար, սակայն իրականություն դառնալուց հեռու էր:
Որոշ ժամանակ անց ես հանդիպեցի այն մարդուն, ով պետք է ամբողջացներ ինձ ու իմ երազանքները ու օգներ, որ երազանքներս նպատակներ դառնային ու սկսեին իրականանալ: Մի օր պարզվեց, որ սիրելիս էլ ինձնից ու իմ երազանքներից անկախ երազում է ապրել Քարվաճառում… Ու սա դարձավ երկուսիս նպատակը: Երկուսս էլ մեծ մարդիկ ենք, երկուսս էլ հասկանում ենք այն բոլոր դժվարությունները, որ կրելու ենք Քարվաճառում ապրելիս, բայց նաեւ երկուսս էլ հասկանում ենք, թե որքան ենք մենք պետք այդ հողին ու ցանկանում ենք զգալ ազատագրված հողում ապրելու, ամեն օր այնտեղ արարելու բերկրանքը:



Ամռանն այցելեցինք Քարվաճառ. մեկ անգամ էլ հաստատվեց մեր ցանկությունը: Երկուսս էլ մեզ շատ լավ էինք զգում դրախտային այդ վայրում: Ասում են` եթե մի բան իսկապես շատ ես ուզում եւ աշխատում ես այդ ուղղությամբ, այն անպայման կատարվում է: Ես ի սրտե ցանկանում եմ, որ երեխաներս լինեն քարվաճառցի, որ հպարտ լինեն, որ ապրում են Հայոց Ազատագրված Հողում ու տերն են այդ հողում թափված արյան պատվի…

Միգուցե չարժե սրա մասին նախօրոք խոսել, միգուցե պետք է գնալ ու նոր խոսել, միգուցե… Սակայն այս գրառման միջոցով պարզապես ցանկանում եմ ասել հայ երիտասարդներին, որ մենք ունենք Հայրենիքի մի չբացահայտված կտոր, որը բացահայտելիս անհնար է դրան չսիրահարվել: Այստեղ կարելի է սկսել նոր կյանք, նոր միջավայրում, նոր մոտեցումներով, նոր հավատով, նոր գաղափարով: Այստեղ կարելի է սկսել նոր հայրենիքի կառուցումը, որը կշարունակեն մաքուր բնության մեջ, չաղտոտված օդում մեծացած, «քյաբաբ-շաուրմա» չտեսած մեր երեխաները…


Ու չասեք, թե անհնար է: Ֆիզիկապես եւ հոգեպես առողջ երիտասարդների խումբը կարող է ծաղկեցնել Քարվաճառն էլ, ազատագրված տարածքի մյուս հատվածներն էլ:
Տա Աստված, որ խոսքերս խոսք չմնան, ու մի որոշ ժամանակ անց ես ու սիրելիս իսկապես հնարավորություն ունենանք ապրել ու արարել դրախտային այդ վայրում:





Հ.Գ. Նյութում նշեցի Քարվաճառում բնակվող Ալեքս Քանանյանի անունը: Նրա  կատարած աշխատանքը ազատագրված տարածքի վերաբնակեցման գործում հաստատ շատ մեծ է եւ մի առանձին մեծ նյութի թեմա է:

Комментариев нет:

Отправить комментарий