вторник, 3 января 2012 г.

Գյուղի ճանապարհին


Ավտոկայանում կանգնած է ավանդական կարմիր ավտոբուսը, վրան գրված` «Դսեղ»: Արդեն մոտավորապես 10-13 տարի է, որ ես հիշում եմ Դսեղ գնալս, եւ մեզ տեղափոխել է միշտ այդ նույն ավտոբուսը:

Ավտոբուսում գրեթե բոլորն իրար ճանաչում են, ոմանք երկար ժամանակ իրար չեն տեսել, ու ծոր են գալիս խոսակցությունները լոռեցուն հատուկ դանդաղկոտությամբ:
«Դե ես Մասկվայի հենց ամենացենտրում իրեք սենյականոց տուն առա էս տարի, բայց դե ընտեղ չեմ կարըմ մնամ, ուշքս էրեխեքս են, ամեն տարի գալիս եմ», ինքնագոհ պատմում է ոսկի ատամներով գյուղացիներից մեկն ու ալարկոտ հորանջում: Մեր այս ռուսաստանաբնակ հայրենակիցը Մոսկվայում տուն է գնել, սակայն չի հասցրել սովորել, որ հորանջելիս պետք է բերանը ձեռքով փակել…

Ավտոբուսի մեկնման ժամը լրանում է, եւ վարորդը վերջապես իր տեղն է հասնում. ուղեւորվում ենք:
Գարնանը, ամռանն ու աշնանը գեղեցիկ բնությունը կրճատում է դանդաղ ձգվող ճանապարհը, իսկ այս ձմռանն անգամ ձյուն չկա, եւ մերկ ծառերն անհրապույր են: Շուտով նկատում եմ, որ կողքիս բոլորը քնել են: Նրանց դեմքին դրոշմված է բթության հասնող անտարբեր հոգնությունը: Քնած են բոլորը. մեծ, փոքր, տատիկ, պապիկ: Մի տեսակ հարգում եմ այս մարդկանց հոգնությունը. նրանցից  շատերը այսօր առավոտյան են եկել քաղաք, արել են իրենց գործերն ու երեկոյան հոգնած գնում են գյուղ, գնում են իրենց հոգսերին, իրենց ոչ տոնական տանջանքին…

Հանկարծ մեջս ցանկություն առաջացավ վարդաջրով օծել այս ավտոբուսն ու այս մարդկանց, հատկապես նրանց բերանները, որ բերանը բաց հորանջելիս անգամ կողքինի համար կյանքն այդքան մռայլ գույներով չբացվի…

Ցանկացա վարդաջրով օծել այս մարդկանց ու նրանց հոգսերը, նրանց խորշոմած դեմքերն ու անփայլ-անտարբեր աչքերը:
Մինչ ես «օծում» էի տանջանքից կքած այս մարդկանց, հասանք գյուղ:

«Խառատանց Ռոբոյանց տան մոտ պահի», ձայնեց գյուղացիներիս մեկը: Վարորդը բոլորի տներն էլ անգիր գիտի: Այդպես դատարկվելով հասանք «գյուղամեջ», որտեղ ես պիտի իջնեի. տատիկիս տունը գյուղամեջի մոտ է…


Комментариев нет:

Отправить комментарий