пятница, 30 декабря 2011 г.

Սենյակս. այստեղ իմ մանկության աչքերն են


Սենյակս, իմ սենյակը…մի ամբողջ կյանք է ամփոփված իմ հարազատ ու փոքրիկ այս սենյակում, որտեղ արդեն մի քանի տարի է` տարվա մեջ մի քանի օր եմ անցկացնում: Տարվա մեջ որքան  էլ չգամ սենյակս, տարին այստեղ եմ ամփոփում:
Այստեղ մանկությունս է ամփոփված ու պատանեկությունս, այստեղ հույսերս են ամփոփված ու հուսահատություններս, մանկական անմեղ ծիծաղս ու առաջին արցունքներս:

Սենյակս, հարազատս….պատերին դեռ պատանեկության տարիներին փակցրած լուսանկարների հետքերն են մնացել, չնայած մամաս բոլորն էլ պոկել է, հատկապես իմ տեղափոխվելուց հետո: Դարակներում ինչ ասես, որ չկա: Դպրոցական հնամաշ գրքեր, բացիկներ ամենատարբեր մարդկանցից, ովքեր մի օր թանկ ու կարեւոր են եղել, իսկ այսօր, թող ներեն ինձ, բայց չեմ էլ հիշում իրենց դեմքերը: Փոքրիկ թղթի կտորներ, որոնց վրայի գրածն ինձ համար թանկ է, բայց արդեն անհասկանալի…

Սենյակիս պատերն անգամ իմաստ ունեն, սենյակիս դասավորությունը, սենյակիս շունչը…Այս նույն գրասեղանիս, որի վրա հիմա նեթբուքով եմ գրում-կարդում,տասը տարի առաջ բնագիտություն, քիմիա, աշխարհագրություն եմ սովորել ու չեմ էլ իմացել, որ աշխարհում կա համացանց, ես էլ մի օր բլոգ կունենամ, այն էլ ոչ թե մի, այլ երկու հատ…

Սեղանիս դեռ փոքրիկ լուսամփոփ կա, որը մի ժամանակ սիրում էի միշտ վառ պահել, քանի որ «լուսամփոփի լույսը գրասեղանիս գծում էր սիրելի դիմագծեր», որոնք ես այնքան էի կարոտում: Այսօր այս լուսամփոփն անգործ է…

Սենյակս, փոքրիկ, հարազատ, ամփոփ սենյակս: Ուր էլ գնամ, ինչ էլ անեմ, երբ մի օր հետ եմ գալիս սենյակս, այն ինձ հիշեցնում է, որ անկախ ամեն ինչից ես մի ժամանակ մի փոքրիկ աղջիկ եմ եղել..հիշեցնում է, որ ժամերով փակվել եմ այստեղ ու գիրք եմ կարդացել, ամբողջ գիշերներ չեմ քնել ու գիրք եմ կարդացել…

Փոքրիկ գրապահարանս, որտեղ գրքերը դասավորված են ոչ թե ըստ կազմերի գույնի, այլ ըստ թեմատիկայի: Գրքերիս մակագրությունները. այսօր լավ օր էր, ես գիրք գնեցի, այսօր նոր դպրոցում առաջին անգամ «5» եմ ստացել…իսկ հանրագիտարանի 12 հատորներից յուրաքանչյուրի վրա հատ-հատ ստորագրել եմ շատ մեծ հպարտությամբ. դա ինձ իմ աչքին կարեւոր էր դարձնում…J



Սենյակս, հուշերս, մանկությունս…

Հարազատ սենյակս…. տարին այստեղ ամփոփելը ճիշտ է: Այստեղ խղճին հնարավոր չէ խաբել, այստեղ իմ մանկության աչքերն են… 

Комментариев нет:

Отправить комментарий