Դեկտեմբերի
20-25 «Համազգային» թատրոնում տեղի է ունենում Իտալական ֆիլմերի փառատոն.
ցուցադրվում են իտալալեզու ֆիլմեր` անգլերեն սուբտիտրերով: Փառատոնը կազմակերպվում է
Հայաստանում Իտալիայի դեսպանատան եւ «Համազգային» թատրոնի կողմից: «Համազգային»
թատրոնն էլ եմ շատ սիրում, ֆիլմեր էլJ Այսօր փառատոնի
շրջանակներում դիտեցի «Եթե ես քո տեղը լինեի» (ռեժ. Ջուլիո Մանֆրոդոնիա) ֆիլմը:
Իմ
կյանքում ոչ մի բան հենց էնպես չի լինում: Իմ ամեն դիտած ֆիլմ, կտավ, լսած երգ,
կարդացած միտք, գիրք իմ որեւէ հարցի պատասխան է, եւ ես այն տեսնում եմ, լսում եմ
ճիշտ ժամանակին:
Այս ֆիլմը
երեք մարդու մասին էր: Նրանցից մեկը ռոք երգիչ է, կյանքն անց է կացնում բարերում
երգելով եւ երազում է շատ փողի մասին, երկրորդը շատ հարուստ մի մարդ է, ով մեքենա
է դարձել, ռոբոտ, միայն փող է աշխատում, ընտանիքը լքել է նրան, եւ նա հոգնել է իր
կյանքից: Երրորդն ընտանիքի հայր է, կին ունի, երկու երեխա, սակայն նրան թվում է,
թե իրեն պակասում է ազատությունը: Այս երեքն իրար պատմում են իրենց պրոբլեմները,
եւ մեկի պրոբլեմը մյուսի համար աննշան բան է թվում. եթե ես քո տեղը լինեի, ասում
են նրանք իրար ու հանկարծ երկնքում աստղերը տեղափոխվում են: Այս երեքը փոխվում են
տեղերով ու ստանում են իրենց երազածը. երգիչն ընդունում է հարուստ գործարարի կերպարը,
հարուստ գործարարը կին ու երկու երեխա է ձեռք բերում, իսկ ընտանիքի հայրն ստանում
է այնքան ցանկալի ազատությունը:
Ֆիլմը
մանրամասն չպատմեմ, բայց ասեմ, որ առաջին մի քանի օրը այս երեքն էլ ոգեւորված են
լինում իրենց նոր դերերով ու լավագույնն են իրենց դրսեւորում: Հետո վեր են բարձրանում
նրանց բնավորության գծերը: Գործարարն սկսում է ռոբոտի նման աշխատել ու այս մի
ընտանիքն էլ է հրաժարվում իրենից, երգիչը քամուն է տալիս իրեն բաժին հասած ամբողջ
կարողությունը ռոք համերգների կազմակերպման եւ սիրած աղջկան նվերներ անելու վրա:
Իսկ ընտանիքի խեղճ հայրը չի կարողանում առանց իր ընտանիքի ու վերադառնում է
ընտանիքի գիրկը. կինն արդեն բաժանվել էր գործարար-մեխանիզմից:
Ի
վերջո, յուրաքանչուրն այս երեքից վերադառնում է իր նախորդ կյանքին. նրանց
երազանքներն այն չէին, ինչ իրենք երազում էին….
Այս
երեքին տրվեց հնարավորություն` ապրել իրենց երազած կյանքը, բայց նրանք չցանկացան,
քանի որ նրանք այդ չէին երազում: Իհարկե, սա միայն մի ռեժիսորի կարծիք է, ոչ թե
վերին անբեկանելի ճշմարտություն:
Կյանքն
ապրելու շատ կերպեր կան, ու սեփական ուղին գտնելը երբեմն դժվար է: Հաճախ թվում է,
թե մի ճանապարհը, մի դերը, մի ձեւը բավական չէ, քանի որ դու «բազմազան ես,
հակասում ես քեզ ու բազմություններ ես պարունակում»: Դա, իհարկե, հրաշալի է,
ինչպես կասեր Ուիթմենը, բայց ես հավատում եմ, որ սեփական ուղին կա. պետք է այն
գտնել ու եթե ոչ երջանիկ, ապա գոնե բավարարված ապրել:
Комментариев нет:
Отправить комментарий