«168
ժամ» պարբերականի նոյեմբերի 8-ի համարում լույս տեսավ Լուսինե Ստեփանյանի «Մամա ջան, ախր երեխան մեղավոր չի իմ սխալի
համար, ինչ ասես` կանեմ, մենակ թե երեխուս չտանես մանկատուն»,-աղերսում էր 4
ամսական երեխայի մայրը» վերնագրով նյութը, որը պատմում էր մանկահասակ մի աղջկա
ու իր նորածին երեխայի ծանր պատմությունը:
Արմինեի
մայրը` տիկին Հասմիկը, 17-ամյա աղջկան հետ էր բերել իր մոտ` փրկելով նրան հարբեցող
ամուսնու հարվածներից: 17-ամյա աղջիկը, սակայն, միայնակ չի վերադարձել. նրա հետ է
իր 5 ամսական որդին` Վաչագանը: Սկզբից նրանց դրությունն անտանելի ծանր էր: Տիկին
Հասմիկը ցանկանում էր փոքրիկին հանձնել մանկատուն, քանի որ Վարդաշենի
հանրակացարանի նկուղային հարկում փոքրիկին պահելն ուղղակի անհնար էր թվում: Չկար
մահճակալ, չկար վառարան, չկար հագուստ, չկար կեր` երեխայի համար, չկար հավատ: Այդ
ժամանակ տիկին Հասմիկի համար միակ խելամիտ լուծումը փոքրիկին մանկատուն հանձնելն
էր. նա դա ցանկանում էր անել առաջինը հենց Վաչիկի համար: Սակայն Արմինեն դեմ էր.
մայրական բնազդով նա չէր կարող համաձայնել բալիկից բաժանվելուն:
Դեկտեմբերի
4-ին այցելեցինք նրանց. շատ բան էր փոխվել: Լուսինե Ստեփանյանի հրապարակած նյութից
հետո շատ մարդիկ արձագանքնեցին: Ինչպես պատմեց տիկին Հասմիկը, շատ մարդիկ են իրենց
այցելել. «Ինչ որ այստեղ տեսնում ես, օգնություն
է, ոչ մի բան չունեինք: Մահճակալ են բերել, վառարան են բերել, փոքրիկի
համար` շատ շորեր: Կեր էլ կա հիմա բավականին», նշեց նա:
Նյութի
հրապարակման հենց հաջորդ օրը մի խումբ ակտիվ երիտասարդներ շորեր ու գումար
հավաքեցին ու այցելեցին երեխային: «Հետո տարբեր կազմակերպություններից եկան,
չնայած կազմակերպությունների անվանումները չեմ հիշում, բայց հիշում եմ մարդկանց
անունները` Արամ, Էմմա, Տաթեւիկ…», երախտագիտությամբ նշեց տիկին Հասմիկը:
Բայց
որ ամենակարեւորն է, այս մարդկանց մոտ վերականգնվել է հավատը, հավատը ապագայի,
կյանքի նկատմամբ:
«Արմինեն
անպայման պիտի աշխատի, պիտի սովորի ինքն իր երեխային պահել, ինքն իր գլխի ճարը
տեսնել», նշեց տիկին Հասմիկը:
Բալիկին
մանկատուն հանձնելու մասին այս անգամ արդեն խոսք չկար: Մայր ու աղջիկ իրար
լրացնելով պատմում էին, թե ինչպես են խնամում փոքրիկին, ինչպես են լողացնում, ու
փոքրիկն ինչպես է խաղում, ծիծաղում…
Հանրակացարանային
սենյակում մայր ու աղջիկ արդեն փորձում են ամեն ինչ կարգավորել: Իրենց հարեւանն
եկել, մի թեթեւ վերանորոգել է սենյակը, պատերը մաքուր սպիտակ է ներկել: «Դե տանը
երեխա կա, պիտի անենք», ասում է տատիկը:
Բավականին
օգնություն են ստացել. հիմա իրենց միայն մի պահարան է անհրաժեշտ, քանի որ իրերը
գետնին են դրված, մեկ էլ հեռուստացույց չունեն: «Եթե որեւէ մեկը ցանկանար ու
հնարավորություն ունենար մեզ այդ հարցում էլ օգներ, արդեն լրիվ նորմալ
կկահավորեինք սենյակն ու մարդավարի կապրեինք: Արմինեն էլ անպայման պիտի աշխատի»,
կրկնում էր տիկին Հասմիկը:
Նա
շատ բան է տեսել կյանքում, ծանր օրեր շատ են եղել, ինքն էլ մեծ չարչարանքով է
պահել-մեծացրել իր աղջկան: «Բայց դե կյանք է, ամեն ինչ էլ պատահում է: Ի՞նչ անեմ,
որ երեխաս սխալվել է, ինքը երեխա` երեխա է ունեցել»:
Արմինեն
իրոք դեռ ինքն է երեխա: 16 տարեկանում փախել է իրենից շատ մեծ տղամարդու հետ, ով,
պարզվել է, հարբեցող է եղել, ծեծել է Արմինեին ու նրան պահել թշվառության մեջ:
Արմինեն ինքն էլ լավ չի հասկանում, թե ինչ է նշանակում երեխա ունենալ: «Ինձ թվում
էր, թե ինքը պետք ա մենակ ուտի ու քնի», միամիտ ասում է նա: Երեխային պահում ու
խնամում է տիկին Հասմիկը:
Նա
հավատում է, որ փոքրիկ Վաչիկը կմեծանա ու իրենց թեւ ու թիկունք կլինի, իրենց
չարչարանքների արդյունքն իրենք կտեսնեն:
Նա
շնորհակալ է բոլոր բարի մարդկանց, որ իրենց ձեռք մեկնեցին, ու իրենք զգացին, որ
մենակ չեն իրենց խնդիրների ու դժվարությունների հետ:
«Վաչիկի
շորերի համար մի հատ էլ պահարան ունենանք, ամեն ինչ գեղեցիկ կդասավորեմ», ասում է
Արմինեն` մանկական ժպիտը պայծառ, սիրուն դեմքին:
Հավատանք,
որ բարի մարդիկ կամ էլ Ձմեռ պապիկը փոքրիկ Վաչիկին մի պահարան էլ կնվիրեն, տատիկին
էլ` մի հեռուսատացույց…Իսկ Արմինեն կսկսի աշխատել, ու փոքրիկ Վաչիկը վաղը կդառնա
մեր երկրի լավ քաղաքացի` բոլորիս օգնությամբ:
Թամարա Գրիգորյան
Հ.Գ. Այս նյութն ուղարկեցի «168» ժամի խմբագրություն, մեկ ամբողջ օր չպատասխանեցին: Ես էլ այստեղ եմ տեղադրում: Ըստ էության, սա նրանց աշխատանքի արդյունքն էր, բայց մարդկանց դա կարծես թե այնքան էլ չհետաքրքրեց ու չհուզեց:
Комментариев нет:
Отправить комментарий