воскресенье, 4 декабря 2011 г.

Ես աղջիկ եմ, ես ապրում եմ Հայաստանում, ես սիրված եմ ու պաշտպանված


Երբ ես ծնվել եմ, հայրիկս շատ-շատ է ուրախացել: Դե, բնական է, իր առաջին բալիկն էր ծնվել, բայց որ ամենակարեւորն է, աղջիկ էր ծնվել: Հայրիկս երազել է հենց աղջիկ ունենալ: Եղբորս ծնվելուց հետո էլ երբեւէ չեմ զգացել տղայի հանդեպ գերակայության` հայ ընտանիքի մասին տարածված կարծիքը: Միշտ արել եմ այն, ինչ ցանկացել եմ, քանի որ, պապայիս ասած` ինքը համոզված էր, որ իր աղջիկը սխալ բան չի անի: Մեծացել եմ ազատ, առանց որեւէ ճնշման, ինձ երբեք չի արգելվել որեւէ բան` պատճառաբանելով, թե ես աղջիկ եմ: Եթե ինչ-որ բան սահմանափակվել է, դրա պատճառներն ուրիշ են եղել:

Պատանեկան տարիներիս հազար մասնագիտություն եմ ընտրել իմ համար, ու երբեւէ ինձ չեն ասել` աղջիկ ես, դա քո գործը չի: Ի վերջո որոշեցի լրագրող դառնալ, քանի որ դպրոցական տարիներին շատ էի սիրում ֆուտբոլ ու ֆուտբոլիստ Ռոնալդինիոյին. երազում էի սպորտային մեկնաբան դառնալ ու հանդիպել նրան: Ընտանիքս կարծում էր, որ ես բավականին խելացի եմ ու ավելի լուրջ մասնագիտության եմ արժանի (սա նրանց կարծիքն է J երբեք նկատի չունեմ, թե սպորտային մեկնաբանները պակաս խելացի են): Այդպես կարծելով հանդերձ` երբեք չբռնացան իմ որոշմանը` թողնել Վանաձորը, գալ Երեւանում մենակ ապրել ու սովորել իմ երազած լրագությունը (չնայած շատ արագ հասկացա, որ լրագրության մեջ ավելի գրավիչ բաներ կան ու սպորտային լրագրությունն ինձ իրականում չի հետաքրքրում):

Ընտանիքիցս ստանալով այսպիսի առողջ  մոտեցում` միշտ հպարտ եմ, որ աղջիկ եմ, ու փոքրուց էլ միշտ կարծել եմ, որ աղջիկը որոշակի վերաբերմունք պետք է ստանա տղայի կողմից:

Երբ պապայիս հետ երթուղայինով որեւէ տեղ էինք գնում, ձեռքս բռնում էր, որ բարձրանամ, հետո օգնում էր, որ իջնեմ: Նա ինձ օգնում էր ոչ թե որ ես երեխա էի ու ինձ օգնել էր պետք, այլ քանի որ ես աղջիկ եմ: Ու ես դա զգում էի:
Հետո արդեն եղբորս ես սովորեցրի, որ դուռը պիտի բացի, որ ես անցնեմ, հետո ինքը եւ այլն:

Վերջերս բավականին հաճախ հանդիպում եմ «վերջ տանք կնոջ հանդեպ բռնությանը», «պաշտպանենք կանանց իրավունքները» եւ այլ նմանատիպ արտահայտությունների: Նախ սա ինձ տարօրինակ թվաց, հետո սկսեցի մտածել այս հարցի շուրջ: Մտածեցի ու հասկացա մի պարզ բան. կինը պիտի հարգի ինքն իրեն: Դրանից հետո ցանկացած, անգամ ամենավայրի տղամարդը կհարգի նրան:

Իմ սիրելին ինձ վերաբերում է այնպես, ինչպես պետք է վերաբերել աղջկան. նուրբ, ուշադիր, հոգատար, պատասխանատվությամբ: Իհարկե, դա նրանից է, որ ինքը դաստիարակված է, իր ընտանքիում եւս տեսել է կնոջ հանդեպ ճիշտ վերաբերմունք, արժեքներ ունի, խելացի է ու կիրթ: Բայց եթե նա այդպիսին չլիներ, պարզապես չէր լինի իմ կողքին, քանի որ ես երբեք չէի հանդուրժի անհարգալից վերաբերմունք իմ հանդեպ. ես այդպես եմ դաստիարակվել ու մեծացել:

Կին-տղամարդ իրավահավասարության համար ՀՀ-ում պայքարել պետք չի. օրենքի առաջ հավասար են հռչակված ամենքը: Կանանց իրավունքների պաշտպանության զանազան կենտրոններով հնարավոր չի կնոջը երջանիկ դարձնել ու ստիպել ամուսնուն, որ սիրի կնոջը: Հայ հասարակության մեջ կինը միշտ էլ հարգված է եղել, մայրը` աստվածացված: Հիշենք իրավացիորեն մեր ծննդյան վկայական հանդիսացող «Սասնա ծռեր» էպոսից հայտնի տողը. «Առյուծն առյուծ է. էգ լինի, թե որձ»:  

Ինչպես շատ հայկական արժեքներ, այս մեկը եւս այսօր խաթարված է: Կան կանայք, ովքեր այսօր արժանանում են վատ վերաբերմունքի, կան տղամարդիկ, որ չեն գիտակցում իրենց մեծագույն շնորհն ու դերը` օգնել ու պաշտպանել կնոջը, հենարան լինել նրա համար: Եւ այս խնդիրը լուծման կարիք ունի: Սրա համար պետք է բարձրացնել հասարակության կրթվածության մակարդակը: Հենց որ կինը իմանա, գիտակցի, հասկանա, զգա, որ իրեն չի կարելի խփել, իրեն ոչ մի տղամարդ չի խփի: Հենց որ տղամարդը հասկանա, որ կնոջը սիրելը, երջանկացնելը, պաշտպանելը իր մեծագույն երջանկության գրավականն է, այդպես էլ կանի…. 

Ի վերջո, կնոջ մասին լավագույն խոսքերից մեկը Վ. Բրյուսովինն է. “Ты женщина, и этим ты права”. 

Комментариев нет:

Отправить комментарий