четверг, 8 марта 2012 г.

Շնորհավոր մարտի 8. նրանցը, ում այսօր ոչ ոք չշնորհավորեց


Մարդիկ ստեղծում են սովորույթներ, հետո ուրիշ մարդիկ դառնում են դրանց գերին: 

Մարդիկ ցանկանում են լինել հնարավորինս ազատ ու անկախ, առավել եւս` անծանոթ մարդկանց ստեղծած սովորույթներից, բայց դա շատ հաճախ չի հաջողվում: 

Մենք հաճախ ստիպված ենք տոներ նշել, չեմ ասում` անպայման տհաճությամբ ենք նշում, ուղղակի իսկապես հաճախ ստիպված ենք դրանք նշել այս կամ այն կերպ: Իսկ ինչու՞ ենք ստիպված. քանի որ ուրիշները նշում են, իսկ մարդու համար դժվար է հետ մնալ կողքիններից:

Մարտի 8-ն այս տարի շատ լավ անցավ: Առհասարակ, կյանքս շատ լավ է անցնում: Իմ սիրելին չի սպասում ո´չ Մարտի 8-ին, որ ինձ ուրախացնի, ո´չ գարնան գալուն, որ ինձ սիրի: Այս տարի մարտի 8-ն էլ անցավ սիրով ու քնքշանքով լի, լիքը շնորհավորանքներով, ուրախ ու արեւոտ:

Օրն ավարտվում է, բայց հոգ չէ, դեռ առջեւում կանանց միամսյակն է: Ես դեմ եմ «կանանց միամսյակ»-ին, ես «կնոջ ու տղամարդու ներդաշնակության ու սիրո» կյանք եմ ուզում:

Գիտեք` այսօր ամենաշատը ում մասի՞ն եմ մտածել. այն կանանց, ում այսօր ոչ ոք չի շնորհավորել: Այն կանանց, ում ամուսինը, միգուցե զոհվել է պատերազմում կամ ուղղակի մահացել է, կամ լքել է իրեն, այն կանանց, ում երեխաները հեռացել են օտար երկիր, որտեղ մարտի 8 չեն նշում, ու նրանք մոռացել այս տոնի մասին, այն տատիկներին, ովքեր մենակ են ապրում: Տոն օրերին ամեն զգացում սրվում է, թե´ ուրախ, թե´ թախծոտ…

Ի սրտե ուզում եմ տաք ու սրտակից բառեր ասել ձեզ, ուզում եմ սրտիս ջերմությունից մի ալիք ձեզ ուղարկել.. դուք դժվար կարդաք իմ գրառումը, բայց ուզում եմ, որ զգաք իմ զգացածը ձեր հանդեպ…

Комментариев нет:

Отправить комментарий