среда, 21 марта 2012 г.

Ձոն ՆՓԱԿ-ին


ՆՓԱԿ-ի մասին գրելու առիթ ունեցել եմ, բայց ՆՓԱԿ թատրոնի մասին է խոսքը: Իսկ այսօր որոշել եմ անդրադառնալ ՆՓԱԿ-ում կազմակերպվող ցուցահանդեսներին: Այս գրառումը ցանկացել եմ անել վերջին մի քանի ամսում ամեն անգամ ցուցահանդես դիտելիս, բայց միշտ ինչ-որ բան խանգարել է: Այսօր կհիշեմ մի քանի ցուցահանդեսներ միանգամից:

ՆՓԱԿ-ում կարելի է տեսնել մշակույթ, որը Երեւանում (դե ամեն դեպքում ինձ հայտնի մշակութային կենտրոնների շրջանակներում) ուրիշ տեղ չենք կարող գտնել: Էստեղ մի ուրիշ հայացք կա, էստեղ իրականության ընկալման մի ուրիշ դիտանկյուն կա, առօրյա գծագրված կյանքից կտրվելու հնարավորություն կա:

ՆՓԱԿ-ի ցուցահանդեսներում սիրուն-անուշիկ պատկերներ չկան, երջանիկ դեմքեր ու «գոհ» մշակույթ չկա:

Մի քանի ամիս առաջ արվեստի այս կենտրոնում դիտեցի Ռուբեն Մանգասարյանի հեղինակած «Անկախության ճանապարհին» ցուցահանդեսը: Ոչ թե ուղղակի դիտեցի, այլ սարսռացի, տեսա ու ապրեցի անկախության ծանր ուղին, որ անցել է ինձնից մեծ սերունդը. ես փոքր էի, սովից ու ցրտից շատ բան չեմ հիշում…. Պատերազմից էլ բան չէի հասկացել, երկրաշարժին մի քանի ամսական եմ եղել…
Մանգասարյանի արած լուսանկարներն այնքան պատկերավոր էին, до боли պատկերավոր, էնպիսի կադրեր կային, որ իրոք մարդու կյանքն էին պատկերում, կյանք, որը Հայաստանում 90-ականներին դաժան է եղել: Պարզ է, թե ինչու էր դաժան, դա չի քննարկման առարկան, այլ այդ վարպետ արվեստագետն է քննարկման առարկան, ում շնորհիվ այսօր էլ կարելի է խոսուն տեսնել 90-ականների սկիզբը:

Հաջորդ ցուցահանդեսը, որ դիտել եմ ՆՓԱԿ-ում վերջերս ու հիշում եմ, «Արդյունաբերական սիմֆոնիա»ն էր: Լուսանկարչական նոր ու ոչ տարածված ձեւեր, օրիգինալ լուծումներ:

Բոլորովին վերջերս մի հայակապ ցուցահանդես դիտեցի, որը կոչվում էր Քարի Հոգին: Էդպես էլ կար. հեղինակը, Միսակ Մաղաքյանը, հոգի էր տվել քարին, կամ էլ հանել էր քարի հոգին ու դրել էր աչքիս առաջ:

Քարեր շատ եմ սիրում, գետերի ափերից միշտ հավաքում եմ, հետս տուն բերում Բավականին քարեր ունեմ տանը: Ու ցուցասրահում քարի (ու ոչ միայն քարի, այլ նաեւ հողի) հետ հանդիպումը շատ հաճելի էր: Երեւանյան փոշոտ, անկենդան իրականությունից հետո մի փոքրիկ բնության հետ հանդիպում կազմակերպելն իրոք որ բարի գործ է J
Հեղինակը խոսել էր քարերի հետ, հարցեր տվել, պատասխաններ ստացել կամ չստացել, չգիտեմ, բայց այստեղ հարաբերություն կար բնության ու մարդու միջեւ…Էլ ուրիշ որտեղ, եթե ոչ ՆՓԱԿ-ում պիտի լիներ այս ցուցադրությունը: Էլ ո՞վ թույլ կտար հող լցնել իրենց ցուցասրահում J

Դե, մեկ էլ այսօրվա ցուցահանդեսը, որը ներկայացնում է Իրանի ժամանակակից մշակույթը: Անկեղծ ասած, այս ցուցահնդեսի միջոցով նոր Իրան տեսա, որը չէր համապատասխանում իմ ունեցած պատկերացումներին այս երկրի մասին: Իրանի մասին կարդում եմ հիմնականում ամերիկյան մամուլից, որտեղ խոսվում է միայն Իրանի հանդեպ կիառվելիք պատժամիջոցներից, իսկ իրանական ինձ հասանելի (անգլալեզու) մամուլը հիմնականում ասում է, որ Արեւմուտքը «բո-բո» է, եւ իրենք այնքան ուժ ունեն, որ կդիմակայեն այդ բո-բոյին:

Այսօր ՆՓԱԿ-ում տեսա Իրան, որը նավթի ու քաղաքականության հետ կապ չուներ, որը մարդկային էր, գունավոր ու ինձ մոտ ու հասկանալի… Աշխատանքները հիմնականում գրաֆիկական են: Նշեմ հեղինակներից մի քանիսի անունները. Ազարնուշ Էբրահիմի, Ջամշիդ Լեյսի, Ռուզբեհ Մաշհադի Զադեհ….Հատկապես տպավորիչ էր Ալի Անսարիի աշխատանքը: Ի դեպ, Ալին 2002-2012 ապրել եւ ստեղծագործել է Հայաստանում, ՆՓԱԿ-ում:  Այս ցուցադրությունը կտեւի մինչեւ մարտի 31-ը:

Շուտով ՆՓԱԿ-ում կսկսվի «Մեկ կադր, մեկ րոպե» կինոփառատոնը, դե իսկ աշնանն էլ «Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոնը կդիտենք: Հատկապես այս վերջինին անդրադարձել եմ ու քննադատաբար, բայց դե դա կապ չունի, սիրում եմ ՆՓԱԿ-ը` խենթ ու խելառ, օրիգինալ, իր դեմքով, իր ձեւով…. J

Комментариев нет:

Отправить комментарий