четверг, 19 ноября 2015 г.

Իմ տեսած Ուրիշ Ստեփանակերտը․ մի քանի տող Ֆասոնի համերգի մասին

Ասում են՝ Վանաձորը Հայաստանում ռոքի մայրաքաղաքն է։ Ու ճիշտ են ասում։ Ով ապրել է Վանաձորում, պետք է հիշի վանաձորյան ռոք երաժիշտներին ու ռոք խմբերը, ռոք համերգները։ Ես մեծացել եմ Վանաձորում։ Երբ դպրոցական էի, մեր ռոք խմբերը հաճախ էին համերգներ կազմակերպում, հիմնականում՝ Տիկնիկային թատրոնի դահլիճում։ Ու ես հիշում եմ այդ համերգների մթնոլորտը, որում մենք մեծացանք ու ձեւավորվեցինք։ Հիշում եմ, որ «Լավ էլի»֊ին, «ՓՈՒՇ»֊ին, «Որդան կարմիր»֊ին զուգահեռ ու նրանց շնորհիվ սկսեցինք Սպլին, Би 2, Զեմֆիրա, Ցոյ, SOAD լսել, սկսեցինք Կամյու ու Դոստոեւսկի կարդալ, սկսեցինք կարգին կինոներ նայել․․․

Սկսեցինք զարգանալ ու դառնալ նա, ով այսօր դարձել ենք։ Առանց ռոքի Վանաձորն ուրիշ կլիներ, մենք ուրիշ կլինեինք, ես ուրիշ կլինեի։

Վանաձորյան ռոք միջավայրը ազատության, մաքուր օդի խորհրդանիշն էր, միջավայր, որ ասում էր՝ դու կարող ես, դու պիտի առաջ գնաս, երաժշտություն, որ խոսում էր ինձ հետ ու ասում՝ դու մենակ չես։ 
Երաժշտություն, որ ապրելակերպ ու մտածողություն էր ձեւավորում, որ լցնում էր միտքդ ու սիրտդ։ Որ արժեքներ էր քարոզում, որ ասում էր՝ մի վախեցիր սիրելուց, մի վախեցիր ապրելուց։



Երեկ Ստեփանակերտում ռեպեր Ֆասոնի համերգն էր։ Երեկ ես տեսա ուրիշ Ստեփանակերտ ու ուրիշ ստեփանակերտցի, քան մինչ այդ էի տեսել։ Երեկ ես տեսա շատ սիրուն, շատ ճաշակով հագնված երիտասարդ աղջիկների, ովքեր ի սրտե ու ազատորեն ուրախանում էին համերգին, տեսա դեռահասներ, որ ռեպ են սիրում, լսում, իրենք են կարդում, էրեխեք, որ անգիր գիտեն իրենց սիրած երգերն ու չեն ամաչում դա կատարել։ Երեկ ես տեսա ապրող Ստեփանակերտ, տեսա հավեսով մարդկանց։ Ու շատ ուրախացա։ Ու շնորհակալություն ռեպերին, որ կարողացավ այդ միջավայրը ստեղծել, որ իր անկեղծ երգերով վարակեց դահլիճին, որ, համոզված եմ, էրեխեքին ասաց՝ դու մենակ չես, տես, ես խոսում եմ այն մասին, ինչը հենց քե՛զ է հուզում։
Ուրախ եմ, որ երեկ երեկոյան Ստեփանակերտն ավելի գունավոր ու կրեատիվ էր, ուրախ եմ, որ Ստեփանակերտում այդքան հավեսով երիտասարդներ կան․ նրանք ստեղծագործող ու ազատ սերունդ են դաստիարակելու։

Հ․Գ․ Ու շատ հաճելի է, որ Ֆասոնը Քարվաճառից է։ Հույս ունեմ՝ առաջիկայում հետը կզրուցեմ ու նյութ կպատրաստեմ․ արդեն հարցեր ունեմ իրեն։


Թամարա Գրիգորյան

воскресенье, 20 сентября 2015 г.

Իմ արտագաղթած դասընկերը․ անկախության մեր գինը

Իմ դասընկեր Հայկը փոքրամարմին էր ու շիկահեր, կամ էլ ընդհանրապես այդպիսին չէր, բայց ես նրան հենց այդպես եմ հիշում։ Հայկի հետ կապված շատ հիշողություններ չկան․ միակ հիշարժան բանն այն է, որ մի քանի տարի շարունակ Հայկն ամեն սեպտեմբերի մեկին գալիս֊ասում էր՝ «Ես էս տարի դասագրքեր չեմ վերցնում, մի քանի օր եմ դասի գալու, հետո մենք գնալու ենք Ռուսաստան»։ Ու մի քանի տարի շարունակ մենք տեսնում էինք, թե ինչպես է Հայկն ամբողջ տարին գալիս դպրոց․ սեպտեմբերի կեսին նրա մայրիկը, նիհար ու շիկահեր մի կին, գալիս էր ու ինքն էր դասագրքերը վերցնում։ Ու ամեն տարի մենք ծիծաղում էինք Հայկի վրա՝ հը, բա չե՞ք գնում Ռուսաստան։ Ծիծաղում էինք ու այդ ժամանակ ոչ մեկս չէր գիտակցում, որ Հայկի՝ Ռուսաստան գնալը նաեւ մեր ցավն էր, նաեւ մեր՝ Հայաստանում մնացողներիս կորուստը։ Հայկն էլ տխրում էր, նեղվում, որ էլի ստիպված է մնալ, ու երեւի թե ատում Հայաստանն էլ, Վանաձորն էլ, մեր դպրոցն էլ։ Մի տարի էլ, արդեն սովորականի նման, տարվա սկզբին Հայկը նույնն բան ասաց, ու մենք, բնականաբար, էլի ծիծաղեցինք։ Ու չնայած էլ ոչ մի կերպ չէինք հավատում, բայց այդ տարի Հայկենք՝ ինքը, մայրիկն ու եղբայրը, իրոք գնացին Ռուսաստան, իրենց հայրիկի մոտ։
Ու Հայկի ընտանիքի նման քանի՜֊քանի՜ ընտանիքներ այդ տարիներին գնացին արտերկիր՝ անկախացած Հայաստանն առանց իրենց թողնելով։
Էլ չգիտեմ, թե Հայկն ինչ եղավ, չգիտեմ՝ հիշու՞մ է մեր՝ իր վանաձորյան դասընկերների մասին։ Միգուցե Հայկի հայրիկի գործերն արտերկրում չեն հաջողվել, ու նրանք ընտանիքով հետ են եկել, ու Հայկն ու իր եղբայրն իմ եղբոր պես ծառայել են հայոց բանակում։ Հնարավոր է նաեւ, որ Հայկն արդեն կիսառուս երեխաներ ունի, չգիտեմ։
Հայկն այն տարիներին գնաց նոր, անծանոթ ու հեռու մի տեղ, իսկ մենք մնացինք մեր քաղաքում, մնացինք անտառից քարշ տված մի քանի ծառի ճյուղի, դպրոց բերած կտրատած փայտի, անընդհատ ծուխ անող ու համարյա չտաքացող վառարանի, մոմի լույսի ու տալոնով հացի հետ։ Մնացինք մարտի 8֊ին մայրիկին նվիրած մեր ձեռքով քաղած ձնծաղիկի համար, այն ուսուցիչների համար, որ տեսնելով, թե ոնց ենք մրսում, մեզ հավաքում էին վառարանի շուրջն ու էդպես էին դաս անում․․․
Մնացինք, որ այսօր ունենանք 24 տարեկան անկախ Հայաստան, հայոց միջնաբերդ Քարվաճառ, Արցախի կյանքի ճանապարհ Քաշաթաղ, մնացինք, որ ունենանք ազատագրված հողում ծնված մանուկներ, Դադիվանքում մկրտվող երեխաներ, մնացինք, որ Շուշիի Ամենափրկիչում մոմ վառող լինի, որ սարերը մեր չմնան անտեր։ Մնացինք, որ Վարդանի ու Մոնթեի, Պետոյի ու Թաթուլի, Գագոյի ու Կարոտի ձեռք բերած անկախությունը չմնա անտեր։ Ու անտեր չի՛։
Ի՞նչ իմանաս՝ միգուցե Հայկի ու բազմաթիվ հայկերի երեխաներ մի օր կգան՝ տեր կանգնելու իրենց անկախությանը․․․

пятница, 16 января 2015 г.

Ռեմբրանդտը մահացավ միայնության մեջ` իր գործերը թողնելով միլիոնավոր մարդկանց

Ռեմբրանդտը վախճանվեց 1669 թվականի հոկտեմբերի 8-ին, մենակության մեջ, մոռացված, թողնելով ձեղնահարկի իր կիսախավար սենյակում մի քանի կտավ, վրձիններ, ներկեր:

Սակայն, հակառակ նրա անձնական կյանքի ողբերգական վախճանին, հակառակ իր ժամանակի արիստոկրատացած բուրժուազիայի` դեպի նրա արվեստը ցուցաբերած բացասական վերաբերմունքին, այնուամենայնիվ, նրա նշանակությունը համաշխարհային արվեստում հսկայական է: Նա թողել է երեք հազարից ավելի աշխատանք, որոնք վաղուց ի վեր մտել են դասական արվեստի ոսկե ֆոնդը:

Իր հանճարով վեր խոյանալով 17-րդ դարի հոլանդական բուրժուական արվեստի սահմանափակ, նեղ շրջանակներից, իր դեմոկրատական արվեստով հակադրվելով արիստոկրատական արվեստին, նա թեպետ մերժվեց բուրժուազիայի կողմից, բայց մնաց պատմության մեջ որպես ոչ միայն Հոլանդիայի, այլեւ համաշխարհային արվեստի լավագույն դասականը:

Ռեմբրանտը մտել է ընդհանուր արվեստի պատմության մեջ որպես մեծագույն դրամատիկական հանճար, որպես իր եւ նախորդ ժամանակների ամենադեմոկրատ ռեալիստ նկարիչը, որի ռեալիզմն իր լայնատարած կենսունակ արմատներով տարածվում է մինչեւ 20-րդ դարը: Ռեմբրանդտի արվեստն իսկական լայն գնահատում է ստացել միայն 19-րդ դարից: Այսօր նրա անմահ արվեստի հմայքը տարածվել է ամբողջ աշխարհում` բարձր գնահատման արժանանալով առաջավոր մարդկության կողմից: Իսկ նրա գնահատության լավագույն գրավականն այն արժանահատույց վերաբերմունքն է, որը ցույց տվեց Խաղաղության Համաշխարհային Խորհուրդը 1956 թվականի հուլիսի 15-ին ամբողջ աշխարհում` մեծ հանդիսավորությամբ նշելով հանճարեղ նկարիչ-հումանիստի ծննդյան 350-ամյակը: Առաջավոր մարդկությունը դեռ երկար դարեր, քանի գոյություն ունեն Ռեմբրանդտի անմահ ստեղծագործությունները, բարձր է գնահատելու եւ սովորելու դրանցից` որպես համաշխարհային արվեստի գլուխգործոցներ:

Ե. Մարտիկյան, «Ռեմբրանդտ», Երեւան, 1959, էջ 60 

четверг, 18 декабря 2014 г.

Թե ինչպես հոլանդացիների հետնորդները քավեցին իրենց նախնիների մեղքը Ռեմբրանդտի առաջ

Ռեմբրանդտի կյանքում ճակատագրական մեծ դեր է խաղացել մի նկար` «Գիշերային դետք» անունով: Ամստերդամի զանազան ընկերությունների շրջանում սովորություն կար տեղական նկարիչներին պատվիրել տալ իրենց անդամների խմբանկարը. դա կատարվում էր որոշ ավանդությամբ: Կենտրոնում, առաջին շարքի վրա պատկերվում էին ընկերության ղեկավար անդամները, ապա, ըստ դիրքի ու կարողության, նրանց շուրջ էին տեղավորվում մյուսները: 1642 թվականին, Ամստերդամի հրաձգային վաշտի կապիտան Ֆրանց Բաննինգ Կոկը Ռեմբրանդտին պատվիրում է իր վաշտի հրաձիգների խմբանկարը: Ըստ պայմանի, նկարում պետք է պատկերվեին տասնյոթ հրաձիգ, որոնցից յուրաքանչյուրը նկարչին վճարում է հարյուր գուլդեն: 

Փոխանակ գոյություն ունեցող ավանդույթով պատկերելու իր պատվիրատուներին` Ռեմբրանդտը կատարյալ ազատություն է տալիս իր երեւակայությանը, նկարում տեղավորելով երեսուն մարդ, տասնյոթի փոխարեն եւ դուրս բերում նրանց գիշերային երթի: Էապես դա դառնում է ոչ թե խմբանկար, այլ սյուժետային նկար, որի գործող անձերն ազատ դասավորությամբ ցրված են պատկերի զանազան մասերում եւ նմանողությամբ ոչ մի կապ չունեն պատվիրատուների հետ: Այդ նկարը բուռն զայրույթ է առաջացնում հրաձիգների մեջ, նրանք հրաժարվում են նկարից եւ ետ պահանջում վճարած գումարը: 
Այդպիսով, մոտավորապես տասնհինգ տարվա ստեղծագործական հաջողությունից հետո, առաջին անգամ ճեղքվածք է առաջանում Ռեմբրանդտի եւ պատվիրատուների միջեւ, որը եւ անվստահություն է սերմանում բուրժուական շրջաններում` դժվարացնելով պատվեր ստանալու գործը: Իր բովանդակությամբ այդ խմբանկարը շատ հետաքրքիր մտաղհացում ունի, բավական դինամիկ է կոմպոզիցիայով, թեպետ շատ էլ մուգ է` կոլորիտով:

Սակայն ուշագրավ է, որ այդ նկարի անհաջողությունից մոտավորապես երեք հարյուր տարի անց, 1956 թ. նույն Ամստերդամում կազմակերպվել է մի հետաքրքիր արարողություն` կապված այդ նկարի բետ: Գրում են, որ «մի խումբ մարդիկ, հին զգեստներով, արկեբուզներով ու նիզակներով զինված, հանդիսավոր երթով անցել են քաղաքի փողոցներով եւ կանգ առել «Կլոնեվիրսդուրեն» հին շենքի առաջ: Այստեղ խումբը վայրկենապես շարվում է, եւ հիացած դիտորդները տեսնում են նետաձիգների վաշտի դետքի դուրս գալու կենդանի պատկերը: Զգեստներն ամենայն մանրամասնությամբ կրկնել են նշանավոր պատկերը, եւ նույնիսկ սպիտակ հագած աղջիկը` Հոլանդիայի հաղթանակի սիմվոլը, եղել է նրանց մեջ: Այսպես, Բաննինգ Կոկի հեռավոր հետնորդները քավել են իրենց նախորդների մեղքը»: (Մեջբերումը` ըստ Լ. Վոլինսկու):

Ե. Մարտիկյան, «Ռեմբրանդտ», Երեւան, 1959, էջ 29-30

понедельник, 15 декабря 2014 г.

Ռեմբրանդտի «Դանայա»-ն

Թե ինչպես են դիցաբանական թեմաները Ռեմբրանդտի ստեղծագործությամբ վերածվում երկրային իրական գործողությունների` կարելի է օրինակ բերել «Դանայան»,  նրա հանճարեղ ստեղծագործողություններից մեկը: Պատկերը թեպետ կոչվում է Դանայա, բայց դրա սյուժետը մինչեւ օրս ճշտորեն չի պարզված: Գիտնականներից ոմանք կարծում են, թե դա Վեներան է` սիրո եւ գեղեցկության անտիկ աստվածուհին, որն իր մահճում սպասում է Մարսին` պատերազմի աստծուն, ոմանք ենթադրում են, թե դա Աստվածաշնչի հերոսներից է` Սառան, որն սպասում է իր ամուսնուն` Թոբիասին:

Դանայայի մասին առասպելն ասում է, որ նա Արգոսի թագավոր Ակրիզիոսի աղջիկն է:

Ակրիզիոսին գուշակված է եղել, թե նա կարող է մեռնել իր թոռի ձեռքով, դրա համար էլ նա իր աղջկան բանտարկում է եւ խստորեն հսկում, որ նա ոչ ոքի հետ շփում չունենա: Չնայած այդպիսի մեկուսացման ու խիստ հսկողության, Զեւսը, հրապուրվելով աղջկա գեղեցկությամբ, այնուամենայնիվ, թափանցում է նրա մոտ ոսկյա անձրեւի տեսքով եւ կենակցում նրա հետ: Իտալական Վերածնության շրջանի մի քանի նկարիչների մոտ առասպելը հիշյալ բովանդակությամբ էլ պատկերված է:

Ռեմբրանդտը շեղվում է ե´ւ առասպելից, ե´ւ Վերածնության նկարիչների ավանդական մեկնաբանումից: Նա ոսկե անձրեւը փոխարինում է լույսով, առասպելական աստվածուհուն փոխարինում է Սասկիան (նկարչի կինը), իր հրապուրիչ, կենսաթրթիռ մերկությամբ, «առասպելական» լույսով, ողողված, փափուկ մահճում պառկած, Զեւսին սպասելիս: Մահճի ետեւը աղախինն է բաց արել թանձր վարագույրները, որտեղից էլ ներս թափանցել լույսը: Դանայան ձեռքի շարժումով կարծեք թե ներս է հրավիրում ինչ-որ մեկին: Պառկած քանդակազարդ բրոնզյա մահճակալի վրա, հարուստ միջավայրի մեջ, ոսկեկար ծանր վարագույրների ու այլ առարկաների շրջապատում Դանայայի մերկությունը դիտվում է կանացիության իր ամբողջ հրապույրով: Ով էլ լինի այդ առասպելական հերոսուհին, միեւնույն է` Դանայան թե Վեներան, դա կանացի մերկ մարմնի գեղեցիկի գովերգում է, կատարված պոետիկ շնչով, խոր զգացմունքով: Ռեմբրանդտի Դանայան տարբերվում է թե Վերածնության իդեալականացված Դանայաներից, թե բարոկկոյի պաթետիկ զգայականությամբ ներծծված Դայանաներից իր խոր մարդկայնությամբ: Առասպելը վերածելով կենցաղային պատկերի, Ռեմբրանտդը, այնուամենայնիվ, իր առասպելական էակին օժտել  է բարոյական մաքրությամբ:

Նկարչի գեղանկարչական հնարամտությունը այս դեպքում գերազանցում է իր նախորդ բոլոր գործերին: Նրա կախարդական ներկապնակը հանդես է եկել իր անսպառ հնարավորություններով ու փոփոխություններով: Սպիտակ անկողնի ֆոնի վրա, լույսով ողողված Դանայայի ոսկեգույն մարմինը եւ սահող լույսի ցոլքերում առաջացած բազմաթիվ երանգները ստեղծել են գրավիչ տաք կոլորիտ, լույսի ու ստվերների հակադրումներով ու մեղմ անցումներով, առասպելական հերոսուհին այդ շրջապատում փթթում է` գտնվելով երջանկության մեջ: Կարելի է հաստատապես ասել, որ ոչ մի նկարչի գործում Դանայան այդպես ոգեշնչված չէ մարդկային զգացմունքներով, այդպես կոնկրետ չէ կերպարով, այդպես զտված չէ առասպելական պայմանականությունից, այդպես շոշափելի իրականության չի վերածվել, ինչպես Ռեմբրանդտի աշխատանքում: Ահա այսպես էր նա պատկերում առասպելը, վերածելով այն կյանքի իրական պատկերի, հերոսներին օժտելով մարդկային ապրումներով:

Ե. Մարտիկյան, «Ռեմբրանդտ», Երեւան, 1959, էջ 21-22

суббота, 13 декабря 2014 г.

Կարեւորի մասին. Մոնթեի մասին

Քարվաճառի դպրոցականների հետ այսօր Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմ դիտեցինք: Ֆիլմի դիտումն տեղի ունեցավ մի դասընթացի շրջանակներում, որի միջոցով դպրոցականներին ծանոթացնում ենք Քարվաճառի պատմությանը, նշանակությանը, արցախյան գոյամարտին, Քարվաճառը վերաբնակեցնելու ու ամրացնելու անհրաժեշտությանը..

Դավիթն սկսել է երեխաներին ներկայացնել արցախյան ազատամարտի հերոսների մասին պատմող շարքը, եւ այդ շարքն սկսվեց Մոնթեի մասին ֆիլմի դիտումով: Երեխաները տեսան ու հասկացան, որ Մոնթեն կարող էր Օքսֆորդի համալսարանում սովորել, հայտնի գիտնական դառնալ...բայց նա, ծնունդով ԱՄՆ-ից լինելով, արյամբ հայ էր, ու եկավ իր հայրենիքի կանչով, եկավ գիտակցված, եկավ` իմանալով, թե ինչու է գալիս...

Քարվաճառցի դպրոցականները տեսան, թե ինչպես է ազատագրվել Քարվաճառը եւ թե որքան կարեւոր է այն` Մայր Հայաստանն ու Արցախը իրար կապելու համար:

Ֆիլմը դիտողների մեջ կային դպրոցականներ, ում ծնողները հայրենիք են կորցրել Հյուսիսային Արցախում, եւ ովքեր այսօր Մոնթեի ու մյուս հերոս տղերքի շնորհիվ խաղաղ երկնքի տակ են Քարվաճառում...

Ֆիլմի դիտումից հետո երեխաներին հարցրի. «Պետք է, չէ՞, ապրել, Մոնթեի ազատագրած Քարվաճառում»: «Հա~~~», իսկապես համոզված պատասխանեցին Քարվաճառի մերօրյա տերերը:

воскресенье, 23 ноября 2014 г.

Տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններն ու վտանգները. քննարկում Քարվաճառում

Նոյեմբերի 23-ին Ստեփանակերտի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի աշխատակիցները հանդիպում ունեցան Շահումյանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնի երիտասարդների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Քարվաճառի միջնակարգ դպրոցում: Քննարկվող հիմնական թեման տեղեկատվական անվտանգությունն էր սոցիալական ցանցերում: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գրիգորյանն իր խոսքում ընդգծեց, որ նման հանդիպումներ կազմակերպվում են Արցախի տարբեր շրջաններում: «Բոլորս էլ գիտենք, որ պատերազմը չի ավարտվել, եւ առավել ակտիվ է ծավալվում հենց տեղեկատվական դաշտում, ուստի տեղեկատվական անվտանգության հիմունքներին տեղյակ լինելը կարեւոր է յուրաքանչյուրիս համար», խոսելով հանդիպման նպատակներից` ընդգծեց Վլադիրմիր Գրիգորյանը:

Նա նշեց, որ Արցախի բնակիչներից դեպի արտաքին աշխարհ գնացող տեղեկատվությունը շատ կարեւոր է, եւ կոչ արեց երիտասարդներին ակտիվ լինել: «Դուք ապրում եք պատմական հայկական հողում, Քարվաճառում, հաճախ լուսանկարեք տեղի խաչքարերը, կամուրջները, եկեղեցիները եւ տեղադրեք դրանք համացանցում: Այդ տեղեկությունները մեկ անգամ եւս կհամոզեն աշխարհին, որ Քարվաճառը հայկական հող է, եւ իմացեք, որ հաճախ մարդիկ ավելի շատ հավատում են ոչ պաշտոնական, սովորական օգտատերերի տարածած տեղեկություններին», ասաց բանախոսը:
Խոսելով համացանցի օգտակար գործառույթներից, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի ղեկավարն ընդգծեց, որ համացանցի միջոցով կարելի է բազմաթիվ ծրագրեր իրականություն դարձնել, համախոհներ ու աջակիցներ գտնել:

Դասախոսությանը հաջորդեց քննարկում, հնչեցին տարբեր հարցեր: Բանախոսը նաեւ գործնական օրինակների վրա ցույց տվեց, թե ինչպես է պետք ընտրել տեղեկատվական աղբյուրները, որ աղբյուրներն են արժանահավատ եւ որոնք են տարածում ապատեղեկատվություն:

Մեզ հետ զրույցում Վլադիմիր Գրիգորյանն ընդգծեց, որ նմանատիպ հանդիպումներ կազմակերպվում են 2011 թ.-ից եւ մեկնարկն էլ տրվել է հենց Քարվաճառից:

«Բացի Քարվաճառը, եղել ենք մի շարք այլ շրջաններում եւս, մասնավորապես, Բերձորում, Ասկերանում, Շուշիում, Մարտունիում, Մարտակերտում, ինչպես նաեւ այցելել ենք մի շարք գյուղեր: Հաշվի ենք առնում, որ խնդիրները շատ են, անելիքները շատ են, եւ թեման էլ շատ կարեւոր է:  Լինելով տարբեր համայնքներում` ցավով պետք է ասեմ, որ մարդիկ հաճախ չեն տեսնում խնդիրները եւ ըստ այդմ համարում են, որ խնդիր պարզապես չկա», խոսելով հասարակության հետաքրքրվածության մասին` ընդգծեց մեր զրուցակիցը: «Սեմինարներից հետո մենք համացանցում որոշակի ակտիվություն ենք տեսնում տվյալ համայքնի կողմից, եւ մենք հասկանում ենք, որ հանդիպումները պետք է շարունակական լինեն` առավել արդյունքի հասնելու համար», ամփոփեց Վլադիմիր Գրիգորյանը:


Թամարա Գրիգորյան