Երկու օր առաջ Երեւանից գնում էի Վանաձոր, հայրենի քաղաքս: Գնում էի
երթուղային տաքսիով: Նույն փոխադրամիջոցի մեջ էին նաեւ երկու պատանի: Ինչպես շատ
արագ իմացա իրենց հեռախոսազրույցներից, նրանք եկել էին Երեւան բուժստուգման ու
հիմա հետ էին վերադառնում:
Նստեցին երկուսով վերջին նստարանին ու ինչ-որ տհաճ երաժշտություն են
միացրել ու լսում են բարձր: Էսպես կոչված блатной երգեր են լսում: Հա, իրենց գործն
է, ինչ ուզում են, թող լսեն, բայց ականջակալով գոնե: Խնդրեցի, որ անջատեն բարձր
երաժշտությունը, քանի որ երթուղայինում միացրած ռադիոյի հետ մի անտանելի աղմուկ էր
տրանսպորտում: Էս երկուսն ինձ առաջարկեցին նույն բանը խնդրել վարորդին, քանի որ
իրենք չեն պատրաստվում անջատել երաժշտություն կոչվածը: Ես, բնական է, չշարունակեցի
տհաճ խոսակցությունը: Դիմացս հայրիկիս տարիքի մի մարդ էր նստած: Նա շրջվեց,
նախազգուշական հայացքով նայեց տղաներին: Այդ հայացքը, բնական է, նրանց ոչինչ
չասաց: Այս մարդու զգուշացումից հետո մի կերպ անջատեցին երաժշտությունը: Բայց
դրանով մեր հերոսները չավարտեցին իրենց ելույթը: Մինչեւ ճանապարհի վերջը ցույց
տվին իրենց անդաստիարակությունն ու տգիտությունը: Բարձր հռհռում էին, ամբողջ
ճանապարհին հեռախոսով անիմաստ ու բարձր խոսում էին, հնարավոր ու անհնար բոլոր
ընկերներին զանգեցին ու իրենց տարիքի համար ակտուալ բառապաշարով խոսեցին նրանց
հետ, պատմեցին իրենց քաջագործություններից, որ արել էին Երեւանում, մայրիկին
ճանապարհից խաբեցին` ասելով, որ դեռ «Հանրապետական հիվանդանոցում են, էգուց են
գալու Կիրովական»: Մի խոսքով, մինչեւ երթուղայինից իջնելը բոլոր ուղեւորներին
անհանգստություն էին պատճառում:
Ու իրենք վաղը-մյուս օրը գնալու են բանակ: Հիմա ո՞վ է մեղավոր, որ իրենք
անդաստիարակ ու անկիրթ են, հանրության մեջ իրենց պահել, մարդկանց հետ շփման ձեւ
չգիտեն: Ես պատկերացրի, որ եթե երթուղայինում հետս ընկերս կամ եղբայրս լինեին,
հաստատ այս պատանիների հետ կոնֆլիկտ էր լինելու. տղաները միմյանց այսօրինակ
պահվածքը տանել չեն կարողանում ու ավելի կտրուկ են արձագանքում: Ու իրենք շուտով
գնալու են բանակ ու հանդիպելու են իրենց նման, իրենցից մի քիչ էլ անկիրթ, իրենցից
մի քիչ ավելի կիրթ, բայց տաքարյուն երիտասարդներին:
Այս պատանիների դաստիարակության ու անդաստիարակության մեջ դեռեւս մեծ դեր
են ունեցել նրանց ընտանիքն ու դպրոցը: Սակայն այս երկու կարեւորագույն կառույցները
կամ առանձնապես ջանքեր չեն թափել` արդյունքի հասնելու համար, կամ էլ ուղղակի չեն
հաջողվել իրենց առաքելության մեջ: Հիմա նրանք բանակ են գնում, ու
պատասխանատվությունն անցնում է ՊՆ-ին: ՊՆ-ն եւս պետք է ջանքեր թափի, բայց նրա
ձախողումը, Աստված մի արասցե, կարող է եւ ճակատագրական լինել: