вторник, 18 сентября 2012 г.

Նրանք չեն ծերանա


Այս ամառ սիրելիիս հետ հյուրընկալվեցինք Քարվաճառում: Այնտեղ անցկացրած ժամանակ մեկ օրը նվիրեցինք դեպի Գանձասար ուղեւորությանը: Չքնաղագույն Գանձասար հասնելը Քարվաճառից մի քիչ բարդ է, եթե սեփական մեքենա չունես:
Պետք է առավոտյան վաղ արթնանաս, Ստեփանակերտ տանող ավտոբուսով հասնես Գանձասարի խաչմերուկ, իսկ այնտեղից արդեն մոտավորապես 15-20 կմ ճանապարհ կանցնես այնպես, ինչպես բախտդ կբերի: Մեր բախտը լավ էլ բերեց. մի քանի կմ էինք հասցրել քայլել, երբ ստեփանակերտցի մի բարի ընտանիք մեզ վերցրեց՝ իրենց մեքենայով Գանձասար հասցնելու:
Հրաշալի Գանձասարի բառերով աննկարագրելի գեղեցիկ տեսարանը վայելելուց հետո մի խումբ սփյուռքահայերի հետ իջանք Վանք գյուղ: Այստեղ մի քիչ շրջելուց հետո ճանապարհ ընկանք դեպի նույն խաչմերուկը, որպեսզի Ստեփանակերտի ավտոբուսով վերադառնանք Քարվաճառ: Որոշեցինք ճանապարհին մեքենա կանգնեցնենք եւ քայլելով հասնենք խաչմերուկ, քանի որ շատ ժամանակ ունեինք:
Մի քանի կմ էինք քայլել, երբ մի մեքենա կանգնեց մեր մոտ: Դե, քանի որ կանգնել էր, մոտեցանք: Միջին տարիքի ամուսիններ էին՝ Հայկն ու Վարդուհին: Տիկինն ուսուցչուհի էր, երկուսն էլ՝ շփվող ու հաճելի անձնավորություններ:
Շուտով զրույցի ընթացքում պարզվեց, որ նրանք էլ են Քարվաճառ գնում, եւ մեզ հասցրին ոչ թե մինչեւ խաչմերուկ, այլ մինչեւ Քարվաճառ:
Յուրահատուկ ու օրինակելի զույգ էին: Արձակուրդն անցկացնում էին Հայաստանում ճամփորդելով:
«Եկանք Ջերմուկ, հետո որոշեցինք Գորիս գնալ, այնտեղից՝ Շուշի, հետո էլ՝ Գանձասար, հա, ընթացքում էլ Ստեփանակերտ էլ մտանք: Հիմա էլ որոշեցինք Քարվաճառ գնանք», պատմեց տիկին Վարդուհին:
Երեխաներն ամուսնացել են, հիմա էլ վայելում են իրենց տարիների վաստակը: Իրենց մեքենայով ճամփորդում են. եղել են Հայաստանի գրեթե ամեն մի անկյունում: Իրենց հետ ամեն մի անհրաժեշտ իր ունեին. վրան, սպասք, փոքրիկ գազօջախ, փոքրիկ սեղան-աթոռ:
Քարվաճառը միակ տեղն էր, որտեղ ամուսինը եղել էր առանց կնոջ. շատ էր հավանել, հիմա էլ տիկնոջն էր տանում ցույց տալու: Այնտեղ ծանոթ ունեին, բայց չէին զանգելու, պիտի գնային գետի ափին, տաք ջրի մոտ վրան խփեին: Ու այդպես գիշերել են ողջ Հայաստանում: Իրենք երկուսն էլ 60-ն անց էին, բայց կյանքը, հայրենիքի, բնության ու մարդկանց հանդեպ սերը եռում էր մեջները: Ասում են՝ մենք չենք ծերանում, դեռ այնքան տեղեր ունենք գնալու: «Ամբողջ տարվա համար բավական է այս մի ամսվա հավաքած էներգիան:

Էրեխեք ջան, կարեւորը՝ իրար շատ սիրեք ու երջանիկ եղեք: Կարեւորը՝ մի խելքի եք», բարեմաղթեցին մեզ հրաժեշտից առաջ՝ մի քանի ժամվա մեջ ցույց տալով ստացված կյանքի ու ամուսնության լավագույն օրինակ:
Այսպիսի ընտանիքներ մեր հասարակությանը շատ են անհրաժեշտ:    

Комментариев нет:

Отправить комментарий