Այս տարի արցախյան ամառային ճամփորդության
ընթացքում այցելեցինք չքնաղագույն Գանձասար: Եկեղեցով ու շրջակա աննման բնությամբ
բավականին զմայլվելուց հետո մենք եւս, ինչպես թերեւս բոլոր զբոսաշրջիկները, իջանք
Վանք գյուղ: Գանձասարի շնորհիվ այս գյուղը շատ աշխույժ է եւ անընդհատ հյուրեր է
ընդունում: Վանք գյուղում ծնված մեծահարուստ Լեւոն Հայրապետյանը, ով այժմ գյուղում
չի բնակվում, այնտեղ հյուրանոցներ է կառուցել, բարեկարգել դպրոցը, մանկապարտեզը…
Գանձասարում ու Վանք գյուղում անցած տարի ամռանն
էլ էի եղել ու տարածքին քիչ թե շատ ծանոթ
լինելով՝ ես էի առաջնորդում սիրելիիս գյուղում: Մանկապարտեզ-գյուղապետարանը
(չեմ սրամտում, գյուղի գյուղապետարանն ու մանկապարտեզը միեւնույն շենքում են),
դպրոցը, ազատամարտիկներին նվիրված պուրակը դիտելուց հետո որոշեցինք այցելել նաեւ
կենդանաբականակ այգի: Նախորդ այցելությանս ժամանակ այնտեղ չէի եղել (թե չէ այս
անգամ հաստատ էլ չէինք գնա), ու կենդանաբանական այգու գոյության մասին պատմող մեծ
ցուցանակը տեղադրված էր գյուղի կենտրոնում:
Մի խոսքով 350 դրամ արժողությամբ տոմս գնեցինք ու
ներս մտանք: Տարածքն առհասարակ մի տեսակ թափթփված էր, ու պիտի բավականին առաջ
շարժվեինք, որպեսզի տեսնեինք «կենդանականական այգի» անվանումն արդարացնող որեւէ
երեւույթ: Առաջինը, որ հանդիպեցին, հավի տիպի, բայց քիչ ավելի փոքր թռչուններ էին:
Այնուհետեւ մի վանդակի մեջ ոզնի էր ու թռչնի ինչ-որ մի տեսակ, կարծեմ բու:
Ամենասարսափելին սակայն, դեռ առջեւում էր: Խիստ
անմխիթար էր արջի ու երկու առյուծների դրությունը: Իրենց չափերին անհամեմատ փոքր
վանդակում նրանք ուղղակի տանջահար էին: Իսկ գարշահոտը….դա բառերով կամ
լուսանկարով, իհարկե, փոխանցել չի կարելի, միայն ասեմ, որ ես մի կերպ խեղդվելով
հասցրի դուրս վազել տարածքից:
Բացի խեղճ առյուծներից ու արջից, այստեղ պահվում էին
նաեւ գայլ, լուսան: «Սիրամարգ» նշումով վանդակում այլ թռչուններ էին: Սաստիկ
գարշահոտի պատճառով մնացած կենդանիներին լավ ուսումնասիրել չկարողացա, բայց նրանք
բոլորն էլ անմաքուր էին ու խիստ փոքր վանդակներում:
Զայրացա ու զարմացած, թե ինչպես կարելի է խեղճ
կենդանիներին այդպես պահել ու դեռ մի հատ էլ անունը գազանանոց դնել ու մարդկանց
վրա տոմս վաճառել, մոտեցա մի կնոջ, ով տարածքում ծաղիկներ էր մշակում: Հարցնում
եմ՝ այս գազանանոցը տնօրեն ունի՞, ասում է այո՝ Գուրգեն Վլադիմիրովիչը, ու ցույց է
տալիս մի հեռացող մեքենա, որի մեջ էր նաեւ Գուրգեն Վլադիմիրովիչը: Կարելի է
ենթադրել, որ վերջինս Լեւոն Հայրապետյանի եղբոր՝ Վլադիմիր Հայրապետյանի որդին է. վերջինս Վանքում վերահսկում է Լ. Հայրապետյանի հիմնած հյուրանոցներին:
Ասում եմ՝ բա ինչու՞ է այսպես գարշահոտ, ասում է՝
երեւի խոզերից է: «Իսկ շատ այցելուներ ունե՞ք», հարցնում եմ: «Հա,
շատ,-պատասխանում է, ամեն օր էլ տուրիստներ են գալիս…»:
Այս խեղճ կենդանիներին իսկապես կենդանապաշտպանների
օգնությունն է պետք: Եթե ինչ-որ մեկն իսկապես ուզում է կենդանիներին օգնել եւ
հնարավորություն ունի, կարող է լրջորեն զբաղվել այս հարցով:
Комментариев нет:
Отправить комментарий