Եղբայրս ծառայել է Հայոց Բանակում: Մեկ տարուց ավել է,
որ ավարտել է ծառայությունը: Անկեղծ ասած, այնքան ուրախ եմ, որ նա ծառայել է հայոց
բանակում: Բոլորին ու ամենուր հպարտորեն ասում եմ` տա Աստված, որ ձեր հարազատներն
էլ եղբորս նման ծառայեն: Հաստատ գիտեմ, որ ինքն էլ է շատ դժվարություններ ունեցել
ծառայության ընթացքում, բայց դե նա դրանց մասին չի պատմում: Չի պատմել ծառայության
ընթացքում, չի պատմում նաեւ այսօր:
Երբ նոր պիտի բանակ գնար, հոգուս խորքում երազում էի, որ
չտանեն. բայց դե դա անհնար էր. եղբայրս առողջ է (փառք Աստծո), սովորում է (այն
ժամանակ էլ սովորում էր) Պոլիտեխնիկ ինստիտուտի հեռակա բաժնում, այսինքն, հաստատ
գնալու էր բանակ: Իհարկե, շատ էի ուզում, որ պարտքը տա հայրենիքին, պատվով կատարի
իր պարտքն ու տուն գա, բայց դե քույր եմ ու անհանգստանում էի, վախենում էի նաեւ
կարոտից…
Գնաց: Առաջին վեց ամիսը ծառայեց Գյումրիի ուսուցողական
զորամասում, խոհարարություն սովորեց: Ընտանիքս Վանաձորում էր ապրում, ու շատերն
ասում էին` դասավորել եք: Չէ, այ մարդ, չէինք դասավորել: Չէինք դասավորել, քանի որ
նախ, դա սխալ էինք համարում, երկրորդ, դա բավականին թանկ գործ էր, ու
ամենակարեւորը, եղբայրս շատ հանգիստ էր մոտենում ծառայությանը, նա չէր վախենում,
չէր խուսափում, շատ վստահ ու մեզ էլ էր անընդհատ խնդրում հանգիստ մնալ ու անտեղի
չանհանգստանալ:
Երբ Գյումրիում էր, կիրակի օրերը այցելում էինք նրան. մի
անգամ մայրս ու հայրս, մի անգամ` ընկերները, իսկ ավելի հաճախ` ես:
Եղբայրս լավ էր զգում իրեն, պատմում էր իր առօրյայից:
Այդ ժամանակ ես սկսեցի կամաց-կամաց հասկանալ, որ բանակն այն սարսափելի ու անորոշ
բանը, չի, որից ես, անկեղծ ասած, այնքան վախենում էի:
Հետո եղբորս տարան Արցախ, ավելի կոնկրետ` Ջրակն: Դա շատ
հեռու էր ու էլի շատ անորոշ: Սրտի դողով ամեն օր սպասում էի զանգին, երբ մի քանի
օր չէր զանգում, ինձ թվում էր` անհանգստությունից կխելագարվեմ: Ինքն էլ գիտեր, թե
ինչպես եմ անհանգստանում ու աշխատում էր հաճախ զանգել: Տրամադրությունը միշտ լավ
էր, երբեք, մի օր, մի անգամ չբողոքեց: Դե մտածում էի, որ չի ուզում, որ
անհանգստանամ:
Արդեն մի քանի ամիս ծառայել էր Ջրակնում, որ նրան
այցելեցինք: Չնայած շաաաաատ երկար գնացինք, բայց երբ եղբորս տեսա, ամեն
հոգնածություն անցավ: Եղբայրս լավ էր, իրոք լավ էր: Մեր հետ տարած ուտելիքին
առանձնապես ուշադրություն չդարձրեց. նոր էին ճաշել, ու իր ասելով` շատ լավ էին
սնվում: Աչքերում հանգստություն կար, վստահություն, տղամարդկություն ու
հպարտություն: Այդ հպարտությունն անցավ նաեւ ինձ հատկապես այն ժամանակ, երբ
ծանոթացա զորամասում աշխատող մի քանի սպաների ու այլ աշխատողների հետ: Բոլորն էլ
մի տեսակ սիրով, հոգատար, պատրաստակամ օգնելու, հատկապես խոհանոցում աշխատող
կանայք: Ինձ միանգամից ճանաչեցին. հա, դու էն նկարի աղջիկն ես, քո նկարները տեսել
ենքJ
Այդ ժամանակ ես հասկացա, որ բանակը եղբորս համար մի
ընտանիք է դարձել: Ասացի` որ զորացրվես, հաստատ կարոտելու ես զորամասդ: Հաստատ,
պատասխանեց նա: Ու դա լավ հիշելով` նրանից չէի նեղանում, երբ զորացրվելու առաջին
օրերը հեռախոսս դատարկում էր` զորամասում մնացած ընկերներին ու սպաներին զանգելով
ու երկար-բարակ հարցուփորձ անելով:
Երբ եղբորս մոտից վերադարձել էի, ով հարցնում էր, թե
ո՞նց էր նա, բոլորին ասում էի` շատ լավ: Ասում էին` բանակում շատ լավ լինու՞մ են:
Ասում էի` հա, Վովիկն իսկապես շատ լավ էր:
Հիմա այդ բանակը փոխվե՞ց այս մի տարում, թե՞ մեր բախտը
բերեց, մենք լավ բանակ տեսանք:
Ես իսկապես գիտեմ, թե ինչ է նշանակում անհանգստանալ զինվորի համար…Հաճախ գիշերները երկար չեմ քնել, մտածել եմ եղբորս մասին, պատկերացրել, որ հիմա նա զենքը ձեռքին արթուն է, որ ես այսօր այստեղ հանգիստ քնեմ…Մամայիս մտածմունքների մասին էլ չեմ ասում…
Բայց այդ ամենն անցավ ու Փառք Աստծո, ու ես հպարտ եմ, որ եղբայրս պատվով ծառայեց իր Հայրենիքին ու ետ վերադարձավ: Ցանկանում եմ բոլորին եղբորս նման ծառայություն, ցանկանում եմ մեզ հպարտություն ու հավատ ներշնչող Հայկական Բանակ: